
«Ժողովուրդ ջան, ըսին ձրի է, բայց չըսին բեզռազմեր է, քիչմ քիչ լցվեք»
Գյումրի ներկրված չինական արտադրության 10 ավտոբուսներից 5-ն արդեն 3-րդ օրն է՝ սպասարկում են թիվ 1 երթուղին՝ օդանավակայնից մինչեւ Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոց: Ավտոբուսների հայտնվելը քաղաքում գյումրեցիները գնահատեցին ըստ արժանվույն՝ արդյունքում նույն երթուղին սպասարկող երթուղայիններում այլեւս կռացած, մարմնի համապատասխան հատվածները դռան պատուհանին սեղմած երթեւեկողների թիվը կտրուկ պակասեց:
Հավանաբար պատճառներից մեկն էլ այն էր, որ նոր փոխադրամիջոցները հունիսի 26-ից 30-ը բնակչությանը պիտի սպասարկեին անվճար: Պատմում են, որ երթուղի մտնելու առաջին երկու օրն ավտոբուսներն այնքան ծանրաբեռնված են եղել, որ վարորդներից մեկը չի դիմացել ու գազելներում ընդունված «ոտիմ տեղ տվեք, ելնինք»-ին սովոր ուղեւորներին զգուշացրել է, թե «ժողովուրդ ջան, ըսին ձրի է, բայց չըսին բեզռազմեր է, քիչմ քիչ լցվեք»:
Ավտոբուսների հայտնվելը բավական ագրեսիվ են ընդունել թիվ 20 եւ 22 երթուղիները սպասարկող երթուղային տաքսիների վարորդները: Այսօր, Պարույր Սեւակ փողոցի սկզբնամասի կանգառում կայանած գազելների վարորդները, չթաքցնելով իրենց դժգոհությունը, սկսեցին «մուննաթ» գալ ավտոբուսի վարորդի վրա: «Չես կռնա ուշ էրթաս, նոր ընգերդ գնաց, թողեք մենք էլ աշխատինք, պասաժիռ կփախցնեք: Փախցրեք, փախցրեք, էգուց էլ ձրի աշխատեք, տեսնինք հետո ինչ բդի էնեք»,-նետեց թիվ 20 համարի երիտասարդ վարորդը:
Ավտոբուսի մոտ 50-ամյա վարորդն ասաց, որ սա առաջին դեպքը չէ: Աշխատելու հենց առաջին օրից իրենք խնդիր ունեն գազելների վարորդների հետ եւ ստիպված, երբ հասնում են Պարույր Սեւակ փողոցի վերջնամաս, կանգնում են ֆիքսված կանգառից բավական հեռու: «Չեն թողնի կանգառին մոտենանք, ստիպված էդ կանգառից մարդ չենք վերցնե»,-ասաց ավտոբուսի վարորդը:
Մեկնաբանել