Սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և դիաբետը 1-ին 3 տեղն են զբաղեցնում մահացության կառուցվածքում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն Պեկկա Պուշկային, ով միաժամանակ առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահն է։
Դ.Դումանյանը հյուրին ներկայացրեց ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանում նախատեսված ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձավ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի սկրինինգների իրականացմանը։
«Այս հիվանդությունները մեր երկրում մահացության կառուցվածքում 78 տոկոս են կազմում՝ զբաղեցնելով առաջին 3 տեղը։ Հենց այստեղ ենք ցանկանում կտրուկ քայլեր իրականացնել՝ առաջնորդվելով Ֆինլանդիայի փորձով։ Միաժամանակ ակնկալում ենք Ձեր ղեկավարած ինստիտուտի աջակցությունը մեզ համար գերակա մի շարք լուրջ ծրագրերի, առաջին հերթին հիվանդությունների վարման ուղեցույցների, բուժման չափորոշիչների և սխեմաների ներդրման գործում։ Ծավալուն այս աշխատանքը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտը սկսել է։ Մեծ կլինի Ֆինլանդիայի առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի աջակցությունը, եթե մեզ տրամադրվեն Ձեր երկրում կիրառվող չափորոշիչները՝ դրանց հիման վրա ազգային պրոտոկոլներ մշակելու համար»,-ասաց Դ.Դումանյանը։
Պ.Պուշկան, դրական արձագանքելով առաջարկին, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս օգտակար լինել Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերին։
Պեկկա Պուշկան ասաց, որ դեռ անցած դարի 60-70-ականներից Ֆինլանդիայում լուրջ խնդիր էր ոչ վարակիչ և առաջին հերթին սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, որի պատճառով շատ երիտասարդներ էին մահանում։ Գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ, հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն էին։
«Դեռ այն ժամանակ գիտականորեն ապացուցված էր, որ առավել կարևոր է հիվանդության կանխարգելումը։ 70-ական թթ.-ից նախ երկրի հյուսիսային հատվածում, ապա ողջ Ֆինլանդիայում սկսեցինք կանխարգելիչ բազմաշերտ ծրագրեր իրականացնել՝ հետզհետե խորացող պայքար ծխախոտի ու ալկոհոլի դեմ, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրում։ Արդյունքներն ավելին էին, քան մենք էինք սպասում։ Վերջին 30 տարում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների կանխարգելման արդյունքում Ֆինլանդիայում 35-64 տարիքային խմբում 80 տոկոսով նվազեց մահացությունը սրտանոթային հիվանդություններից, 10 տարով երկարեց կյանքի տևողությունը»,- ասաց Պեկկա Պուշկան։
Նա այդ հաջողության գրավականներից մեկն էլ համարում է այն, որ իրենց երկրում առողջապահական խնդիրներին միջհամակարգային մոտեցում է ցուցաբերվում։ Ցանկացած գերատեսչություն յուրաքանչյուր ծրագիր մշակելիս հաշվի է առնում առողջապահական առումով ազդեցության գնահատականները։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել