HY RU EN

Արա Սանջյան. «Մասնավորը կարող է էական դերակատարում ունենալ գիտության զարգացման հարցում»

Վերջին շրջանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, գիտական հանրությունում, նաև պարզապես հայաստանյան հասարակությունում մեծ քննարկում է առաջացրել ցեղասպանությունը գիտական՝ ցեղասպանագիտական հողի վրա դնելու թեման։ Խոսվում է Հայոց ցեղասպանությունը, ի վերջո,  աշխարհում գիտական լեզվով բարձրաձայնելու անհրաժեշտության, նաև հրամայական պահանջի մասին, կազմակերպվում են մրցանակաբաշխություններ՝ խրախուսելու և խթանելու այդ թեմայով գիտական հոդվածների տպագրությունները։

Այս և նման հարցերի շուրջ զրուցեցի դոկտոր Արա Սանջյանի հետ։

Թեև Արա Սանջյանը հայտնի է և՛ որպես հայագետ, և՛ որպես պարզապես հայ մարդ, որը երբեք անհաղորդ չէ Հայաստանի ու հայության առնչվող ցանկացած հարցին, այնուամենայնիվ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել. Արա Սանջյանը ծնվել է Լիբանանում, համալսարանական կրթություն է ստացել է Երևանի պետական համալսարանում՝ ավարտելով պատմության ֆակուլտետը, որից հետո շարունակել է ուսումը Լոնդոնի համալսարանում, որտեղ և ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Մինչև 2005թ. դասավանդել է Բեյրութի «Հայկազյան» համալսարանում: Այժմ նա ԱՄՆ–ի Դիրբորն քաղաքում գտնվող` Միչիգանի համալսարանի մասնաճյուղում պատմություն է դասավանդում` միաժամանակ ղեկավարելով համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը։

-Պարո՛ն Սանջյան, ինչպե՞ս եք գնահատում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում հայաստանցի և օտարերկրյա քաղաքացիների կողմից այդ թեմայով գիտական հոդվածների տպագրության առնչությամբ կազմակերպված մրցանակաբաշխությունը։

-Այս մրցանակաբաշխությունը գնահատում եմ շատ դրական այն առումով, որ Հայաստանում վերջին տարիներին առաջ եկած տնտեսության մասնավոր հատվածը կամաց-կամաց սկսել է հետաքրքրություն ցուցաբերել գիտության, այս պարագայում` հումանիտար ու հասարակագիտական ոլորտին։ Հուսով եմ, որ «Տաշիրը» առաջիկայում կխորացնի այս ոլորտում իր ներգրավվածությունը, իր գործունեությունը կդարձնի ավելի բազմակողմանի, և միաժամանակ` այս ուղին կորդեգրեն նաև նմանատիպ այլ հիմնադրամներ։ Ցանկությունս է, որ Հայաստանի ներկա և հետագա իրար հաջորդող կառավարությունները փոփոխություններ մտցնեն երկրի հարկային օրենսդրության մեջ և հնարավորություններ ստեղծեն, որ բարձր հարկեր վճարող անհատներն ու հիմնարկները իրենց հարկերի մի մասը կարողանան հատկացնել իրենց նախընտրած ոչ-շահութաբեր ուսումնական, գիտական, արվեստի կամ բարեգործական հաստատություններին։ Այդպիսի մեխանիզմ կա դրված, օրինակ, Ամերիկայի միացյալ նահանգների հարկային օրենսդրության մեջ և դրանից օգտվում է նաև Միչիգանի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը։

-Ի՞նչ եք կարծում, այս մրցանակաբաշխութունն ինչքանո՞վ կնպաստի Հայոց ցեղասպանության հանդեպ միջազգային հետաքրքրության աճին և նորանոր ուսումնասիրությունների հանդես գալուն։

-Ինչքան ինձ հայտնի է, այս մրցանակաբաշխությունը պիտի կրկնվի նաև հաջորդ երկու տարիներին։ Առաջին տարվա հաջող փորձից հետո, ինչպես նաև մրցանակաբաշխության արդեն իսկ գործող կառուցվածքի մասին ավելի լայն իրազեկման պարագայում, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, առաջիկա երկու տարիներին դիմորդների ու մրցանակի արժանացողների թիվը հավանաբար ավելի մեծ կլինի։ Եթե հաշվենք զրոյից, միջազգային չափանիշերով Հայոց ցեղասպանության կամ հումանիտար ու հասարակագիտական որևէ լուրջ թեմայի շուրջ գիտական հոդված հրատարակելու համար երկու տարին շատ երկար ժամանակ չէ։ Բայց եթե այս ծրագիրը շարունակվի 2015 թվականից հետո էլ, ապա այդ պարագայում այն կկարողանա նույնիսկ խթան հանդիսանալ, որ նորանոր երիտասարդներ ընդգրկվեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։

Ինձ համար, սակայն, այս բոլորի մեջ կարևորագույնը Հայաստանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և առհասարակ ցեղասպանագիտության մակարդակը միջազգայինին հասցնելու մտահոգությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն են։ Այդ առումով, վերջերս իրականացված այս մրցանակաբաշխությունն ավելի ընդգրկուն ու համակարգված աշխատանքի միայն մեկ հատվածը կարող է լինել։

-Իսկ ինչպե՞ս է հնարավոր ցեղասպանագիտությունը Հայաստանում հասցնել միջազգային մակարդակի։

-Ցեղասպանագիտությունը հումանիտար կամ հասարակագիտական ինքնուրույն գիտակարգ (դիսցիպլին) չէ։ Այն միջգիտակարգային մասնագիտություն է։ Լավ ցեղասպանագետ լինել՝ անխուսափելիորեն կնշանակի ցեղասպանության հարցերով զբաղվող լավ պատմաբան, գրականագետ, սոցիոլոգ, հոգեբան, ազգագրագետ կամ այլ գիտակարգի մասնագետ լինել։ Արտասահմանում շատ տարածված է այն սովորույթը, որ երբ ուսանողը բակալավրիատի համար ընտրում է վերոհիշյալ ավանդական գիտակարգերից մեկը և միայն այդ գիտակարգի հիմնարար սկզբունքները յուրացնելուց հետո, մագիստրատուրայի ժամանակ, ընտրում է միջգիտակարգային մասնագիտություն, որոնց շարքում` ցեղասպանագիտությունը կամ սփյուռքագիտությունը։ Ուրախ եմ, որ այդ ուղին որդեգրել է նաև Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով շուտով սկիզբ առնելիք «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Ի վերջո, ցեղասպանագետ–պատմաբանն ուսումնասիրում է կա՛մ Հայոց ցեղասպանության, կա՛մ դրա հետևանքները վերացնելու, կա՛մ դրա միջազգային ճանաչումն ապահովելու համար հայ քաղաքական ու հասարակական հոսանքների մղած պայքարի պատմությունը։ Ցեղասպանագետ–գրականագետն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության ազդեցությունը հայ գրականության հետագա զարգացման վրա կամ այդ թեմայի արծարծումը միջազգային գրականության մեջ և այլն։ Իհարկե, տարբեր մասնագիտությունների տեր ցեղասպանագետները կօգտվեն միմյանց փորձից, բայց նրանց ուսումնասիրությունները կմնան առավելաբար մեկ գիտակարգի շրջանակների ներսում։ Այդ պատճառով էլ ցեղասպանագիտության համընդհանուր մակարդակի բարձրացումը կարող է տեղի ունենալ միայն իր բաղկացուցիչ գիտակարգերի մակարդակի բարձրացմանը զուգահեռ։ Շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է ունենալ ցեղասպանագիտական միջազգային չափանիշերով բարձրամակարդակ համակարգ` երբ ցեղասպանագիտության մեջ ընդգրկված վերոհիշյալ կամ այլ գիտակարգերը, յուրաքանչյուրն իր ոլորտի ներսում, համաքայլ չեն միջազգային փորձի հետ։

-Հայաստանում տնտեսության մասնավոր հատվածը կարո՞ղ է դեր ունենալ առհասարակ գիտության և մասնավորապես ցեղասպանագիտության մակարդակի աճ ապահովելում։

-Վստահաբա՛ր։ Համաշխարհային առումով, տնտեսության մասնավոր հատվածը, իրենց համապատասխան երկիրների կրթության ու գիտության մակարդակի բարձրացումով, սկսեց շահագրգիռ դառնալ հատկապես 19-րդ դարի վերջին տասնամյակներին` այսպես կոչված Երկրորդ արդյունաբերական (ինդուստրիալ) հեղափոխության ժամանակ։ Գիտության ու արհեստագիտության (տեխնոլոգիա) կտրուկ առաջընթացն անհրաժեշտություն առաջացրեց մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ընդգրկումն արտադրության և նրա կառավարման մեջ։ Համապատասխանաբար, տնտեսության մասնավոր հատվածն սկսեց պետական համակարգից ավելի ու ավելի պահանջել, որ մասնակցի հանրային տարրական ու բարձրագույն կրթության կազմակերպման գործին, ինչպես նաև՝ երբեմն ինքն իր սեփական միջոցներից սկսեց ներդրումներ կատարել գիտության ու կրթության ոլորտների մեջ։ Օրինակ, ինքնաշարժների արտադրության «Ֆորդ» ընկերությունն առանցքային դեր ունի Միչիգանի համալսարանի Դիրբորն քաղաքի մասնաճյուղի ստեղծման մեջ` 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Թուրքիայում, Քոչ և Սաբանջը գործարար ընտանիքները 1993–ին ու 1994–ին համապատասխանաբար ստեղծեցին իրենց անուններով կոչվող մասնավոր համալսարաններ։ Դրանցից Սաբանջը համալսարանն աչքի է ընկնում հայ մշակույթի և նունիսկ Հայոց ցեղասպանության քննարկման պարագայում պետական կաշկանդումներից որոշ չափով հեռու, իր՝ համեմատաբար ազատ ու հարգալից մթնոլորտով։

Եթե ճշգրիտ գիտությունների, արհեստագիտության և գործարար կառավարման ոլորտների պարագայում մասնավոր հատվածի շահագրգռվածությունն ակներև է, ապա կարևոր է նշել, որ մասնավոր հատվածն արտասահմանում հետաքրքրվում է նաև հումանիտար ու հասարակագիտական ոլորտներով, որովհետև այդ մասնագիտությունների զարգացումն անխուսափելիորեն նպաստում է յուրաքանչյուր երկրում ժողովրդավարության, դատաիրավական համակարգի, զանգվածային լրատվության մակարդակի զարգացմանը, և այս բոլորն անհրաժեշտ են գործարար առողջ միջավայրի առաջացման և ամրապնդման համար։

Մասնավոր հատվածի շահագրգռվածությունը հումանիտար ու հասարակագիտական ոլորտներով կարող է առաջ գալ նաև նրա հայրենասիրական մղումներից։ Ի վերջո, ազգի ու պետության մտահոգությունները միջազգային հարթակների վրա արդյունավետ բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային լավագույն չափանիշերով կրթություն ստացած դիվանագետներ, փորձագետներ ու լրագրողներ։

Մանե Հակոբյան