
Գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը. Սամվել Մարտիրոսյան
«Սոցիալական ցանցերի հետ կապված տեսականորեն միշտ պետք է մտքում պահել, որ դուք կարող է և մենակ չեք»,- խոսելով տեղեկատվական անվտանգության մասին՝ ասուլիսի ժամանակ ասաց ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այս թեման ակտուալ դարձավ հատկապես օրերս ԱՄՆ-ում կատարված մի բացահայտումից հետո, երբ ամերիկյան ամենախոշոր գաղտնի գործակալության՝ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներից մեկը՝ Էդուարդ Սնոուբդենը, գաղտնի փաստաթղթեր հրապարակայնացրեց: Դրանից պարզ դարձավ, որ գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը՝ սկսած skype-ից, վերջացրած Facebook-ով: Միակ խոշոր սոցցանցը, որը չկար այդ ցուցակում, Twitter-ն էր, որը սակայն, բաց է և, ըստ ՏՏ մասնագետի, այդ ցանցից օգտվողները առանձնապես փակ հաղորդակցության մեջ չեն մտնում:
Սնոուբդենի բացահայտումից պարզ դարձավ, որ գործում է «Պրիզմա» (Prism) անվանմամբ մի համակարգ, որը գաղտնի գործակալության աշխատակիցներին թույլ է տալիս անմիջապես ներթափանցել և հետևել օգտատերերի բոլոր ներքին գործողություններին՝ չատերին, ֆայլերի փոխանակումներին, ծանոթանալ նրանց IP կոդերին և այլն:
Դրանից հետո Մարկ Ցուկերբերգի գրառումը պարտադրաբար հայտնվեց բոլոր ֆեյսբուքյան օգտատերերի նորությունների բաժնում, որտեղ նա հերքում էր դա: Հետո հերթով հերքեցին google-ը, yahoo-ն, բայց, ըստ Սամվել Մարտիրոսյանի, հարցը մնաց, և բացահայտում անողը պնդում է, որ դա եղել է, ավելին՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նույնպես հաստատեց, որ այդպիսի համակարգ կա, պարզապես մի ճշտումով, որ ծառայությունն անմիջապես չի ներթափանցում, օրինակ, Facebook-ի սերվերների մեջ, այլ կա մի առանձնացված սերվեր, գործակալությունը դատական հայցով ուղարկում է ինչ-որ մեկի գործը, որից հետո իրեն տրամադրվում է մուտք այդ մարդու անձնական հաշիվ: Այդ դատական որոշումները փակ են:
Ծառայությունը մարդկանց հանգստացնելու համար հայտարարեց նաև, որ դա արվում է ոչ ԱՄՆ քաղաքացիների հանդեպ, և վերջիններս, ՏՏ մասնագետի փոքր-ինչ հեգնական ձևակերպմամմբ, հանգստացած շունչ քաշեցին: Իսկ ահա Էդուարդ Սնոուբդենը խոսք է տվել նոր բացահայտումներ անել:
Խոսելով հայաստանյան ինտերնետային տիրույթից և տեղեկատվական անվտանգության զգացողությունից՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մեր երկիրը գրեթե միշտ առաջատար դիրքեր է զբաղեցրել «վիրուսոտ» երկրների շարքում, սակայն պատճառը նաև այն է, որ մեր անվտանգության ռեֆլեքսները բավական ցածր մակարդակի վրա են բոլոր ոլորտներում՝ երկրաշարժ է լինում, բոլորը նստած սպասում են, թե երբ է վերջանալու, որ շարունակեն իրենց գործը:
Պարզագույն անվտանգության կանոններից ՏՏ մասնագետն առանձնացրեց այն, որ գաղտնաբառ հորինելիս պետք չէ միայն բարդության վրա կենտրոնանալ, անհրաժեշտ է նաև հետևել, որ այդ բարդ ու երկար, գործնականում գրեթե չկոտրվող գաղտնաբառը չկրկնվի որևէ պատահական կայքում գրանցվելիս: Չարամիտները կարող են հեշտությամբ կոտրել այդ մյուս՝ ոչ այնքան լավ պաշտպանված կայքը, որտեղ մենք գրանցվել ենք, և այդպիսով իմանալ մեր գաղտնաբառը:
Facebook-ում անձնական հաշվի անվտանգությունը ամրապնդելու համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց համակարգչով մտնելիս հետևել, որպեսզի միացրած լինի անվտանգ զննումը (Secure Browsing): Դա անելու համար պետք է մտնել Account Settings / Հաշվի կարգավորումներ / Настройки аккаунта, այնուհետև՝ Security / Անվտանգություն / Безопасность, որից հետո ակտիվացնել Secure Browsing-ը / Անվտանգ զննում / Безопасный просмотр:
Մեկնաբանել