Սիլիկոնյան հովտում գործող հայկական ՏՏ միության 100 կազմակերպություն ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանին և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում բացված ԴիջիԹեք բիզնես ֆորումի մասնակիցներին:
Տ.Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի այս հաջողությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, անցկացվող ֆորումները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հիշեցրել է, որ նախորդ տարի Տիգրան Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է «ԱրմԹեք» համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է:
«ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որ ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում, և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել