HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանահինի վերականգնման համար 2013 թ. պետյուջեով հատկացվել է 22,5 մլն դրամ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Սանահինի վանական համալիրում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին ծանոթացել է համալիրում կատարված և առաջիկայում իրականացվելիք վերականգնողական աշխատանքներին:

Տ. Սարգսյանի հանձնարարականով Սանահին վանական համալիրի Սբ. Աստվածածին (10-րդ դ.) և Սբ. Ամենափրկիչ (966 թ.) եկեղեցիների հարակից նախագավիթ-տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման-ամրակայման աշխատանքները մեկնարկել են 2012 թ. երրորդ եռամսյակից:

Աշխատանքների իրականացման համար 2012 թ. պետական բյուջեով հատկացվել էր 18 մլն դրամ: Արդեն իսկ մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին 10-րդ դարի եկեղեցին, հեռացվել է պատերի բուսածածկը, ամրակայվել և վերականգնվել են պատերի ու ծածկասալերի առանձին հատվածներ:

Համալիրի վերականգնման համար 2013 թ. պետական բյուջեով հատկացվել է 22,5 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել Ս. Աստվածածին եկեղեցու նախագավթի և Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար:

Ի կատարումն Տիգրան Սարգսյանի հանձնարարականի՝ 2010-2011 թթ. ընթացքում՝ մինչ հուշարձանի ամրակայման, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, իրականացվել են պահպանվածության առումով համալիրի առավել վթարված գլխավոր, արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ:

Մասնավորապես, Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով սահմանել են հուշարձանների պատերի ձևախախտումների ու ճաքերի առաջացման պատճառները, բնույթն ու դրանց ներկա վիճակը:

Ֆրանսիացի մասնագետներն ուսումնասիրել և ներկայացրել են առաջարկներ՝ կառույցների ծածկերի ջրամեկուսացման արդի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, իսկ ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտն իրականացրել է տարածքի մասնակի պեղման ու հնագիտական հետախուզական աշխատանքներ:

Բացի դրանից՝ բացվել և ուսումնասիրվել են Սբ. Ամենափրկիչ (966 թ). համալիրի հիմքերն ու հիմնատակերը, տրվել տեղանքի ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն, ներկայացվել հուշարձանների հետագա պահպանությանը միտված արդյունավետ միջոցառումների կիրառման առաջարկություններ: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter