GFI Software-ը նախատեսում է կրկնապատկել հայաստանյան մասնաճյուղի աշխատողների թիվը
Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը:
Կողմերը նշել են, որ հուշագիրը կնպաստի Հայաստանում GFI Software ընկերության ծրագրերի ընդլայնմանը:
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության՝ 2011 թ.-ից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ: Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել: GFI Software ընկերության գլխավոր տնօրենն ընդգծել է ՏՏ բնագավառի հայաստանցի մասնագետների բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները:
GFI Software ընկերությունը ցանցային ադմինիստրատորներին հնարավորություն է ընձեռնում լուծել ցանցի անվտանգության և բովանդակության, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանցման բոլոր խնդիրները ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով:
Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին' ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
GFI Software-ը հիմնվել է 1992թ. և ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալթայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում և Կիպրոսում: «GFI Software»-ի գործընկերների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 10 հազարը: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել