HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը «Դիլիջանի միջազգային դպրոցի» եւ «օֆշորային» սկանդալի միջեւ կապ է տեսնում

Ազգային ժողովում քննարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծն առնչվում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, իր անվան շուրջ  պտտվող «օֆշորային» սկանդալին:  Պատգամավորը նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյան 10 մլն դոլար է «քցել» Ռուբեն Վարդանյանի «Ամերիաբանկին»:

Ն. Փաշինյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուբեն Վարդանյանը «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի նախաձեռնողը:

«Ուրեմն` այս նախագիծը, որ մենք քննարկում ենք, քննարկում ենք հենց կոռուպցիոն սկանդալի ուժով: Ըստ ամենայնի՝ վերջին մեկ տարվա ընթացքում իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավաստիացրել են, որ այդ հարցը կլուծվի, վարկը կփակվի, փողը կվերադարձվի, բայց, ըստ ամենայնի, գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին, երբ «Հետքում» հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն՝ փողերը հոսել են մի ձեռնարկության հաշվեհամարի, որտեղ որպես բաժնետեր գրանցված են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը: Սա ապացույցն է այն բանի, որ քցել են ոչ միայն բանկին, այլեւ անձամբ Ռուբեն Վարդանյանին, որովհետեւ բանկը չէր կարող Հայաստանի չափանիշներով նման ահռելի գումարներ տրամադրել կասկածելի գործարքին, որ շրջանցեր տնտեսական ռիսկերը եւ տրամադրեր վարկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով` նման բան կարող էր լինել այնպիսի փաստարկը, որ Ռուբեն Վարդանյանին կհամոզեր շրջանցել, չնկատելու տալ գործարար ռիսկերը: Այդպիսի բան կարող էր լինել իշխանության բարձրագույն ներկայացուցիչների խնդրանքը, հորդորը, խոստումը, երաշխիքը:

Նիկոլ Փաշինյանի ասելով՝ Հայաստանում նման երկու մարդ կա, որ կարող էր 10 մլն դոլար տրամադրելու խնդրանքով դիմել: «Կամ Տիգրան Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը, երրորդ տարբերակ չկա»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ «Հետքի» նշված հրապարակումից հետո իրադարձությունները զարգացել են «սուպեր արագությամբ»:

«Եթե Ռուբեն Վարդանյանին թվում է, որ այս օրենքի նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ չափով չեն «քցի», ուրեմն Ռուբեն Վարդանյանը սխալվում է, որովհետեւ ոնց 2 օրում այս օրենքը ընդունեցին, 2 օրում կընդունեն մեկ ուրիշ օրենք: Ես այս օրենքի նախագծին դեմ եմ քվեարկում, որպեսզի բարոյական իրավունք ունենամ դեմ քվեարկեմ այն օրենքի նախագծին, որով ավելի շատ պիտի «քցեն»»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով` իշխանությունը հասկացել է, որ այս հարցը արագ չլուծելու դեպքում հայաստանյան բնույթի սկանդալը վերածվելու է միջազգային սկանդալի, այդ իսկ պատճառով արտահերթ կարգով «ափալ-թափալ» ընդունում են նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter