
Միրաքյան 50 տան բնակիչները զրկվել են տնամերձ հողամասից
Միրաքյան 50 հասցեի (Natuzzo կահույքի սրահի հարևանությամբ) բնակիչները զրկվել են տնամերձ հողատարածքից: Երկար ժամանակ նրանք նույնիսկ սեփական տուն մտնելու հնարավորություն չունեին. պարսպի վրայով էին ներս մտնում:
Պատճառն այն է, որ «Անի» ՍՊԸ-ն քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերով դարձել է այդ տարածքի սեփականատերը, մինչդեռ նույն այդ հողակտորի համար մինչև վերջերս հողի հարկ էին վճարում Միրաքյան 50 տան բնակիչները: Այդ տան սեփականատերը Ռոմելա Բենգոլյանն է, ով ամուսնու` Գառնիկ Բալայանի հետ երկար տարիներ բնակվում է այդտեղ: Ամուսինների խոսքերով, իրենք տնամերձ այգի ունեին, որը ներառված է եղել իրենց տան հատակագծի մեջ, սակայն, երբ «Անի» ՍՊԸ-ն ձեռք է բերել այդ տարածքի սեփականության վկայական, իրենք զրկվել են ոչ միայն այգուց և հողակտորից, այլ նաև սեփական տուն մուտք գործելու, ինչպես նաև ավտոմեքենան ավտոտնակ մտցնելու հնարավորությունից:
«4 տարի վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը մեզ տարավ-բերեց, նույնիսկ անձամբ եկավ այստեղ, տեղում ուսումնասիրեց գործը: Քաղաքապետի աշխատակցի հետ եկավ, ասաց` այս հողը Բենգոլյան Ռոմելայինն է: Սակայն վերջին օրը, երբ արդեն պետք է վճիռը հրապարակվեր, պարիսպը քանդվեր, մեր վնասն էլ փոխհատուցվեր, մերժեց: Տվեցինք վերաքննիչ դատարան, նա էլ մերժեց: Տվեցինք գործը Վճռաբեկ դատարան, որն էլ մեկ ամիս անց, առանց դատ անելու, գործը հետ ուղարկեց մեր տուն»,- ասում է Գառնիկ Բալայանը:
Նրա խոսքերով, ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2003 թվականին օրենք հանեցին, որ պետք է բոլոր հողերը սեփականաշնորհվեն: Իրենք դիմում են գրել կադաստր տնամերձ հողակտորի համար նոր սեփականության վկայական հանելու համար: Այդ ժամանակ իրենց ասել են, որ այդ տարածքը, որի համար իրենք դեռ հարկ էին վճարում, վերցրել են. այն արդեն «Անի» ՍՊԸ-ի նախագծի մեջ է: Ճարտարապետն այդ տարածքը հատակագծում նշել է որպես ազատ տարածք, քաղաքապետարանն էլ դրա հիման վրա 25 տարվա վարձակալության թույլտվություն է տվել «Անի» ՍՊԸ-ին: Բայց այդ գծագրի մեջ նշված չէին մոտակա տները, որոնցից մեկը Ռոմելիա Բենգոլյանինն է:
Հետաքրքրական է նաև այն, որ վարձակալության պայմանգիրը հետագայում վերածվել է սեփականության պայմանագրի՝ նույն փաստաթղթի վրա ջնջում կատարելու օգնությամբ` «վարձակ. է 25 տ. ժամկետով»-ը փոխվել է «սեփականություն» բառով:
«Անի» ՍՊԸ-ն իր սեփականացրած տարածքը պարսպապատել է, ինչի արդյունքում էլ Միրաքյան 50 տունը մասամբ մեկուսացվել է արտաքին աշխարհից: Քաղաքապետարանի թույտվությամբ կառուցված պարիսպը բնակելի տնից կես մետրից էլ քիչ հեռավորությամբ է կառուցված:
«Անձևրևաջրերը գալիս են, տեղ չկա գնալու, ամբողջը լցվում է տանս տակ»,- ասում է Գառնիկ Բալայանը:
Պահպանված անդորրագրերը վկայում են, որ 1966 թվականից մինչև 2012 թվականը իրենք հողի հարկ են մուծել: «Կադաստրն ասում է` քոնն է, թաղապետարանն ասում է հողի փողը մուծի, իսկ քաղաքապետարանն ասում է` իրենցն է»,- ասում է Գառնիկը:
Նրա խոսքերով, շենքի տերը` Արմեն Մխիթարյանը, իրենց առաջարկել էր
2000 դոլար գումար վարչական դատարանից գործերը հետ վերցնելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են 150 քառակուսի մետր հողը 2000 դոլարով զիջելու պայմանից:
«16 տարի ես իրենց պահակն էի, որպեսզի պատի վրայով չթռնեմ տուն մտնելու համար, ասացին՝ այս մի պատը քանդիր ազատ ելումուտ անելու համար: Քանդեցի, ինձ քաղմաս տվեցին պատ քանդելու համար: Դրանից հետո աշխատանքից ազատվեցի:
«Բալենու ծառս 70 թվից կա, իմ հողամասում խաղողի վազեր էլ ունեմ: Նա ասաց`քո բալենին ինձ պե՞տք է, կբերեմ «Բելառուսով» ամբողջը հողին կհավասարեցնեմ: Ասացի` չես կարող, որ աղքատ եմ, թոշակառու եմ, դու էլ փողատեր ես, եկել ես հողս վերցրել ես, հետո՞»,- ասում է Գառնիկ Բալայանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել