Կենդանիների ցուցադրություն և նվիրատվության փոխանցում
Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից մեկնարկել է Հեյֆեր Հայաստանի` «Այո» մանկապատանեկան ակումբների` «Նվիրատվության փոխանցման» շարքը: Գյուղի «Այո» ակումբի սաները փոխանցել են 9 հորթուկ իրենց ակումբակիցներին: Ակումբների այն սաները, ովքեր երեք տարի առաջ Հեյֆերից հորթուկներ են ստացել, դրանց ձագերն այս ամիս կփոխանցեն ակումբի այլ անդամի:
«Փոխանցումներ կատարելով երեխաները բնավորության մի շատ կարևոր գիծ են ձեռք բերում, այն է` հոգ տանել միմյանց մասին»,- նշել է Հեյֆերի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
«Ես այսօր շատ հպարտ եմ, որովհետև ես հիմա կարող եմ օգնել իմ ընկերներին`նրանց փոխանցելով իմ պահած հորթուկը: Գիտեմ, որ իրենք էլ են հորթուկին սիրելու ու խնամելու` ինչպես ես», - ասել է նվիրատվություն կատարած Դավիթ Սարգսյանը
Փոխանցումներ տեղի կունենան նաև Նուռնուս, Սարամեջ, Ծաղկավան և Վերին Գետաշեն գյուղերում, համապատասխանաբար` հուլիսի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին:
«Նվիրատվության փոխանցման» միջոցառմանը հաջորդել է կենդանիների ցուցադրություն - մրցույթ, որի մասնակիցները ցուցադրել են Հեյֆերի կողմից իրենց տրված կենդանուն, պատասխանել կենդանիների խնամքին վերաբերող` մասնագետների հարցերին և արժանացել մրցանակների: Այս մասին տեղեկացնում են Հեյֆեր Հայաստանի մամուլի գրասենյակից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել