Անհայտ անձինք մեծ քանակությամբ զենք-զինամթերք են թողել
Հունիսի 21-ին` ժամը 17.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերաատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, փամփուշտի 3 շղթա և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը՝ ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 13 շենքի մոտից ձոր տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Իսկ արդեն 18.05-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի շենքի մոտ:
Ոստիկանները Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի դիմաց` ծառի տակ, հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տեսակի 11 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 13 պայթուցիչ, ինքնաձիգի 9 դատարկ պահունակ, 6 փամփշտակալ ժապավեն` լիցքավորված գնդացրի 227 փամփուշտներով, ծխարձակիչ 5 գլանակ և 5.45 մմ տրամաչափի 1.000 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել