HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը

Հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կբացվի Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը: Այն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից կլարնետահար Վադիմ Լանդոն և 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

2008 թ. հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան)՝ այն 2010 թ.-ից ընդլայնվեց և դարձավ ալտի և թավջութակի փառատոն «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի աջակցությամբ՝ համերգային ծրագրերում ընդգրկելով ինչպես մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների, քարոզել հայ ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը, մշակել և իրականացնել ծրագրեր մարզային երաժշտական օջախների համար:

Փառատոնի շրջանակներում հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք, որը կմեկնարկի «Արս լունգա» դուետի նոր նախագծի՝ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» մաս 1-ին ձայնասկավառակների շնորհանդեսով (հունիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն): Շնորհանդեսին ներկա կլինեն ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները:

«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայանգրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (մաս I. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար) ծրագիրն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter