
Բողոքի ակցիա՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց (լուսանկարներ)
Երկու օր առաջ 7 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Դանիելյանի հարազատները Հրազդանից եկել էին Երևան և ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի միջոցով արդարություն հաստատելու պահանջ էին ներկայացնում: Մկրտիչի քրոջ` Լուսինեի խոսքերով՝ իր եղբորն անհիմն և անարդար դատապարտել են մի արարքի համար, որը նա չի գործել:
Խոսքը 2008 թվականի հոկտեմբերին Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասին է: «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ 2106»-ին, որի արդյունքում երկրորդ մեքենայի մեջ գտնվող երկու ուղևորները մահացել էին: Մկրտիչ Դանիելյանը «Մերսեդեսի» մեջ է եղել: Լուսինեի խոսքերով՝ Մկրտիչը Երևան գալիս է եղել, և տեսնելով համագյուղացիներից մեկի` Գագիկ Հովսեփյանի մեքենան («Մերսեդեսը»), խնդրել է իրեն փոխադրել: Գյուղից դուրս գալու ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը:
Լուսինեն և Մկրտիչի մյուս հարազատները միաձայն պնդում են, որ նա մեքենա վարել ընդհանրապես չգիտի, դատական փորձաքննությունը ևս վկայում է այն մասին, որ Մկրտիչը վթարի պահին գտնվելիս է եղել վարորդի կողքին, սակայն գործով դատախազ Հակոբ Մարտիրոսյանի մեղադրանքի համաձայն՝ հենց նա է եղել ղեկին, հետևաբար և մեղավոր է:
Մկրտիչի եղբոր` Մակիչի խոսքերով՝ Գագիկ Հովսեփյանը հենց սկզբից իր մեղքը խոստովանել էր, սակայն երբ Մկրտիչն ավտովթարից հետո հայտնվել էր կոմայի մեջ և կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, դատավարության ընթացքը փոխվեց:
Գագիկ Հովսեփյանը 2010 թվականին արդարացվեց, որից հետո մեղադրանք առաջադրվեց Մկրտիչ Դանիելյանին:
Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Մկրտիչի եղբայրը` Մակիչը, ով առանձնազրույց ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, ասաց, որ իրենք բողոքարկելու են հաջորդ դատական ատյանին, բայց եթե այս գործով շարունակի զբաղվել նույն դատախազը` Հակոբ Մարտիրոսյանը, որը, Մկրտիչի հարազատների համոզմամբ, ակնհայտ կողմնապահություն է ցուցաբերում, ապա իրենք չեն բավարարվի Հայաստանի դատարաններով ու կդիմեն Եվրադատարան:
Մեկնաբանել