
Կրկեսի մոգական աշխարհը՝ առաջին անգամ Արցախում
Երևանի կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը:
Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:
«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգևի իր էներգետիկայով և կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության և կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամն ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաև Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը ևս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,- նշում է Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաև ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:
Ամռան ընթացքում` արցախյան շրջագայությունից հետո, կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Մինչ այժմ Երևանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել