Ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր հայոց պատմություն առարկայի միասնական քննությունը: Ա.Աշոտյանը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Այսօր ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը, որն, ըստ Արմեն Աշոտյանին, հաջող է ընթացել:
«Անցյալ տարի արձանագրված քննությունների հանդարտ ընթացքը մենք ամրապնդեցինք նաև այս տարի. եթե տարիներ առաջ հանրությունն ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր ծնողները համամատաբար ավելի հանգիստ են: Թե կազմակերպչական, և թե բովանդակային խնդիրների շուրջ լուրջ դժգոհություն չկա, որն էլ իր հերթին վկայում է մեր աշխատանքի դրական արդյունքի մասին»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս տարի արձանագրվել են մեծ քանակությամբ բարձր գնահատականներ հատկապես հումանիտար առարկաներից, որն էլ ենթադրել է տալիս, որ շատ մասնագիտություների գծով մրցույթը թեժ է լինելու, և անցողիկ միավորների շեմը կբարձրանա հատկապես անվճար ուսուցման համակարգում:
«Սա հետևանք է այն հանգամանքի, որ թեստերի հեղինակներն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. քննական առաջադրանքների մեծ մասը շատ ավելի հեշտ էր, և ակնհայտ է, որ չափից դուրս հեշտ և չափից դուրս բարդ թեստերը երբեմն խոչընդոտում են գործընթացը՝ ազդելով մրցութային շեմի վրա»,- ասել է Ա.Աշոտյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ կանցկացվեն նախապատրաստական աշխատանքներ՝ շտեմարանների բազան ավելացնելու և դրանցում որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու:
Միասնական քննությունների արդյունքներն ըստ կարգի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի տարկետման խնդիրների իր գործառույթը հասցնի իրականացնել նաև պաշտպանության նախարարությունը:
Արմեն Աշոտյանը նաև հիշեցրել է, որ այն դիմորդները, ովքեր ստացել են դրական գնահատականներ, սակայն առաջին հայտով չեն ընդունվել, հնարավորություն կունենան լրացուցիչ հայտով դիմել և ստացած քննություններով ընդունվել բացառապես թափուր տեղեր մնացած մասնագիտությունների գծով:
Այսօր անցկացված քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը ԳԹԿ և ԿԳՆ պաշտոնական կայքերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել