HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգումները զսպաշապիկ են համայնքների համար

Սեւանում լավ են հիշում 2008 թ.-ին ԱԺ Վերահսկիչ պալատի` Սեւանի քաղաքապետարանում կատարած ստուգումները եւ դրան հաջորդող իրադարձությունները: Սեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն այդ ստուգումներին արձագանքեց ոչ միայն Վերահսկիչ պալատ համապատասխան տեղեկանքների միջոցով, այլեւ իր գնահատականը տվեց հանրապետական եւ տեղական մամուլում` յուրաքանչյուր բացահայտման վերաբերյալ ներկայացնելով պարզաբանումներ եւ փաստեր:

Իհարկե, ոչ միշտ է, որ համայնքների ղեկավարները կարողանում են «ընդդիմանալ» իրենց ներկայացվող ակտերին կամ հայտնաբերված խախտումներին: Մեծ մասամբ ստուգումներին հաջորդում են իրավիճակի շտկմանն ուղղված քայլեր կամ փոխհատուցում են պետությանն ու համայնքին հասցված վնասը:

Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը ներկայացնում է համայնքում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկանքները, ակտերը, որոնք խնամքով պահպանում է թղթապանակներում ըստ տարիների: «ԱԺ Վերահսկիչ պալատի 2008թ.-ին իրականացրած ստուգումներից բացի, Սեւանի քաղաքապետարանում իրականացված մյուս ստուգումներն ու հսկողական գործառույթներն անցել են առանց ցնցումների: Ճիշտ է, ստուգումների ողջ ընթացքը լինում է փոքր-ինչ լարված, սակայն եթե կա ամենօրյա աշխատանք, ավելին` նախորդ ստուգումներից հետո հայտնաբերված թերություններն էլ ժամանակին են շտկվել, ապա անհանգստանալու բան գրեթե թե չի լինում»,- ասում է Ս. Խաչատրյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղեկացմամբ` վերջին  ստուգումը համայնքում իրականացրել է Գեղարքունիքի մարզպետարանը` մայիս ամսին: Մարզպետարանի իրականացրած վարչական վերահսկողությունն ընդգրկում է մի քանի ուղղություններ եւ ոլորտներ` ֆինանսական, քաղաքաշինական, հողաշինական, հողօգտագործման, տրանսպորտային, առեւտրի եւ ծառայությունների, ինչպես նաեւ ավագանու որոշումների,  կադրային գործի վարման նկատմամբ եւ այլն: Վերահսկողության տարողունակ այս գործընթացն այս կամ այն համայնքում իրականացվում է ՀՀ փոխվարչապետի` մարզային համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու մասին հրամանով:

Համաձայն այդ ծրագրի եւ վարչական ու ֆինանսական հսկողություն իրականացնելու ժամանակացույցի, որը զետեղված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքէջում, 2013 թ.-ի առաջին եռամսյակում վերահսկողական գործառույթ է իրականացվել Գեղարքունիքի մարզի 5, երկրորդ եռամսյակում` 8 համայնքում: Սեւան քաղաքը երկրորդ եռամսյակում ընդգրկված համայնքներից մեկն է:

«Իրականացվող վերահսկողությունն, ըստ իս, աշխատանքում առավել զգոն լինելու նախապայման է: Յուրաքանչյուրս ավելի պատասխանատու ենք դառնում մեր գործում եւ հաշվետու: Նկատել եմ, որ ստուգումից-ստուգում համայնքային աշխատանքն առավել համակարգված է դառնում, թերությունների հավանականությունը քչանում է»,- նկատում է Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Համայնքային ստուգումների մեծ փորձ ունեցող, Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄՏՍ բաժնի պետ Հրանդիկ Օհանյանը ներկայացնում է վարչական վերահսկողության` տարածքային կառավարման նախարարություն-մարզպետարան-համայնք շղթան: ՀՀ փոխվարչապետի հաստատած համայնքների ցանկը ներկայացվում է մարզպետարան, որին հաջորդում է մարզպետի կարգադրությունը: Մարզպետարանի աշխատակազմի 9 հոգանոց հանձնախումբը մեկից-հինգ օր տեւողությամբ իրականացնում է վերահսկողական իր գործունեությունը տվյալ համայնքում, որին հետեւում է քննարկումների փուլը, ապա համապատասխան ակտի ու եզրակացության ներկայացումը:

«Բացի վարչական վերահսկողությունից մեթոդական օգնություն ենք ցույց տալիս համայնքներին: Անհրաժեշտություն է լինում նաեւ որոշ բաներ բացատրել` թերություններն ու սխալները չկրկնելու համար: Իհարկե, համայնքներում մարդկային ներուժը տարբեր է, աշխատանքների որակը` եւս: Մեր աշխատանքի ընթացքում նկատել ենք, որ դրական տեղաշարժն իսկապես զգալի է: Կան նաեւ համայնքներ, որոնք տարիներ շարունակ մեր կողմից ներկայացված եզրակացություններից դժվար են եզրակացություն անում»,- ասում է պրն Օհանյանը:

Մարզպետարանի վերահսկողության իրականացման արդյունավետության մասին բարձրաձայնում են նաեւ Սեւանի քաղաքապետարանում: «Աշխատանքի ընթացքում լինում են պահեր, երբ վրիպում ես կամ ինչ-որ բան չգիտես: Հանձնախումբն ավելի շատ օգնում է, ուղղորդում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնք վիճելի են: Ամեն դեպքում, ոչ մի ստուգում ինքնանպատակ չէ, որը նաեւ նոր աշխատաոճի մշակման երաշխիք է: Այլ հարց է, թե յուրաքանչյուր համայնք ինչպիսի պատրաստվածություն է ցուցաբերում եւ ինչպես է արված առաջարկությունները դարձնում կոնկրետ աշխատանք»,- ասում է Խաչատրյանը:

Տարածքային կառավարման նախարարի` թիվ 190-Ա (28.12.2012թ.) հրամանի մեկ այլ կետով «յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում պետք է ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ»: Արդյունքները ոչ միայն ներկայացվում են տարածքային կառավարման նախարարություն, այլ նաեւ ենթակա են հրապարակման:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի լրատվության եւ տեղեկատվական բաժնի պետ Հասմիկ Շահբազյանը պարզաբանում է. «Եռամսյակային ստուգման արդյունքները մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄ վարչության կողմից մինչեւ մյուս ամսվա 10-ը տրամադրվում է մեր բաժին, որն էլ տեղադրվում է Գեղարքունիքի մարզպետարանի կայքէջում «համայնքներ» բաժնի «վարչական հսկողություն» ենթաբաժնում: Այն հասանելի է բոլորին»:

Ստուգումների վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ համայնքները վերահսկողության ենթակա բոլոր ոլորտներում ունեն թերացումներ, բացթողումներ, որը պայմանավորված է ե'ւ օրենսդրության չիմացությամբ, ե'ւ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպմամբ: Պարզապես որոշ համայնքներում դրանք ավելի քիչ են, մյուսներում` ավելի ակնառու: Մեր այն հարցին, թե հնարավո±ր է այս կամ այն համայնքը, որը տվյալ տարում ըստ ժամանակացույցի ընդգրկված չլինի հսկողության ցանկում, բայց ենթարկվի վերահսկողության, Հր. Օհանյանը պատասխանում է. «Նման բաները բացառվում են, իսկ անհրաժեշտության դեպքում մարզպետը պետք է գրություն ներկայացնի տարածքային կառավարման նախարարություն, հիմնավորի այն, որը մեր պրակտիկայում չի հանդիպել: Համաձայն աշխատանքային գրաֆիկի` 3 տարին մեկ անգամ մարզի համայնքների մեկ երրորդը ենթարկվում է վերահսկողության»:

Դրսի աչքի համար համայնքային ստուգումները հիմնականում աննկատ են մնում եւ ուշադրության չեն արժանանում, եթե աղաղակող փաստեր չեն հայտնաբերվում, հանրային հնչեղություն չեն ստանում: Սակայն, մեծ հաշվով, համայնքների համար դրանք զսպաշապիկ են, որ հաճախ օգնում են վերանայելու սեփական աշխատաոճը եւ տարիների ընթացքում ձեւավորված «ավանդույթները»:

Արմինե Ղուկասյան
Սեւան  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter