
Լոռէ բերդը նոր կամարով և արտագաղթած խաչքարով
Բոլոր նրանց, ովքեր հիանում են Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի մարմարով կամ Գառնիի կիրճում, Ազատ գետի վրա անցյալի հետ կապը ջնջած, «վերականգնված» կամրջով, կարող եմ ուրախացնել Ստեփանավանի Լոռէ բերդ ամրոցի դարպասների «վերականգնված» նոր կամարով:
Չնայած կամարի համար օգտագործվել է սրբատաշ, հղկված քար, սակայն շքեղ եվրոպական ոճի մասին երազողներին պետք է նաև հիասթափեցնեմ, քանի որ կամարի համար ոչ թե մարմար է օգտագործվել, այլ սովորական բազալտ և մյուս կողմից շինարարները փայլուն եվրոդռներ տեղադրելու փոխարեն ձգտել են ինչ որ չափով պահպանել դարպասի նախկին տեսքը:
Պետք է ենթադրել, թե մոտակա փլուզմանը սպասող այս դարպասի կամարը վերակառուցվել է Լոռէ բերդ ամրոցի տարածքից, 2007 թվականին ՀՀ կառավարության որոշումով դեպի Փարիզի Լուվր թանգարանը տարված 12-րդ դարի հազվագյուտ խաչքարի ցուցադրումից ուղղակի կամ անուղղակի գոյացած եկամուտներով: Եթե նման ցուցանմուշները եկամուտ չբերեին, ապա պետք է հարց ծագեր, թե ՀՀ կառավարությունը ինչ միջոցներով է մեր օրերում 32 /որոշ տվյալներով 40/ խաչքար տանում Եվրոպա և պատրաստվում ետ բերել:
Իմիջիայլոց, կառավարության որոշումով ընդամենը չորս տարով տարված այս 3 մլն եվրո ապահովագրական արժեք ունեցող խաչքարը մինչ օրս հայ պանդուխտի նման ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ հայրենիք: Պարզվում է՝ այն տեղափոխվել է նյույորքյան «Մետրոպոլիտեն» թանգարան և կմնա այնտեղ մինչև 2014 թվականը: Չի բացառվում` չորս ավետարանների խորհրդանիշներով գլուխգործոց խաչքարը նվիրատվության անվան տակ արդեն վաճառված է:
Գոյություն ունի առողջ դատող սթափ մարդկանց կարծիք այն մասին, որ քսան տարի սեփական ժողովրդի արտագաղթն ու տեղահանությունը իրագործող համակարգը շարունակում է ցեղասպանությունը և հանուն դրսից եկող անձնական շահի, շարունակում է տեղահանել, ոչնչացնել ազգային մշակույթային հոգևոր արժեքներ, շարունակում է ջնջել մեր հիշողությունը մարմարե շրջապարիսպներով և հնարավոր այլ ծրագրավորված միջոցներով:
Փաստ է՝ ՀՀ կառավարության ղեկավարը արտասանել է հետևյալ խոսքերը. «Լավ է, երբ մեր խաչքարերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Մենք դուրս ենք բերում ժամանակակից խաչքարերը, փոխանցում ենք դրանք նվիրատվությունների տեսքով, դրանք տեղադրվում են տարբեր շենքերում, և Լոռե բերդի խաչքարը կնպաստի խաչքարերի հանրահռչակմանը»:
Ինչպես երևում է, կառավարության անունից նվիրատվությունները կնպաստեն նաև օֆշորային գոտիներում որոշ իշխանավորների բացած հաշվեհամարներում կուտակվող գումարների ուռճացմանը:
Վեհարի Առաքելյան
27.06.2013 թ.
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել