Շուտով պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղիների նոր ցանցը
Նախազգուշացվել են երթուղիներն սպասարկող ընկերությունները
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 11-ից ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման մոնիթորինգ է ընթանում: Առավել անաչառություն ապահովելու նպատակով երթուղիներ սպասարկող ընկերությունները մոնիթորինգի վերաբերյալ նախօրոք չեն տեղեկացվել: Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանսի» աշխատակիցներից բացի, դիտարկմանը մասնակցում է նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արհեստագործական համար 1 ուսումնարանի և Արդյունաբերական քոլեջի 60 ուսանող:
Մոնիթորինգի նախնական արդյունքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 14–ին հանդիպել է երթուղիներ սպասարկող ընկերությունների տնօրեններին: Հանդիպման ընթացքում նշվել են բոլոր այն թերությունները, որոնք արձանագրվել են շրջայցերի ժամանակ: Խախտումներ կատարած ընկերությունների տնօրենները խստորեն նախազգուշացվել են և, թերությունները շտկելու համար սահմանվել են ժամկետներ:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ընդգծել է, որ մոնիթորինգի վերջնական արդյունքների վերլուծությունը հիմք կհանդիսանա երթուղիները սպասարկող կազմակերպությունների պայմանագրային պարտականությունների կատարման և երթուղիների սպասարկման մակարդակը գնահատելու համար: Թերացող ընկերություններն, ըստ վարչության պետի, անվստահելի գործընկեր կճանաչվեն և, բնականաբար, կտրուկ կնվազեն մրցույթում հաղթելու նրանց հնարավորությունները:
Մոնիթորինգի առաջին շաբաթվա միջին վիճակագրությամբ ամենաշատ խախտումներ արձանագրվել են շարժակազմերի արտաքին տեսքի ու անբավարար մաքրություն մասով: Արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները կանգառումները խախտումներով են կատարել` շատ դեպքերում վնասելով կանգառները փողոցի բանուկ մասից սահմանազատող ռետինե բարձիկները:
Հենրիկ Նավասարդյանի տեղեկացմամբ, ի դեպ, նման բարձիկներ նախատեսվում է տեղադրել մայրաքաղաքի շուրջ 200 կանգառներում: Դիտարկուման արդյունքներով հիմնականում արձանագրվել է մեքենաների սանիտարական և վարորդների արտահագուստի անբավարար վիճակը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն առավել մտահոգիչ է գնահատել երթուղիների սպասարկման շարժման միջակայքը (ինտերվալը)` մեկ առ մեկ թվարկելով այս առումով թերացած երթուղիները:
Երթուղիներն սպասարկող ընկերությունների տնօրեններին տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղիների նոր ցանցը, տրանսպորտի վարչության պետը նշել է, որ դրանում նախապատվությունը տրված է միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներին:
Ներկրվող ավտոբուսի մակնիշի, գույնի ընտրության մեջ տնտեսվարող սուբյեկտները ազատ են, իսկ նախընտրելի չափորոշիչներն են` 2.4 մետր լայնություն, 7,5 մետրից ոչ պակաս երկարություն, 50-60 ուղևոր տարողություն: Այսպիսի չափորոշիչներն ապահովող ավտոբուսային պարկով ընկերությունները, համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3–ի թ.327–Ն որոշման, մրցույթում հաղթելու դեպքում երթուղիները կարող են սպասարկել մինչև 10 տարի ժամկետով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կատարվող` մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման մոնիտորինգը իրականացվելու է շարունակական հետևողականությամբ է և յուրաքանչյուր շաբաթվա արդյունքների ամփոփումը ներկայացվելու է զանգվածային լրատվամիջոցներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել