HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի նամակը Ստեփան Զորյանին

Լեռ Կամսարի՝ պետական այրերին ուղղած նամակները թող ընթերցողների մոտ տպավորություն չստեղծեն, որ երգիծաբանի նամականին միայն իշխանաքննադատական է:

Երգիծաբանը նամակներ է հղել նաև իր ժամանակի մտավորականներին։ Ասեմ ավելին, նույնիսկ ժամանակիցներն են նամակ գրել նրան, քանի դեռ բռնադատված և օրենքից դուրս հայտարարված չէր։

Ուղղակի տատամսում եմ արժե՞, թե՞ չարժե դրանք տպագրել։

Գիտեք, այսօր պաշտոնյային քննադատելը սուրբ գործ է, այս օրերին նույնիսկ ամոթ է դա չանելը։ Այսօր պետք է հերոս լինես, որ հանկարծ կարծիք հայտնես, թե հավանում ես նրանցից որևէ մեկին։  Հպատա՞կն էլ կսիրի իր իշխանավորին, բա պատկառանքն ո՞ւր է։ Ժողովուրդը, եթե չի զազրախոսում կամ «ձանձրախուսում» իր կառավարությանը, ուրեմն, ձեռք քաշիր նրանից ՝ անհույս մեռած է։ Եթե մինչև յոթը պորտը չհայհոյես և չանարգես քեզ իշխողին և կեղեքողին՝ էլ ի՞նչ ժողովուրդ։

Իսկ երբ հարցը առնչվում է մտավորականներին, այստեղ արդեն պետք է գլուխդ քորես և մի լավ մտածես, արժե՞ արդյոք մեղադրականը կարդաս։ Մտավորականը  իշխանավորի պես դաբախանի կաշի չունի՝ ազդվել գիտի, վիրավորվել գիտի։ Առանց այն էլ Աստված պատժել է նրան մտավորական ստեղծելով՝ եկ դրա վրա էլ երգիծաբանի որակումներ հագցրու։ Մինչև 50-ականների սկիզբը Լեռ Կամսարը ստեղծում էր իր գրական դիմանկարներն անվանական, բայց հետո որոշեց այլևս անուններ չտալ, որ «չընկնեն իր գրվածքների մեջ և չանմահանան»։ Հիմնականում չի խնայել և գրչի տակ է առել նրանց, ովքեր գովերգում և դիֆերամբներ էին նվիրում Լենինին, Ստալինին և «Պարտիային»։ Իսկ ով դա չի արել՝ առաջինը կարող է նա «քար նետել» և հանգիստ լինել, որ հետագայում ինչ-որ պամֆլետ կսպրդի իր հասցեին։

Իմ կարծիքով, Լեռ Կամսարն այդ իրավունքը չուներ։ Ինքը, որ Արամ Մանուկյան էր սիրում, ո՞վ բան ասաց։ Ճաշակի հարց է՝ մարդ կա Լենին, Ստալին է պաշտում, մարդ էլ կա նզովում է՝ ի՞նչ կա որ, ում ի՞նչ գործ։ Արժե՞ր, որ իր ժամանակակիցներից շատերին թշնամացրեց իր դեմ, որոնք 1931 թվին հենա-հենա գլուխն ուտում էին և ջուրն էլ վրայից կխմեին, եթե, ո՜վ քեզ զարմանք, վրա չհասներ բարեխնամ բոլշևիկյան իշխանությունը Լուկաշինի ու Խանջյանի գլխավորությամբ։

Վերը ասվածը, իհարկե ոչ մի կապ չունի ներկայացվող նամակի հետ։ Ուղղակի ասվում է, որ գրականագետները հուշեն և խորհուրդ տան՝ արժե՞ սասանել կուռքերը, թե կոծկել և կեղծել պատմությունը։ Բարդել ժամանակի ամբողջ կեղտը մի երկուսի վրա և «գործը անուշի կապել»։

Ստեփան Զորյանն այն քչերից էր, որ կարողացավ անխարան անցնել անհատի պաշտանմունքի տարիները։ Դրա համար էլ նա միշտ Չեկայի կողմից կասկածվողների շարքերում էր։ Հայրենական պատերազմի սկզբներին աքսորական Լեռ Կամսարին Չեկան հրամայում է.

- Եթե ուզում ես ազատվել և անցնել նորմալ գրողների շարքը, պետք է պարբերաբար հանդիպես Իսահակյանին, Զորյանին և Լևոնյանին և մեզ տեղեկագրեր ներկայացնես նրանց քաղաքական կողնորոշման մասին, եթե ոչ՝ աքսորը կփախարինվի բանտարկությամբ։

Երգիծաբանն ընտրում է բանտը, ասելով.

- Այդ պաշտոնը ես չունեմ և չեմ անի քանի որ այդ դեպքում ես դուրս կընկնեմ նորմալ մարդկանց շարքերից։

- Ինչպե՞ս երևում է, դեռ չես ուղղվել, պատժաժամանակը պետքէ երկարացնել։ Բայց մինչև աքսորատեղի վերադառնալը, դու պարտավոր ես հանդիպել նրանց և պարզել, թե պատերազմի մասին ի՞նչ են մտածում։ Բացի դրանից կգրես մի նամակ դաշնակցական լիդերներին, որ իմանանք, թե ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե Գերմանիան հաղթի և երբ նրանք նորից վերադառնան Հայաստան*։

Լեռ Կամսարը նամակը գրում և հանձնում է չեկիստներին, իսկ ինքն ուղևորվում է գրչակից ընկերների մոտ և անկեղծորեն պատմում իր գլխին եկածը։

Լավ է, որ Զորյանն իր օրագրում անդրադարձել է այդ փաստին։ Իսկ Ավետիք Իսահակյանն այլևս շատ զգուշավոր է դառնում, իմանալով, որ հսկման տակ է։

Իսկ Լեռ Կամսարը զգուշավոր էր նույնսկ 1955 թ. համաներումից և աքսորից վերադառնալուց հետո։ Ոչ մեկին չէր վստահում, առավել ևս գրչակից ընկերներին։

Երջանիկ բացառիկների շարքում էր Ստեփան Զորյանը։

Վանուհի Թովմասյան

ԿՅԱՆՔՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ    

Սիրելի Ստեփան, ես մեծ հաճույքով կարդում եմ քո պատմվածքները։ Նրանցում միտք կա և յուրաքանչյուրը նրանցից երկար խարհրդածելու նյութ է տալիս ինձ, հակառակ այն սովետական վեպերի, որոնք կարդալուց հետո ընկնում ես նրանց հեղինակների ետևից, հարցնելու, թե դրանով ի՞նչ են կամեցել ասել։ Իսկ եթե հեղինակները մեռած են լինում, այդպես էլ մնում ես անպատասխան։

Դու զուսպ ես և չափավոր ոչ միայն քո գրվածքներում, այլև քո առօրյա կյանքում։

Մինչ այն կողմ սովետական գրողները ամբողջ երեսուն տարի ոճրագործ Ստալինը երգեցին, դու հասցրիր լռել և չարատավորեցիր քո պատիվը։

Մի լռություն, որ այն ժամանակները մեծագույն հանցագործություն էր  համարվում։

Դու որպես իսկական գրող, ճիշտ է որոշ տուրք տվիր սրանց արտառոց սոցիալիզմին, գրելով քո «Գրադարանի աղջիկը», «Սպիտակ քաղաքը» և «Վարդաձորի կոմունան», բայց ով քեզ անձամբ ճանաչում է՝ գիտի դրանք ոսկորներ էին, որոնք գցեցիր «շան» առաջ, որպեսզի թույլ տա քեզ զբաղվել իսկական արվեստով։

Ստեփա՛ն, դու շատ լավ գրող ես, ապրե՛ս, ավելի Զորյան դառնաս։ Բայց...

Բայց դու մի մեծ մեղք ունես։ Դու սքանչելի պատկերացնում ես անցյալը, զանց առնելով քո ապրած դարաշրջանը։

Կարելի՞ է քառասունհինգ տարի ապրել սովետական կարգերում և չանմահացնել կոմունիզմի ոճրագործ բնույթը։

Դու հասակով, փառք Աստծու, բավականին երկար ես։ Բայց մարդս որքան էլ երկար լինի, որքան էլ քայլի քիթը բարձր պահած, ինչպե՞ս կարող է  Ստալինի թափած անմեղ զոհերի լերդացած արյան հոտը չառնել ու գեթ մի անգամ չտեսնել երկրով մեկ հոսող արյան հեղեղը...

Ինչպե՞ս կարելի է տեսնել, թե ինչպես չեկիստները մութն ընկնելուն պես մտնում են բոլորի տները, նրանց տան միակ ճրագը մարում, նրանց կերակրող ձեռքերը հավաքում տանում գնդակահարում և լռել, և չգրել այդ մասին, որ ապագա մարդկությունը կարդա այդ և հեռու մնա այդ արյունաթաթախ սոցիալիզմից։

... Մարել տան ճրագը, կանանց պատիվը վաճառքի հանել, երեխաներին որբացնել...

«Հավասարություն, եղբայրություն, ազատությո՞ւն», թե անհավասարություն, թշնամություն և բռնակալություն։

Ստեփա՛ն, ինչպես կարելի է քթի տակ կատարված այս բաների մասին չգրել և գնալ պատմության խորքը, գրել Պապ թագավորի ու Արշակ Երկրորդի մասին։

Մի՞թե ճշմարտությունն ասելն այնքան սարսափելի է, որ դու այն թողած, փախչում մտնում ես հայոց պատմության խորքը չերևնալու համար։

Ճիշտ է, ճշմարտությունը հոնորար չի բերում հեղինակին, բայց գրողը մի՞թե միայն հոնորարի պետք ունի։

Իբրև հեղինակ, ինքնագովություն չլինի, ես քեզանից բարձր եմ։

Հավատաքննության ատյանում երբ ինձ հարցրին՝

- Հավանո՞ւմ ես Սովետական կառավարությանը։

Պատասխանեցի.

-Ո՛չ, ինձ համար թուրք կառավարությունը գերադասելի է ձեր կառավարությունից։ Որովհետև երբ բոլշևիկները Հայաստան մտան, հայերը Տաճկաստան կամեցան փախչել նրանց կացնահարությունից սարսափած։

Ասացի ու քսան տարով բանտի ու աքսորի դատապարտվեցի։

Եվ չեմ զղջում դրա համար, որովհետև ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից։ Որովհետև կյանքն անցողիկ է, իսկ ճշմարտությունը հավիտենական։

Այն կոմունիզմը, որ մարդկության գլխին կատարյալ չարիք դարձած շատ շուտով ողջ աշխարհի կործանման պատճառը պիտի դառնա՝ կարելի՞է անտեսել։

Հարգանքներով՝ քո Լեռ Կամսար

1965 թ.

Հատված Ստեփան Զորյանի օրագրությունից

Նոյեմբեր 30. Մեռավ** դժբախտ Լեռ Կամսարը։ Ծանոթ էի 20 թվից։ Ես նրան համարում էի ազնիվ, լոյալ մարդ. բայց 30-ական թվերին հանկարծ, չգիտես ինչու, բանտեցին նրան։ Խոսում էին, թե Չարենցն ու Բակունցն են եղել պատճառ։ Նա իբրև թե ծաղրել է սրանց, աննպաստ բաներ ասել, և ահա... վրեժխնդիր են եղել։ Թե որքա՞ն ճշմարիտ էր դա՝ չպարզվեց մինչև այժմ։

Բայց մի քանի տարի հետո ազատեցին, և մի օր էլ նրան տեսա իմ բնակարանում։ Պատերազմի առաջին ամիսն էր, կարծեմ։ Ընդունեցի սիրով և, բազմոցին նստեցնելով, հետաքրքրվեցի նրա վիճակով, մտածելով, որ անշուշտ կարիքի մեջ է, պետք է օգնել։

Նա, սակայն, հարցերիս կցկտուր պատասխանելով, նայում էր սենյակիս պատերին, նրա անկյուններին, նայում էր լուրջ, զննաբար։ Եվ երբ բավական նայեց-վերջացրեց, դարձավ ինձ.

- Էս ինչո՞ւ քո սենյակում Ստալին չկա։

- Այդ ինչո՞ւ համար եք հարցնում։

- Չգիտե՞ս միթե, որ սովետական յուրաքանչյուր քաղաքացի նրա պատկերը պետք է ունենա իր տանը։

- Այդ ես առաջին անգամ եմ լսում։

- Քո բացատրությունը արդարացում չէ։ Ամեն քաղաքացի այդ պետք է հասկանա, և պատկերի բացակայությունից կարելի է լուրջ եզրակացություն անել, կապելով դա այն փաստի հետ, որ հայ գրականության տասնօրյակի վերջում «Правда»-ում տպված քո շնորհակալության մեջ Ստալինի անունը չէիր տվել։ Ավ. Իսահակյանը տվել էր, իսկ դու՝ ոչ։

Ես ժպտացի, մտածելով, որ նա կատակ է անում։

- Մի ծիծաղիր, սիրելիս։ Քո ապահովությունը պահանջում է, որ պատիդ լինի նրա նկարը։

- Ես այդ ամենը համարեցի փորձված մարդու դիտողություն և կամեցա հասկանալ նրա այցելության բուն նպատակը։

Եվ նա չթաքցրեց. պարզ ասաց, որ կարևոր հիմնարկը իրեն հանձնարարել է – պարզել, թե ի՞նչ են մտածում պատերազմի մասին Ավ. Իսահակյանը, Գ. Լևոնյանը և Զորյանը։

- Ու ահա եկել եմ պարզելու...

Քանի որ նա իր կատակները և սրախոսությունները միշտ անում էր  լուրջ դեմքով, ես դարձյալ չէի հավատում, թե այդ ամենն ասում է լուրջ։ Թվում էր՝ մի այդպիսի հանձնարարություն անկարելի էր ասել այդքան պարզ։ Բայց նա ասաց։ Եվ ես, մտնելով նրա դրության մեջ, հասկացա նրան. բանտից նոր դուրս եկած մարդ՝ նա չէր կարող մերժել այդ հանձնարարությունը և, և մյուս կողմից, չէր կարող կատարել այդպիսի մի դեր... Ու ամենը ասաց բացահայտ, որ ես իմանամ և զգույշ լինեմ...

Ես նրան ասացի, որ զգուշանալու կարիք չկա։ Եթե խնդիրը վերաբերում է պատերազմին, ես սրտանց ցանկանում եմ, որ հաղթի  Սովետ Միությունը, այլապես հայ ժողովուրդը նորից կենթարկվի ծանր աղետի... Թուրքիան ատամները սրած այդպիսի բանի է սպասում...

Լեռ Կամսարն իրեն թեթևացած զգաց.

- Ես շատ ուրախ եմ, որ դու այդ կարծիքի ես...

Հետո իմացա, որ նա եղել է Իսահակյանի և Լևոնյանի մոտ՝ նույն նպատակով։

1965 թ.

*Լեռ Կամսարի բռնադատման թղթապանակն արդեն Պետարխիվում է պահվում, սակայն այնտեղից բացակայում են վերը շարադրված փաստերը, որ գրողին պարտադրել են լրտեսել իր գրչակից ըկերներին: Չկա նաև այն նամակը և նամակի պատասխանը, որ գրել էր երգիծաբանը դաշնակցական ինչ-որ լիդերի: Բնականաբար պատասխանը հենց Չեկան պիտի ստացած լիներ, որ իմանար իր անելիքը: Շատ կուզենայի, որ գաղտնազերծվեր վերոնշյալ նամակը, որը գրվել է պատերազմի սկզբին: Հետագա կամսարագետներին հուշեմ նաև, որ  բոստոնաբնակ լրագրող Սիմեոն Կյուլոյի «հանկարծամահության» առեղծվածը (1961թ.) նույնպես փնտրեն բռնադատման թղթապանակից դուրս:

** Լեռ Կամսարը վախճանվել է 1965 թ. նոյեմբերի 22-ին։ Անճշտությունը Զորյանինն է։

Լեռ Կամսար. հատվածներ «Կարմիր օրեր» գրքիցՆաիրի», 2000թ.)

Ինչպես որ փաթաթված լոբին, միջի փայտը հանելուց հետո, գետին կպառկի, այնպես էլ Ստալինի մահից այս կողմ, ուղիղ մի ամիս է, ինչ սովետական պոեզիան գետին է թավալած, ու եթե սովետական իշխանությունն անմիջապես մի երկրորդ Ստալին չստեղծի, պոեզիան անհետ կորչելու վտանգին կենթարկվի:

Ողջ բանաստեղծները գրիչները բարձրացրած Ստալին են պահանջում՝ փառք տալու համար: Մի՞թե կարելի է ամբողջ  երեսուն տարի Ստալինով ապրող բանաստեղծներին հանկարծ այսպես անգործ թողնել: Երբ Ասորեստանի Շամիրամ թագուհու զինվորները պատահմամբ սպանեցին Արա Գեղեցիկին, Շամիրամը բորբոքված հայերին խաբելու համար նրա նման մի մարդ ցույց տվեց՝ ասելով. աղոթեցի մեր Արալեզ աստծուն, և նա լիզելով կենդանացրեց ձեր Արային:

Նման մի բան էլ սովետական կառավարությունը պետք է աներ: Թեև պիտի խոստովանեմ, որ նման պրիոմներով ներկայիս դժվար է խաբել մեր բանաստեղծներին: Նրանք շատ լավ գիտեն, որ լիզելով ո՜չ մարդ կարելի է սաղացնել, ո՜չ էլ սաղ մարդուն մեռցնել: Այլապես իրենց առաջնորդ Ստլինը մինչև յոթանասունհինգ տարեկանը չէր ապրի երբեք, շատ վաղ կմեռներ, ամբողջ երեսուն տարի սովետական բանաստեղծների կողմից այսպես անխնա լիզվելուց հետո....

1953, ապրիլ

Ե՜ս էլ զարմացա։

Երեք ամիս առաջ, երբ Ստալինը մեռավ, մի երկու բանաստեղծ միայն ողբացին «Սովետական Հայաստանում» «մեծ առաջնորդի» մահը, հոնորարն առին ու աչքերը սրբեցին։

Ես կարծեցի, թե սրանով էլ վերջացավ ամեն բան։ Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, բաց անելով երեք ամսվա «Սովետական արվեստ ու գրականություն» ամսագիրը։ Սովետահայ բոլոր բանաստեղծները, երեք ամիս շարունակ հավաքվելով այնտեղ, այնպիսի մի լաց ու կոծ են բարձրացնում, որ Աստված խնայի։ Ամսաթերթի չկտրված էջերից արտասուքը հեղեղի նման դուրս է հոսում, իր հետ քշել-տանելով այն մի քանի հոդվածները, որոնք սակայն Ստալինի մահվան չեն վերաբերում։

Բանաստեղծների այն մասի ողբը, որոնք ասում են Ստալինը «մեռավ» և լաց են լինում` ես հասկանում եմ, բայց բանն այն է, որ «Ստալինը չի մեռել», «նա անմահ Է» ասողներն էլ «մեռածների» ուժգնությամբ ողբում են։

Եթե Ստալինը «չի մեռել», եթե «անմահ է», ինչո՞ւ ուրեմն ողբալ։

Ըստ իս, սա ոչ թե գրականություն է, այլ մի փառավոր դիակապուտ է։ Բանաստեղծներն Ստալինի կենդանությանը նրա կյանքովն ապրեցին, հիմա էլ նրա մահով են ուզում ապրել։ Եվ մահը որովհետև հավիտենական է, կարելի է անվերջ ապրել նրանով։

Նրանք պարզ ասում են. «Ստալի՛ն, քո հիշատակը երբեք չի թառամի մեր սրտերում»։ Ուրեմն, նշանակում է Ստալինի «հիշատակը» որպես սապատ իրենց կռնակներին դնելով, անվերջ պիտի բերանը բերեն, ուղտի նման որոճան ու ճամփա կտրեն գրական Սահարայում, կիզիչ արևի տակ, անօազիս ու անկյանք։

Ահա՛ քեզ մի վաճառաշահ դիակ, որն այսքան ստվար բանաստեղծների է կերակրում։

Հնում մեռելը թաղելուց առաջ լվանում էին և դրա համար առանձին կանայք կային, որոնք «մեռել լվացողներ» էին կոչվում։

Բայց Ստալինի դին այնքան լիզվեց սովետական բանաստեղծների կողմից, որ լողացնելու այլևս կարիք չի մնում…

1953 թ., մայիս

Ժողովրդի մեջ փսփսուկով խոսվում է, որ իբր թե Ստալինի դիակը լավ չզմռսելու պատճառով հոտել է, դրա համար թաղել են:

Ես չեմ համատում այդ լուրին: Եթե ճիշտ լիներ, հիմա Սովետական Միության ողջ բանաստեղծները պիտի խլրտային: Նրանք զմռսելու համար միայն տասնյակ հատորներով լացին: Իսկ եթե զմռսված դիակը պիտի տեղից շարժվի կամ թաղվի՝ հարկավոր է մի տասնյակ հատոր էլ դրա համար լալ: Հե՞շտ բան է նման կորուստը տանել: Հեշտ չէ, և նրանք պիտի լան:

Մի լաց, որ պետական հրատարակչության վրա միլիոններ կարող է նստել: Եղերամայրեր պահելը մեծ ծախս է պահանջում, ու ոչ ոքի չհուզող այդ լացը շատ սուղ է նստում ժողովրդի վրա:

Զմռսելու արվեստը Հին Եգիպտոսին էր միայն հատուկ: Նրանց զմռսված փարավոնները, որոնք չորս հազար տարվա պատմություն ունեն, որ համեմատես ներկա սովետական քաղաքացու հետ՝ ավելի առողջ, ավելի կայտառ ու ավելի կենսուրախ են:

Մեզ մոտ Ռուսաստանի կոմունիստներին չի հաջողվում առհասարակ զմռսել իրենց առաջնորդների մարմինները: Դա տեխնիկական բարդ աշխատանք է, պետք է խնամքով դատարկել դիակի ներքին բովանդակությունը և այլն, և այլն:

Կոմունիստները լավ կանեին, փոխանակ իրենց առաջնորդների մարմինները զմռսելու, նրանց քարոզած սոցիալիզմը զմսռեին:

Դա համեմատաբար հեշտ կլիներ նրանով, որ նրանց սոցիալիզմն արդեն դատարկ էր և այլևս կարիք չէր լինի նորից  դատարկելու...

1953 թ., հունիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter