HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՌԴ-ն նահանջել է իր պարտավորություններից». «Ազատ դեմոկրտաներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:

Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997 թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ելնելով նշվածից` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ  իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:

Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

26, հունիսի 2013թ.

ք. Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter