HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային շահն ու անձնական PR-ը

Վարդան Վարդանյան

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ԱԺ-ում ընդունվեց լիակատար միաձայնության մթնոլորտում: Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը փաստեցին, որ նման հարցում միասնական դիրքորոշման դրսեւորումը հույժ կարեւոր է: Սակայն, անդրադառնանք որոշ լրատվական արտահոսքերի կամ ապատեղեկատվության տարածմանը, երեւույթ, որ, վստահորեն կարող ենք ասել՝ առանձին պատգամավորներ կազմակերպել էին իրենց սեփական վարկանիշի բարձրացման նկատառումներով:

Մինչ միտումնավոր տարածված կեղծ տեղեկություններին անդրադառնալը նշենք, որ օրենքի ընդունումն առանց դեմ եւ ձեռնպահ ձայների հստակ ուղերձ էր նաեւ Ադրբեջանին, որ Արցախի հարցում, կամավորականությանը պետականորեն ճանաչելու եւ խրախուսելու հարցերում ՀՀ քաղաքական ուժերը, իշխանությունն ու ընդդիմությունը, ողջ հանրությունը միասնական են: Այս օրենքի միասնաբար ընդունումը, կարելի է ասել, անհրաժեշտ էր հենց թեկուզ ազգային անվտանգության տեսանկյունից: Հիմա ԶԼՄ-ներում միտումնաբար տարածվող խոսակցությունների մասին:

Առանձին լրատվամիջոցներ, վկայակոչելով «սեփական անանուն աղբյուրների», նշում են, թե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով է, որ օրենքն ընդունվել է միաձայն: Ինքնին հասկանալի է՝ նկատի է առնվում, թե իբր Ջհանգիրյանի ազդեցությամբ են օրինագծին կողմ քվեարկել ընդդիմադիր կամ ոչ իշխանական բոլոր խմբակցությունները: Կասկած չունենք, որ նման լուրեր տարածողը կամ անձամբ Ջհանգիրյանն է, կամ իր մերձավորագույն շրջապատից մեկը: Բայց դիմենք առողջ դատողությանը: Ենթադրենք՝ Ջհանգիրյանն իսկապես էլ կարող է ազդել Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումների վրա կամ կարող է նշված անձանց խնդրել, որ կոնկրետ դեպքում քվեարկեն այս կամ այն կերպ: Իսկ կարո՞ղ է որեւէ մեկը պատկերացնել, թե Ջհանգիրյանն ինչպե՞ս պետք է ազդեցություն ունենա Զարուհի Փոստանջյանի կամ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման վրա: Պատասխանը միանշանակ է՝ եթե այս անձանց համար կողմնորոշիչ լինի էլ Ջհանգիրյանի դիրքորոշումը, ապա միայն այդ դիրքորոշմանը հակադրվելու տեսանկյունից:

Հաջորդ «բադիկը», որ փորձ արվեց բաց թողնել մամուլի միջոցով: Հպարտորեն ինքն իրեն Շմայս անվանող Առաքել Մովսիսյանը լրագրողների ականջին շշնջացել էր, թե գիտեք՝ եթե ես հեղինակեի այս օրենքը, ապա այն ավելի լավը կլիներ, ավելի ընդգրկուն: Սա, առնվազն ծիծաղելի է: Բա Շմայս, դու տասը տարուց ավելի է՝ պատգամավոր ես, ինչո՞ւ մտքովդ չէր անցնում «ավելի լավ» օրենք երկնել: Ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չէին գալիս իրենց երկրապահ համարող այլ պատգամավորներ, որ տասը տարուց ավելի եղել են ԱԺ-ում ու երբեք ոչ ելույթ են ունեցել, ոչ որեւէ նախաձեռնությամբ են հանդես են եկել: Օրինակ, Պավլիկ Մորոզով մականունը հերթական անգամ արդարացրած Հրանտ Գրիգորյանը, որ 14 տարի պատգամավոր է աշխատել, իրեն էլ համարում է ազատամարտի մասնակից, ինչո՞ւ չէր մի երկու լավ բան առաջարկում այս խավի համար:

Հաջորդ տարածվող ապատեղեկատվությունը, որ եթե օբյեկտիվ գնահատենք, ՀՀ ազգային անվտանգությանը հարվածելու փորձ է, ակնհայտորեն օրենքը չկարդացած Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) տարածած դեզինֆորմացիան է, թե իբր ընդունված օրենքը վերաբերում է բացառապես ԵԿՄ անդամներին: Սա ազատամարտի մասնակիցներին միմյանց դեմ հանելու, միմյանցից հեռացնելու ստոր փորձ է: Եթե օրենքը մեկ առանձին հասարակական կազմակերպության անդամների վերաբերեր, ապա մի՞ թե դրան կողմ կարտահայտվեին Հայաստանի անխտիր բոլոր քաղաքական ուժերը: Լինենք անկեղծ՝ այսօր մեր ԱԺ-ում ներկայացված են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք քիչ թե շատ ազդեցություն ունեն հանրության մեջ, որոնք ոչ թե ձեւականորեն գրանցված են, այլ՝ փաստացի էլ գործում են, ունեն կողմնակիցներ: Կարող ենք բանավիճել, թե որքանով է քաղաքական ուժերի ներկայացվածությունը համապատասխանում հանրության կարծիքին, կարող ենք վիճել, որ ընտրություններում եղել են էական խախտումներ, սակայն, ակնհայտ է, որ, ի տարբերություն 2009-2010 թվականների, իրականում գործող բոլոր քաղաքական ուժերն էլ այս կամ այն չափով ներկայացված են խորհրդարանում:

Եթե օրենքը վերաբերեր միայն ազատամարտիկների մեկ առանձին հատվածին, ինչպե՞ս կարող էին դրան միաձայն կողմ լինել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը: Իրականում օրենքում հստակ սահմանված է, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանում են այն անձինք, ովքեր 1989-94 թթ. մասնակցել են ռազմական գործողությունների կամ ռազմական գործողությունների գոտում կամավոր հիմունքներով անվճար մասնագիտական սպասարկում են իրականացրել՝ եղել են բժիշկ, խոհարար, լրագրող, ընդգրկված են եղել ռազմական գոտում հումանիտար առաքելություն իրականացնող մարդատար օդանավերի եւ ուղղաթիռների անձնակազմերում եւ այլն: Օրենքում խոսք չկա ԵԿՄ անդամության մասին: Դեռ ավելին՝ միջգերատեսչական հանձնաժողով ձեւավորելիս, համապատասխան անձանց կարգավիճակ շնորհելիս եւս ԵԿՄ-ն որեւէ գործառույթ չունի, ինչը միանգամայն արդարացի եւ օբյեկտիվ մոտեցում է:

Տարածվող ապատեղեկատվություն է նաեւ այն, թե իբր այս օրենքի քննարկումն ու ընդունումն ուղղակի արձագանք էր Ազատության հրապարակում բողոքի զանգվածային միջոցառումներ անցկացնող մի խումբ ազատամարտիկների գործողությունների եւ օրենքն, իբր այդ առումով բացարձակապես ոչինչ չի տալիս: Նախ՝ ակնհայտ է, որ օրենքի նախագծի քննարկումները սկսել են դեռ 2012-ի աշնանից՝ դա չէր կարող լինել վերջին 1-2 ամսվա զարգացումների ուղղակի արձագանք: Եվ հաջորդը՝ օրենքի ընդունումն, ինչպես փաստարկված ներկայացնում էին դրա հեղինակները, բարոյական նշանակություն ուներ, իրավական կարգավիճակի ամրագրումն էր իմաստը, ինչը հնարավորություն կտա հետագայում, հաշվի առնելով պետության ռեսուրսները, փուլ առ փուլ հարկային եւ սոցիալական արտոնություններ շնորհել կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց:

Սակայն, առնվազն 2145 հոգու համար կոնկրետ խնդիր լուծվում է հենց այս պահից: Դա այն մարդիկ են, ովքեր իրական մասնակցություն են ունեցել ազատամարտին, սակայն 1992-ի հունվարի 28-ից՝ պաշտոնական բանակի հիմնումից հետո չեն գրանցվել պետական կազմավորումներում: Այս օրենքի ընդունմամբ արդեն իսկ նշված 2145 հոգին (բնականաբար, դա նախնական հաշվարկ է՝ ճշգրտման ենթակա թիվ) կարգավիճակով հավասարեցվում են այն մոտ 80 000-ին, ովքեր օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի ընձեռած արտոնություններից:

Ցավալի է հատկապես, երբ փորձում են ամբոխահաճությամբ զբաղվել իշխանական խմբակցության պատգամավորները: Երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կամ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն են օրենքի քննարկման ժամանակ առաջարկում հենց այս պահից կոնկրետ սոցիալական արտոնություններ սահմանել, միանգամայն ընդունելի է: Սակայն, անթույլատրելի է, երբ նույնն անում է ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:

Չէ՞ որ ինքը չի կարող տեղյակ չլինել, որ օրինագծի նախնական տարբերակում արտոնություններ նախատեսված եղել են, բայց իր խմբակցության, իր քաղաքական թիմի ղեկավարներն առաջարկել են այս տարվա բյուջեն ազատել չնախատեսված ծանրաբեռնումից՝ խոստանալով, որ ընթացիկ աշնանն արդեն լրացուցիչ օրենսդրական ակտեր կընդունվեն, եւ հաջորդ տարվանից պետությունը կարգավիճակ ստացողների վրա կսկսի գումարներ ծախսել: Չէ՞ որ այս տեղեկությունը հենց ՀՀԿ ղեկավարների ջանքերով սպրդել է մամուլ: Ճիշտ չէ, ուրեմն, տեսք ընդունել, թե իբր օրինագծի հեղինակները չեն նախատեսել սոցիալական արտոնությունների սահմանում, իսկ ես առաջարկում եմ: Բա որ հանկարծ օրինագծի հեղինակներն էլ տեղում հայտարարեին՝ թե ընդունում ենք Ձեր առաջարկը, բերեք արտոնություններն այս պահից սահմանենք, առաջարկի հեղինակ ՀՀԿ-ականը դրան կո՞ղմ էր քվեարկելու:

Ամփոփելով ասվածը՝ կարելի է եզրակացնել, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկումն ու միահամուռ համաձայնության արժանացնելը ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանունակության ամրացմանն ուղղված կոնկրետ քայլ էր, որն անպայման պետք է շարունակություն ունենա: Ընդունված օրենսդրական փաթեթի հետագա հարստացման, ընդլայնման ժամանակ էլ պետք է բացառել այն անհատների ինքնագործունեությունը, ովքեր կձգտեն դրսեւորվել, կայանալ իրենց անձնական դերն արժեւորող ապատեղեկատվության տարածմամբ: Սա այն խնդիրը չէ, որի շահարկմամբ կարելի է «անձնական միավորներ վաստակել»:

Լուսանկարում՝ իրենց սոցիալական պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկների բողոքի ակցիան հունիսի 6-ին: Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի:

Մեկնաբանություններ (1)

Avo
Ընդունված օրենսդրական փաթեթի հետագա հարստացման, ընդլայնման ժամանակ էլ պետք է բացառել այն անհատների ինքնագործունեությունը, ովքեր կձգտեն դրսեւորվել, կայանալ իրենց անձնական դերն արժեւորող ապատեղեկատվության տարածմամբ: Սա այն խնդիրը չէ, որի շահարկմամբ կարելի է «անձնական միավորներ վաստակել»: ԲՐԱՎՈ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter