HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Արցախում զոհված դսեղցիների հուշարձան

Երեկ Դսեղում բացվեց Արցախի գոյամարտում զոհված 33-ամյա ուսուցիչ Արթուր Մուրադյանի և 19-ամյա զինծառայող Մհեր Հախվերդյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշարձանի բացման արարողությունը կատարեց Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը: Վերջինիս կողմից նաեւ մատաղ մատուցվեց հուշարձանի բացման արարողության մասնակիցներին:

«Ես Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի պատերազմական հաղթանակների դափնեպսակն եմ համարում: Մենք այսօր բացում ենք մեր ազգի 2 այն նվիրյալների հուշարձանը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատագրմանը: Մենք նրանց հիշատակի առաջ հարգանքի տուրք մատուցելով ենք բացում այս հուշարձանը»,- ասաց Դսեղի գյուղապետը: Արցախի ազատագրմանը մասնակցել են 18 դսեղցիներ:

Ազատամարտիկ Արթուր Մուրադյանը Արցախում զոհվել և 1994 թ.-ին, իսկ Մհեր Հախվերդյանի զինվորական ծառայությունը ընդհատվել է 1998 թ.-ի դեկտեմբերի 12-ին Մարտակերտի զորամասի սահմանային դիրքերում: Զինվորի մահվան թղթում գրանցված է. «Զոհվել է սահմանային գծում ` մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ»: Մհերը ծնվել է 1979 թվականին, իր ծնողների միակ տղան էր: Նա հայրենիքի հանդեպ իր զնվորական պարտքը կատարելու համար բանակ է մեկնել 1997 թ.-ի հոկտեմբերի 15-ին: «Մհերը ծառայում էր Մարտակերտում, դիրքերում սնայպերի կրակոցից է զոհվել»,- ասաց հայրը՝ Վահագնը:

«Մհերս շատ ընկերասեր էր, մարդամոտ էր և աշխատասեր,- որդուն ներկայացրեց մայրը` տիկին Լիլիան:- Երազում էր , որ Ղարաբաղում ծառայի»: Մհերի զոհվելու հանգմանքների մասին ծնողներին Մարտակերտի զինվորական զորամասից և Թումանյանի զինկոմիսարիատից հստակ տեղեկություն չէին տվել: «Մենք այստեղից-այնտեղից լսելով գիտենք Մհերի զոհվելու հանգամանքերի մասին: Մհերին երկու զինվորական բերեցին, մի զինվորականը Մարտակերտի զորամասից էր: Մեր տեղեկություններով՝ Մհերի զոհվելուց հետո զորամասում մի երկու հոգու բռնել են, խառը վիճակ է եղել զորամասում»,- ասաց հայրը:

«Իրենք ասել են, որ ինչ-որ մեկը, չգիտեմ, ուրիշի է ուզեցել խփի, չգիտեմ ոնց, Մհերի համար նստող է եղել: Ասում են՝ ով մեղավոր է, պատիժը կրում է»,- հայտնեց տիկին Լիլիան: «Իմ որդին չկա, էլ ինչ ուզում է անեն»,- հավելեց Վահագնը: Մհերից ծնողներին մնացել է իրենց որդու կորստյան ցավը և 30 հազար դրամ ամենամսյա նպաստը:

Ամուսինները գոյատևում են այդ 30 հազար դրամով և իրենց այգու բերքով: «Ամեն մայիսի 9-ին Դսեղի գյուղապետարանը մեզ որդուս զոհվելու համար 30 հազար դրամ է տալիս: Որդիս աշխատասեր էր, հայրենասեր էր, էդ հաստատ է: Քանդակագործություն և նկարչություն շատ էր սիրում, երբ բանակից նամակ էր ուղարկում, մոտ երկու էջի վրա բանակային կյանքից նկարներ էր անում: Լավ ձեռք ուներ Մհերը»,- 15 տարիների հեռավորությունից հիշեց զինվորի մայրը: «Ես էլ եմ Ղարաբաղում ծառայել, Աղդամի զորամասում եմ ծառայել, կոմունիստների ժամանակ: Մհերն ինձ ասում էր. «Դու Ղարաբաղում կարողացել ես ծառայել, ես չե՞մ կարող ծառայել, իմ հայրենիքն է, պետք է Ղարաբաղ գնամ»: «От души» Մհերս գնաց բանակ: Չէի ուզում` բանակ գնա: Ուզում էի՝ Ռուսաստան փախցնեմ, չեկավ, հետս էլ կոպիտ խոսաց, չեկավ»,- հիշեց Վահագնը:

Տիկին Լիլիան ասաց, որ  բանակից Մհերի ուղարկած նամակները Բագրատաշենում ամուսնացած քույրը իր հետ տարել է, իրենք էլ ապրում և մխիթարվում են իրենց երկու թոռնիկներով: Հունիսի 30-ին Մհերի ծննդյան օրն է: Հավերժի ճամփորդ 19-ամյա Մհերը այդ օրը 34 տարեկան կդառնար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter