HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղախարարը հավաստիացրել է, որ բերքը կմթերվի ամբողջությամբ ու ճիշտ ժամանակին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: 

 

Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները:
Սերգո Կարապետյանի գնահատմամբ` մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում` անգամ կկրկնապատկվեն:
Գյուղատնտեսության ոլորտում ներդրված պետական ծրագրերը` մատչելի գներով տրամադրված սերմերը, դիզվառելիքն ու պարարտանյութը, ինչպես նաև մթերումների ժամանակ գյուղատնտեսության նախարարության գործուն աջակցությունը, հիմք էր տվել հողօգտագործողներին ավելացնել ցանքերը, հիմնել խաղողի և պտղատու նոր այգիներ:
«Այս դիտարկումներն ինձ համար յուրօրինակ աշխատանքային ուղեցույց կլինեն»,- ասաց նախարարը Աղավնաձոր համայնքում կազմակերպված խաղողագործների հետ հանդիպմանը և հորդորեց նրանց անկաշկանդ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին:
Խաղողագործներն անմիջապես նախարարից էին ցանկանում ստանալ երաշխիքներ, որ իրենց խաղողը ժամանակին և ըստ պատշաճի կմթերվի և առանձնակի հոգատարություն էին ակնկալում պետությունից, որպեսզի չնվազի խաղողի հազվագյուտ նմուշ Արենի տեսակը:
Նախարարը պատասխանեց բարձրացված հարցերին, հավաստիացրեց, որ բերքը կմթերվի ամբողջությամբ ու ճիշտ ժամանակին, և չնայած խաղողագործների պնդումներին՝ ձեռնպահ մնաց խաղողի մթերման հստակ գներ հրապարակելուց՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ գները որոշում է շուկան՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա երկու օրերին մարզում կմեկնարկի ծիրանի մթերումը և ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես, մթերումը կսկսի «Արարատ» սննդի կոմբինատը:
Աղավնաձորցիները շնորհակալություն հայտնեցին նախարարին մթերման սեզոնին ընդառաջ կազմակեպված հանդիպման համար և հրապարակեցին իրենց համայնքի ավագանու որոշումը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհել համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցն ամփոփվեց մարզպետարանում: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղնախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter