
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Թումանյանի տուն-թանգարան կատարած այցի շրջանակներում Դսեղում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի միջև սկսված խոսակցությունը վերածվեց վեճի: Դրա ընթացքում պարզվեց, որ նախարարը ոչ միայն տեղյակ չէր հանրապետական նշանակություն ունեցող և և իր ղեկավարած նախարարության հսկողության տակ գտնվող Դսեղի պատմամշակութային կոթողներին, այլև անտեղյակ է լրատվամիջոցների՝ իր ղեկավարած նախարարությանը վերաբերող հրապարակումներին:
Թանգարանի բակում Հասմիկ Պողոսյանին նկատելուն պես Նորիկ Քոչարյանը մոտեցավ նրան և տեղեկացրեց, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարը 18 աստճան արդեն թեքվել է իր առանցքից: Գյուղապետը հայտնեց, որ մի քանի անգամ նամակով դիմել է նախարարին , նամակներին պատասխանել է նրա տեղակալ Արևիկ Սամուելյանը. «Եվ ի՞նչ գրի, որ լավ լինի, գրում է, ասում է՝ եկեք Երևան, թողեք Ձեր գործը, գտեք մասնագետ կազմակերպություն»: «Տենց գրած չի լինի»,- գյուղապետին ընդհատեց նախարար Հասմիկ Պողոսյանը: «Կբերեմ Ձեզ կոպիան ցույց կտամ»,- ասաց Նորիկ Քոչարյանը: «Տենց գրած չի կարող լինել, որ եկեք Երևան»,- առարկեց մշակույթի նախարարը: Նորիկ Քոչարյանը երդվեց իր անցյալով: «Ու՞մ սեփականությունն է դա»,- գյուղապետին հարցրեց նախարարը: Գյուղապետը պատասխանեց , որ հուշարձանը մշակույթի նախարարության սեփականությունն է: «Թե՞ համայնքինն է»,- իր հերթին հարցրեց նախարարը: «Ոչ»,- առարկեց տարեց գյուղապետը: «Ես հարցեր եմ տալի, որ հասկանամ»,- բացատրեց նախարարը: « Դա համայնքինը չէ: Ի՞նչ է, սպասում եք՝ ընկնի, շրջվի, նոր ասենք՝ վայ էս ո՞վ էր մեղավորը»,- նախարարին նախատեց Նորիկ Քոչարյանը:
Հասմիկ Պողոսյանը խնդրեց գյուղապետին իրեն ցույց տալ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանները. «Որովհետև ես չեմ կարծում, որ Ձեզ նման ձևով պատասխանած լինեն, ոչ, չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչ կա, ես կարծում եմ՝ շատ գեղեցիկ չէ, երբ Դուք էդ ձևով վրդովված ինձ դիմավորում եք, որովհետև հազար խնդրից կարող է մի խնդիրը ընդունենք մնում էլ է: Չէ, մի րոպե, ներողություն, Ձեր աշխատողին կուղարկեի՞ք, որպեսզի մենք ընթացքի մեջ մտնեինք: Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում: Ոչ, չի կարող պատահեր այդպես պատասխանեին»: «Լավ, եթե այդպես է, շարունակեք կատարել այնպես, ինչպես շարունակել եք: Ես ներողություն: Թող իմ գյուղը այսպես էլ քանդված մնա, ես իրավունք չունենամ ոչ մի տեղ դիմելու, ոչ մի տեղ գրելու»,- զայրացավ Դսեղի գյուղապետը: «Ու՞մ ձեռքին է գյուղի ճակատագիրը, ներողություն: Ի՞նչ հայտարարություններ եք անում, չի կարելի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: «Եթե Ձեզ թվում է՝ ես սխալվում եմ, Դուք եք սխալվում առաջին հերթին»,- հակադարձեց Նորիկ Քոչարյանը:
Մի քանի րոպե հետո գյուղապետը մշակույթի նախարարին ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Սամուելյանի պատասխան գրությունը: Նախարարը գրությունը կարդալուց հետո ասաց, որ հուշաքարի ամրացման համար նախագիծ է հարկավոր, առանց դրան չի լինի, «ասեք, Ձեզ օգնենք»:
Հիշեցնենք, որ հուշարձանի վթարային վիճակի վերաբերյալ Դսեղի գյուղապետի և ՀՀ մշակույթի նախարարության տարաձայնություններին այս տարվա ապրիլի 8-ին «Մշակույթի նախարարությունը հանձնարարկանը Դսեղի համայնքապետի՞ն պետք է տար» հրապարակմամբ անդրադարձել է նաև «Հետքը»: Թերթի հարցմանը ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը տեղեկացրել է, որ Դսեղ գյուղի գերերեզմանոցում գտնվող 7-րդ դարի կոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի. «Գերեզմանոցում առկա պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և վերականգնման պատասխանատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է, որպես պետության կողմից լիազորված մարմին` հուշարձանների պահպանության բնագավառի իր ենթակայության կազմակերպությունների միջոցով»: Այսքանից հետո մնում է զարմանալ. մի՞թե ՀՀ մշակույթի նախարարը թերթ չի կարդում:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել