
Կճոյանը հերքում է ամեն ինչ
Արարատյան Հայրապետական թեմը երեկ «Հետքի» հրապարակած «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով» հոդվածի առնչությամբ տարածել է հայտարարություն՝ միաժամանակ կոչ անելով հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունների ազդեցությանը:
«Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկին, Ալեքսանդր Վալչիկովսկուն, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը: Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը»,- նշված է Հայրապետական թեմի տարածած հաղորդագրությունում:
Մինչդեռ 3 օր առաջ թեմի առաջնորդական փոխանորդ Կճոյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին, հաստատել էր, որ Աշոտ Սուքիասյանի հետ «բավականին մտերիմ» հարաբերություններ է ունեցել:
«Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել… »:
Նշենք, որ Կճոյանի ասած ազգությամբ բելառուս ոմն Սերգեյը Ռուբեն Մկրտչյանի նշած Սերգեյ Տրյուկազյուկն է:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել