HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի խոսքից հետո Էդուարդ Շարմազանովը ծափ տվեց

ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը Ազգային ժողովի ամբիոնից «Հովիկ Աբրահամյանի խաթր» խոսեց իր համահեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին:

Մանվել Գրգորյանը փոշմանել էր, որ ինքը չի զեկուցել օրենքի նախագծերը, քանի որ ըստ նրա' «այդպես ավելի ճիշտ կլիներ»:

«Արծվիկ ջան, նստի, մի երկու բան քո հարցերից պատասխանեմ»,- դիմելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց Մանվել Գրիգորյանը:

Ըստ Մանվել Գրիգորյանի՝ ազատամարտիկին կարգավիճակ տալիս է պաշտպանության նախարարությունը, և 85 հազար մարդ կարգավիճակ ունի: Նրանցից 35 հազարը ազատամարտիկ է, մնացածը' զինծառայող:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ շատերը կարգավիճակ չունեն այսօր և որպես ասվածի հիմնավորում պատմեց ազատամարտի տարիների մի քանի դրվագներ: Ըստ նրա՝ օր է եղել, որ անձամբ 5 ուղղաթիռ զոհ ու վիրավոր է ուղարկել Հայաստան: Շատերի հետ չեն էլ հասցրել ծանոթանալ:

«16 հոգի եղել է, որ զոհվել են ու անճանաչելի են եղել: Հենա Շմայսն (Առաքել Մովսիսյան - հեղ.) էլ վկա, ինքն էլ հետները բերել թաղել են: Ուզում եմ ասեմ, այս երկրում ամեն ինչ եղել ա, և ոնց կլինի, եթե չվստահենք ջոկատների հրամանատարներին, չվստահենք զորամասի հրամանատարներին, որ այս բաների միջով անցել են»,- պատմում էր պատգամավորը:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ ամեն ինչ բարոյական հարթության վրա է, և պետք չէ շատ հարցեր կապել գումարի հետ: Նրա խոսքով' Հայաստանի պաշտպանությունը որևէ մեկի սեփականությունը չէ, դա Հայաստանինն է: Նույն կամավորական եղել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: Մանվել Գրիգորյանի ասելով՝ կամավորականը միայն կրակող զինվորը չէ:

«Սիրելիներս, ինչ կա այս երկրում' շարժվող և անշարժ, Հայաստանինն է, ոչ մեկի սեփականությունը չի' անկախ նրանից, թե ով է: Այսօր արդեն սկսել են նեղանալ, վիրավորվել: Խնդիրը այն չի, թե այսօր ով ա նախագահ, ով նախարար, ով վարչապետ, փոխվելու են մի ամիս հետո: Տղա, աղջիկ ունեք, թշնամություն մի արեք, էգուց իրար հետ պսակելու եք, բարեկամանաք»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը:

Պատգամավորի նշած, մեկամսյա ժամկետում իշխանության փոխվելը ոգևորեց ընդդիմադիր պատգամավորներին, որոնք սկսեցին ծիծաղել:

«Գեներալ, ասացիք՝ «մեկ ամիս հետո», մարդկանց մոտ ուրախություն առաջացավ: Ժամանակի ընթացքում կփոխվեն»,- տեղից հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Մանվել Գրիգորյանն էլ խմբագրեց խոսքերը. «Մի ամիս, բայց ո՞ր տարվա, ո՞ր դարի ամիսը»: Գեներալ-պատգամավորի վերջին խոսքը շատ դուր եկավ հատկապես Էդուարդ Շարմազանովին, ով սկսեց ծափ տալ:

Հովիկ Աբրահամյանը ազդարարեց, որ Մանվել Գրիգորյանի ելույթի ժամանակը սպառվել է, սակայն վերջինս կանգ չէր առնում:

Նշենք, որ նախագծերը 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեցին առաջին ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter