Իրաքի նորանշանակ դեսպանը՝ նախագահականում
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:
Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:
Դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել