
Փաստաբանները ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն դատավորին եւ բոյկոտում դատական նիստերը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա աղջիկը՝ Մանյա Ղուկասյանը, համառորեն խուսափում են ներկայանալ Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստերին: Հունիսի 20-ին նրանք դատարան գրություն էին ուղարկել, որով տեղեկացրել էին, թե բուժվում են Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Թե ինչպես էր ստացվել, որ քրեական գործով որպես վկաներ ներգրավված հայր ու դուստր Ղուկասյանները միաժամանակ հայտնվել էին նույն հիվանդանոցի միեւնույն բաժանմունքում, պաշտպանական կողմի համար առնվազն տարակուսելի էր:
«Մանյա Ղուկասյանի համար գրել են, որ իբր թե կույր աղին է բուժում: Ինչքան գիտեմ՝ կույր աղիի դեպքում կամ-կամ տարբերակն է, այն պարզապես հեռացնում են: Ես երբեւէ չեմ լսել, որ այն բուժեն»,- նկատեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Հունիսի 25-ի դատավարության ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը, փորձելով հերթական անգամ դատարանից ճշտել Ղուկասյաններին բերման ենթարկելու հարցը, հայտարարեց, որ վկա Վարդան Ղուկասյանը ստում է: Վերջինս հիվանդ չէ եւ չի բուժվում հիվանդանոցում, քանի որ լրատվամիջոցներում կան հրապարակումներ վերջինիս հեռուստաելույթի մասին տեղական հեռուստաընկերությամբ, բացի դրանից, հունիսի 24-ին նախկին քաղաքապետը բավական մեծ ակտիվությամբ մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու գմբեթում ծագած հրդեհի մարման աշխատանքներին: «Այս մասին կան բազմաթիվ վիդեոնյութեր, եւ դատարանը կարող է հեշտությամբ ճշտել դրանք»,- նշեց փաստաբան Հունան Բաբայանը:
Պաշտպանական կողմը հունիսի 25-ի դատավարության ժամանակ, ինչպես եւ նախորդի, դեմ արտահայտվեց դատակոչված վկաներ Անահիտ Նիկոլյանի, Մանյա եւ Վարդան Ղուկասյանների նախաքննական ցուցմունքների հրապարակմանը: Հունիսի 20-ի դատական նիստի ժամանակ փաստաբան Հունան Բաբայանը դատավոր Մարտին Սարոյանի նույն այդ որոշումը բոյկոտել էր՝ ցուցադրաբար լքելով դատական նիստերի դահլիճը, իսկ ամբաստանյալը պնդել էր, որ հատկապես Մանյա Ղուկասյանը հրավիրվի դատարան: «Բա բերեք տեսեք՝ ճանաչու՞մ եմ գոնե ես էդ աղջկան: Մեղադրանքը կարդում եմ, ոնց որ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից լինի: Ո՞վ է սպանվել՝ չես հասկանում, ու՞մ եմ խանդել՝ չեմ հասկանում»,- հայտարարել էր ամբաստանյալը եւ նշել, որ առանց փաստաբանի չի ցանկանում շարունակել դատական նիստը:
Հունիսի 25-ի դատական նիստի ժամանակ դատարանը հնարավորություն ունեցավ լսելու միայն դատակոչված վկա, ներկայումս զինծառայող Աշոտ Գինոսյանին: Վերջինս 2012 թ.-ին ընդամենը 3 ամիս աշխատել էր Շիրակացի փողոցում գտնվող ավտոլվացման կետում եւ դեպքի օրը եղել էր աշխատավայրում: Վկայի ցուցմունքը բովանդակային առումով շատ քիչ էր տարբերվում գործընկերների ցուցմունքներից: Վկան չէր ճանաչում ամբաստանյալին եւ գործի հետ կապված որեւէ էական բան ասել չկարողացավ: Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե դեպքի առնչությամբ քանի անգամ է հարցաքննվել վկան: «Երկու անգամ,- պատասխանեց Աշոտ Գինոսյանը,- մի անգամ հարցաքննել են, մյուս անգամը ցուցմունք եմ գրել»: Ի դեպ, ցուցմունք տալու համար Աշոտ Գինոսյանին ոստիկանություն են հրավիրել գիշերը ժամը 01-ին:
Դատավոր Մարտին Սարոյանը հունիսի 25-ի դատական նիստի ժամանակ եւս որոշեց հրապարակել բացակայող վկաների նախաքննական ցուցմունքները: Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ նշելով, որ հատկապես Անահիտ Նիկոլյանը չի հրաժարվել դատարան գալուց: «Նա գրությամբ տեղեկացրել է, որ անկողնային հիվանդ է եւ կփորձի թեկուզ հենակներով ներկայանալ դատարան: Մենք պարտավոր ենք լսել մնացած 3 վկաներին եւս, մանավանդ որ դատարանը հնարավորություն ունի նրանց բերման ենթարկելու, սակայն, չգիտես ինչու, չի օգտվում իր այդ իրավունքից»,- նկատեց Լուսինե Սահակյանը:
Պաշտպանական կողմը դատարանին մեղադրեց կողմնապահության մեջ: «Դուք թուլություն ենք հանդես բերել հատկապես Ղուկասյաններին դատարան բերման հարցում: Դուք, հարգելի դատարան, ընդամենը մեկ անգամ քաջություն ունեցաք նրանց նկատմամբ բերման որոշում կայացնելու, սակայն դրանից հետո հետամուտ չեղաք ձեր իսկ կայացրած որոշման իրականացմանը: Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեք, որովհետեւ չեք կարող կայացնել անկողմնակալ, օբյեկտիվ որոշումներ»,- հայտարարեց փաստաբանական կողմը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Դատավորը հեռացավ խորհրդակացական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Վերդառնալուց հետո դատարանը մերժեց փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը կշարունակվի այսօր՝ նույն դատավորի՝ Մարտին Սարոյանի նախագահությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել