HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսին Գյումրիում կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը

Հուլիսի 1-ից 8-ը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Գյումրիում առաջին անգամ կազմակերպում է «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնն ընդգրկված է «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակում: «Դուետ» փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացմանը մասնակցում է երկու դերասան:

Փառատոնին հայտ է ներկայացրել Հայաստանի և արտերկրի 25 թատրոն, որից ընտրվել է 20-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան, Ռուսաստանը և Վրաստանը: Մասնակիցների թվում են Մոսկվայի դրամատիկական թատրոնը, Կիևի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, Կամերային երաժշտական, Մհեր Մկրտչանի անվան Արտիստական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները, ֆրանսիացի դերասաններ Թիերի Շարպիոն և Լալի Մեգնանը:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» ներկայացումով, փակման արարողությունը՝ հուլիսի 8-ին Կիևի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումով:

Փառատոնի շրջանակում նախատեսված են ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ ամենօրյա քննարկումներ, որոնք ուղիղ կհեռարձակվեն հեռուստատեսությամբ:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնն ունի մասնագիտական հանձնախումբ, որի անդամներն են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դերասան Անատոլի Կոտը, դերասան Վարդան Պետրոսյանը, դրամատուրգ Աննա Աղասարյանը, կինոռեժիսոր Լևոն Մինասյանը, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Փառատոնային ներկայացումները կկայանան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Արվեստների ակադեմիայի դահլիճում:

Փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter