
«Հենո, մենք քեզ հետ ենք». բողոքի ակցիա՝ ՀՖՖ-ի դիմաց
Համացանցում եւ մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին լայնորեն քննարկվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը ուկրաինական «Շախտյորից» անգլիական «Լիվերպուլ» եւ դրան առնչվող բարդությունները:
Ներկա պահին Մխիթարյանի տեղափոխությունը առկախված է, քանի որ լիվերպուլցիները վերջնահատվածում իմացել են, որ հայ խաղացողի իրավունքների 50 տոկոսն է միայն պատկանում Դոնեցկի թիմին, իսկ մնացած 50-ը կիսում են ուկրաինահայ գործարար, Դոնեցկի «Մետալուրգի» (Մխիթարյանը այստեղ խաղացել է 2009-2010 թթ., որտեղ տեղափոխվել էր Երեւանի «Փյունիկից») եւ Կրասնոդարի «Կուբանի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հունիսի 20-ին բլոգերների ու սոցցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը հայտնել է, որ այդ 50-ից 25-ը «Մետալուրգինն» է, իսկ մյուս 25-ը՝ «Փյունիկինը»: Ըստ նրա՝ «Փյունիկը» իրավունքներ ունի Մխիթարյանի հանդեպ, քանի որ նրան անհատույց է զիջել ուկրաինացիներին: Հիշեցնենք, որ «Մետալուրգն» իր հերթին 2010-ին 7,5 մլն դոլար է ստացել համաքաղաքացի «հանքափորներից», բայց փաստորեն, դրան զուգահեռ, շարունակել է մնալ 25 տոկոսի իրավատեր:
Խնդիրն այստեղ այն է, որ «Լիվերպուլը» այժմ ստիպված է համաձայնության գալ ոչ միայն «Շախտյորի» հետ, այլեւ «Մետալուրգի» ու «Փյունիկի» տերերի: Բլոգերների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը նշել է նաեւ, որ արդեն մեկ տարի երեւանյան ակումբի նախագահն իր որդին է: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանից հետո որոշ ժամանակ ակումբը նախագահել է նրա ընկեր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Ըստ անգլիական «Միրոր» պարբերականի՝ Մխիթարյանի համար «Լիվերպուլը» պատրաստ էր 23 մլն ֆունտ ստեռլինգ վճարել. ռեկորդային գումար հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Այս ձգձգումից եւ հայ փայատարերից մեծացող դժգոհություններից հետո «Ֆեյսբուք» ցանցում երկրպագուներից մեկը կոչ է արել երկուշաբթի օրը ակցիա կազմակերպել ՀՖՖ գրասենյակի դիմաց՝ Խանջյան 27 հասցեում:
Ներկայայացնում ենք կոչը:
«Ողջույն բոլորին. կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին:
Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ «Լիվերպուլ»: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ:
Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը:
Օգնենք Հենրիխին միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա:
Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենոյին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆուտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը: Հերոսական և հայրենասիրական խոսքերի հղումը:
Թե ում են իրականում պատկանում Հենրիխի տրանսֆերի իրավունքները, կարող եք կարդալ անգլիական և ռուսական մամուլում (այս դեպքում մեր հանցագործները չեն կարող նրանց ստիպել չհայնրայնացնել իրական խայտառակ պատկերը):
Այսպիսով՝ բոլորս միասին երկուշաբթի օրը՝ ժամը 13:00-ին, հավաքվում ենք ՀՖՖ-ի շենքի դիմաց և պահանջում ենք Նեմեց Ռուբոյի հրաժարականը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է՝ Խանջյան 27:
Հ.Գ. FAF և Red Eagles ֆանակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի մասին, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ ))
Դիմում եմ այդ անդամների ոչ ծախու մարդկանց, Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային:
Հենո, մենք քեզ հետ ենք!!!»:
Լուս.՝ shakhtar.com-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել