HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Դուետ» միջազգային փառատոնն այս անգամ կանցկացվի Գյումրիում

Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ, Գյումրիում հուլիսի 1-ից 8-ը անցկացվելու է «Դուետ» միջազգային փառատոնը: «Ընչի Էրեվնները փառատոն կեղնի, Գյումրի չի էղնի՞…Վերջը էղա՜վ… Տեսա՞ք…Ա՛յ, ըդպես…»,- փառատոնի մասնակիցներին ուղղված իր կարճ ուղերձում այսպես է արտահայտվել Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, «Դուետ» փառատոնի նախագահ Նիկոլայ Ծատուրյանը:

Փառատոնին մասնակցելու հայտ ներկայացրած 30 թատերախմբերից ընտրվել է 19-ը, որից 12-ը ներկայացնում է Հայաստանը, իսկ մյուսները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը: Փառատոնի մեկնարկը ազդարարելու է Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան. կյանք վարդագույն լույսի մեջ» ներկայացումը, ըստ Լիոնել Գոլդշտեյնի ստեղծագործության: Ներկայացման բեմադրիչը Լեո Մանն է, դերակատարները՝ Ստանիսլավ Էվենտովը եւ Անատոլի Կոտը: Փառատոնի առաջին ներկայացման ընտրությունը խորհրդանշական է նաեւ նրանով, որ ռեժիսոր Լեո  Մանը նույն ինքը գյումրեցի երիտասարդ ռեժիսոր Լեւոն Մինասյանն է:

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ողջունելով «Դուետ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, նախ շնորհակալություն է հայտնել, որ փառատոնի բացման պատիվը շնորհվել է Մոսկվայի դրամատիկական թատրոնին, այնուհետեւ հույս հայտնել, որ փառատոնը կդառնա այս տարվա ամենավառ ու հիշվող իրադարձություններից մեկը ոչ միայն Հայաստանում, այլեւ այն բոլոր երկրներում, որոնք իրենց մասնակցությունն են բերելու:

Փառատոնի բյուջեն 11 մլն 600 հազար դրամ է: Գումարի կեսից ավելին՝  6 մլն դրամը, հատկացրել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, իսկ 5 մլն դրամը՝ մշակույթի նախարարության պահուստային ֆոնդից: Ներկայացումներն հիմնականում անցկացվելու են Գյումրիի դրամատիկական թատրոնում եւ Գեղարվեստի ակադեմիայում: Ներկայացումներից հետո նախատեսվում են հեռուստաքննարկումներ:

«Դուետ» միջազգային փառատոնն անցկացվում է «Գյումրին 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի» շրջանակներում: Փառատոնի աջակից «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի համոզմամբ, թատերական այս փառատոնը հնարավորություն կտա գտնելու նոր ճանապարհներ եւ հնարավորություններ մշակութային նոր տարածքներ գրավելու: Փառատոնը եզրափակելու է Կիեւի թատերական արվեստի ակադեմիական արվեստանոց «Սուզիրյա»-ն «Ժառանգը» կատակերգությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter