Մարո Գուլոյանի գործը նորից բացվում է
Կանանց ռեսուրս կենտրոնը հայտնում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Աբովյան) հունիսի 27-ին` ժամը 10:30, տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստ: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը:
Բողոքում բարձրացված հարցը, սակայն, իր լուծումը գտել է մինչև դատաքննությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրել են, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և գլխավոր դատախազի որոշմամբ՝ կարճման որոշումը վերացվել է: Այսպիսով՝ Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է:
«Շատ հուսադրող է այն փաստը, որ գոնե այս անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը չանտեսեց տուժող կողմի բողոքը և չմերժեց նրա օրինական պահանջը: Այսքանով, սակայն,գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու երաշխիքներ դեռ չեն ստեղծվել, քանզի դրա համար անհրաժեշտ է Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը տեղափոխել Երևան: Տուժող կողմը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» շարունակելու են իրենց համատեղ պայքարն այս ուղղությամբ», -ասվում է Կանանց ռեսուրս կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել