Երկար նամակ Լեռ Կամսարից (պարապ ժամանակ կարդալու համար)
Լեռ Կամսարի գրական արխիվում կգտնեք բազում անպատասխան նամակներ եւ դիմումներ ուղղված երկնային եւ երկրային բազմապիսի աստվածներին։
Կարդալով դրանք` չգիտես լաս ոտնահարված մարդկային պարզագույն իրավունքների համար, թե խնդաս երգիծական անզուգական հնարանքների վրա։
Երկրային աստվածներից դիմում չի հղել միայն Ստալինին։
«Ես շատ վաղուց է ուզում եմ Աստծուն մի դիմում գրել, բայց հարմար տիտղոս չգտնելու համար հետաձգում եմ անվերջ,- տարակուսում է երգիծաբանը։
Չգիտեմ ինչպես դիմեմ։ Ապրում եմ մի սոցիալիստական երկրում, ուր «պարոն» չի թույլատրված, իսկ «ընկեր» չեմ ուզում ասել։
Ես իսկի Ստալինին էլ «ընկեր» չեմ ասել։ Բանտում եղած ժամանակ բոլորը Ստալինին դիմում տվին ազատվեցին, ես որպեսզի «ընկեր» չանվանեմ նրան, դիմում չտվի ու 20 տարի տառապեցի։
Ինչո՞ւ։ Որովհետեւ Ստալինի նման համաշխարհային ոճրագործի «ընկեր» ասել նշանակում է նրա կատարած ոճիրների կեսը վերցնել իմ վրա։
Այդ բանը անել չէի կարող` ես անմեղ բանտարկյալ էի»։
Հո՞ չեք զարմանա, եթե ասեմ, որ նամակների հասցեատերերից ամենադեմոկրատը Վանի թուրք վալին էր։
Ուզում եք զարմացեք։ Ես միայն փաստն եմ արձանագրում: Լեռ Կամսարի ուղերձից հետո վալին տեսնելով նորաթուխ երգիծաբանին, ասում է.
- Աֆարի՛մ Կամսար, դու մեծ մարդ կդառնաս։ Այսքան ես դեռ չէի ծիծաղել:
Ընթերցողներին սիրով ներկայացնում եմ ևս մեկ անպատասխան դիմում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈւՆԻՍՏԱԿԱՆ ՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ Ա ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿԵՐ ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Երկար նամակ Լեռ Կամսարից
(պարապ ժամանակ կարդալու համար)
Առաջին ծանոթություն
Հարգելի ընկե՛ր Զարոբյան, որպես նորընտիր քարտուղար, ձեր մասին լավ են խոսում` թվելով ձեր բարեմասնությունները։
Ու ես էլ որովհետև մի լավ մարդու էի ման գալիս, որ հետը մի քիչ խոսեմ` շտապում եմ գրել ձեզ, քանի չեք «վատացել»…
Ըստ ընկալյալ սովորության, առանց բացառության, նոր ընտրվելիս քարտուղարները միշտ «լավ» են լինում` հետո «վատանում»։
-Ինչո՞ւ։
- Որովհետեւ նրան այնքան շատ պահանջներ են ներկայացնում, որոնց ի վիճակի չլինելով բավարարելու, առաջ է գալիս մասսայական դժգոհություն, եւ մեկ էլ տեսաք հեռախոսը վերցնելով ձեր ընտրողները ձայնեցին.
- Ատբոյ տվեք, դուք մեր ուզած մարդը չեք…
Ես օրինակ, բնավ չէի ցանկանա ձեր տեղը լինել։
Դաշնակցության ժամանակ ինձ կամեցան մտցնել պառլամենտ, որպես չեզոք պատգամավորների լիդեր, ես մերժեցի` գրականությունը վեր դասելով պառլամենտից։
…Ի՞նչ գործս է. ինչո՞ւ բարձրանամ` ինչու իջնեմ։
Ընկե՛ր Զարոբյան, թեև վարչական տեսակետից դուք բարձր եք ինձանից, բայց ես կամենում եմ ձեզ հետ խոսել ինչպես մարդը` մարդու հետ։
Չեկայում իմ քննիչը ինձ հետ խոսում էր շատ մեղմ, քաղաքավարի ու շատ սիրալիր, բայց միևնույն ժամանակ չէր մոռանում մեկ-մեկ աչք ածել իր կողքից կապած ատրճանակի վրա…
Խնդրում եմ ձեզ, մեր հարաբերության մեջ այդ չպատահի։
Մենք բոլորս հավասար մարդիկ ենք, միևնույն ճիչով ծնվում ենք մեր մայրերից, միևնուն հառաչանքով գերեզման մտնում։ Արժե՞ արդյոք, որ մեր կարճ կյանքում մարդիկ իրարից անսահման հեռավորություն ունենան։
Ո՛չ։
Այս նախապատրաստությունից հետո` անցնեք առաջ։
Մի մկան պատմություն 1
Այս Նոր տարուն Գուրգեն Մահարին «Լեռ» բերեց, խմբագիրը «Կամսար» դրեց վրան ու երկուսը միասին «Լեռ Կամսարից» «մուկ» ծնեցրին «Երևան» թերթում։
Լավ էր, վերջում Մահարին զղջաց և իր կես«մուկը» ետ վերցրեց, բայց թերթի խմբագիրը իր կեսը չի վերցրել, և միչև օրս էլ ես շարունակում եմ կես «մուկ» ծնել «Երևանում»…
Ասում եմ, ա~յ խմբագիր, ե՞րբ դուք ինձ տեղ տվեցիք, որ «առյուծ» ծնեի։ Ֆելիետոնս բերում եմ քեզ` չես տպում քո թերթում, «Սովետական Հայաստանին» եմ տանում` չի տպում, բա ես ի՞նչ հող տամ գլխիս։
Հիսուսն էլի մի մսուր ճարեց Բեթղեհեմ քաղաքում ծնվելու համար. ախր ես այդ «մսուրից» էլ զուրկ եմ։ Պետք է մտնել վերջապես այն «մոր» դրության մեջ, որ տառապում է երկունքի ցավով ու տեղ չի գտնում ծնելու համար…
Ասում եմ` նման պայմաններում ձեր «կես մուկն» էլ շատ է, ես ամենայն իրավամբ կարող էի այդ էլ չծնել։ Ես այդ ձեր խաթրին ծնեցի…
- Ինչո՞ւ,- ասում է,- «Ոզնին» քեզ տպում է։
- Ճիշտ է,- ասում եմ,- «Ոզնին» տպում է տարին մեկ կամ երկու հատ, բայց ահ ու դողով։ Գիտե՞ք, որ Գևորգ Հայրյանը իմանա ինչ կանի նրան։ Այնտեղ ես հաճախ երևան եմ գալիս ծպտված, մի կեղծանվան վրա մի այլ կեղծանուն հագած։ Եվ տպվել ու փախչելս մեկ է լինում։ Չի~ թողնում, սիրելիս, Հայրյանը չի թողնում գրեմ։ Բոլոր թերթերում թակարդ է դրել, ու ես վախենում եմ մի գեղեցիկ օր ձեր «կես մուկն» էլ ընկնի նրա թակարդը ու դուք մնաք անմուկ…
Լուկաշին
Իմ ողջ սովետական կյանքում ես մի մարդ միայն սիրեցի` և այդ Լուկաշինն էր։
Դա մարդ չէր, այլ ոգի։
Եթե նա քառասուն տարի մնար իշխանության գլուխ, ես հիմա քառասուն հատոր գիրք կունենայի տպված։
Կրնկակոխ ինձ էր հետեւում և չէր թողնում, որ մի րոպե գրիչս վայր դնեի հանգստանալու համար։
Երբ գժտվելով ժամանակի «Խորհրդային Հայաստանի» խմբագիր Մռավյանի հետ եւ չուզելով աշխատակցել նրան` գնացել էի Լուկաշինից գործ խնդրելու, նա մռնչաց վրաս.
- Իիի~նչ, դու գրելը թողած այլ գործ որոնե՞ս…
- Ախր Մռավյանը չի տպում, ֆելիետոններս տասնյակներով է վերադարձնում ինձ,- վախեցած ասում եմ ես։
- Բե՛ր այդ ֆելիետոնները ինձ։
Տանում եմ, կարդում ու Մռավյանին անմիջապես հեռախոսով կանչում է իր մոտ։ Գալիս է։ Ու ինչպես ուսուցիչն աշակերտին` չտպված ֆելիետոններս տալիս է իրեն ու հրամայում։
- Բոլորը կտպես անխտիր եւ 100 ռ. ֆեքս հոնորար կնշանակես Լեռ Կամսարին, որ ապրուստի մասին չմտածելով միայն գրի։
Ա~խ, ա~խ… յարաբ էլ այդպիսի մարդ պիտի պատահի՞ ինձ կյանքումս, թե ոչ։ Գերեզմանի տեղն էլ չգիտեմ, որ ծունկի իջած վրան խունկ ծխեմ…
Գեւորգ Հայրյան
Այս մարդու հետ ես ծանոթանալ կամեցա այն ժամանակ, երբ նա «Պրավդայի» թղթակից էր։
Մոտենալով իրեն տվի անունս եւ հարցրի, թե երբեւիցե լսե՞լ է իմ անունը։
Նա այն տոնով ասաց «լսել եմ», որ հավասար էր` «չեմ լսել եւ լսել անգամ չեմ ուզումին»։
Մի վերաբերմունք, որ ինձ ապշեցրեց։ Որովհետեւ սովորաբար, երբ մի անծանոթի մոտ տալիս եմ իմ անունը` նա ասում է.
- Ես շատ էի լսել ձեր մասին եւ հիմա բախտ ունեցա ձեզ տեսնել վերջապես։
Մի քիչ անքաղաքավարիները գրկում են ինձ եւ քամակս տփտփացնելով ասում.
- Ա~խ, քո ֆելիետոնները մի անգամ էլ կարդայինք նոր մեռնեինք…
Երբ Հայրյանի այս վերաբերմունքը տեսա` ասացի.
- Չէ~, սրանից վատ բան դուրս կգա, եթե երբեւիցե սա մի ղեկավար պաշտոնի անցնի` ինձ կվնասի։
Հետագայում, դժբախտաբար նա բարձր պաշտոնի անցավ եւ իրոք սկսեց ինձ «վնասել»` կամենալով իմ հիշատակը ջնջել աշխարհի երեսից։
Այդ նպատակով ինձ «գռեհիկ» անվանեց «Սովետական Հայաստանում» եւ բոլոր թերթերի դռները փակեց վրաս։ Այնպես որ խմբագիրները բանալու ծակից են հիմա խոսում ինձ հետ։
Այս առաջին։
Երկրորդ` իմ հիսուն տարվա գրական ողջ վաստակը պետհրատից վերցրեց ու իր աշխատակից Վազգեն Ամիրբեկյանի ձեռքով «հնակարկատի աղբարկղը» նետեց։
Երրորդ` կանչեց «Ոզնու» խմբագրությանը եւ պատվիրեց ինձ չտպել այլեւս` ինձ ու Պարոնյանին համարելով հնացած երգիծաբաններ, որոնցից այլեւս չի կարելի օգտվել։
Այս առիթով ես «Ոզնու» խմբագրին խնդրեցի ասել Հայրյանին, որ նախ նոր շապիկ առ` հետո հինն աղքատին տուր` այլապես կմնաս տկլոր։
Այսպիսով Հայրյանը ինձ որպես գրող իսպառ բնաջնջեց։
Բայց ես իմ դարդը չեմ, ես խեղճ Պարոնյանի մասին եմ մտածում, որ իմ պատճառով այսպիսի աղետալի վախճան ունեցավ…
Նայելով գործին նման տեսանկյունից` ժամանակը չէ՞ արդյոք մեկ-մեկ գերեզմանից դուրս կանչել մեր բոլոր կլասիկներին եւ երկրորդ անգամ մեռցնելով իրենց տեղերը ուղարկել` այլեւս չհիշվելու համար։
Այս առիթով ես մի նամակ Սուրեն Թովմասյանին գրեցի.
« Քանի իր պոստում կմնա Հայրյանը` մեր գրականությունը կփետրաթափվի հետզհետե։ Ռուսաստանը գերեզմանից դուրս է կանչում իր Գոգոլներին ու Շչեդրիններին, մինչդեռ Հայաստանը հանձինս Հայրյանի` գերեզման է ուղարկում իր Գոգոլ- Շչեդրիններին։
Եղա՞վ»։
Նարեկացի
Մենք այսօր Նարեկացի չէինք ունենա, եթե Աստված լսելով նրա պաղատանքները` սրբեր նրա մեղքերը եւ անմիջապես նրա հոգին առնելով` արքայություն տաներ։
Մենք հիմա Նարեկացի ունենք նրա համար, որ Աստված չուզեց լսել նրա աղաչանքները, որի հետեւանքով իր ամբողջ կյանքում աղաչեց, պաղատեց Աստծուն եւ այդ աղաչանքները հատորներ կազմելով մեզ հասան, որ այսօր մենք հպարտանանք նրանցով։
Եթե Թովմասյանը մի քիչ էլ հարատեւեր իր պոստում` ես հիմա երկրորդ Նարեկացին էի դարձել։
Թովմասյանն էլ Աստծու նման իմ բազմաթիվ դիմումներից ոչ մեկին չպատասխանեց։ Միայն, հետեւելով Աստծուն, Մովսեսի նման ինձ մի անգան «Սինա լեռը» կանչեց իր «կրունկը» ցույց տալու համար…
Եվ սա աշխարհաբար լեզվով կոչվում է «դեմոկրատիզմ»։
Այսպիսի դեմոկրատ էր նաեւ Զավեն Գրիգորյանը, երբ կենտկոմի երկրորդ քարտուղար էր։ Անչափ խնդրեցի ինձ ընդունել` չընդունեց։ Ես էլ մահս աչքս առնելով, մի օր հարձակվեցի նրա ավտոյի վրա, տեսա ու փախա։ Երբ հիշում եմ այս դեպքը սարսափը տալիս է վրաս։ Չէ՞ որ կարող էին բռնել ու դատել որպես…տեռորիստ։
Երանի երկուսի հոգուն էլ։ Լավ մարդիկ էին…
Ծանր մղձավանջ
Այս ամառ Երեւանի ԱՕԿՍ-ի թղթատարը մի նամակ բերեց ինձ։
Ամերիկայի Բոստոն քաղաքում ապրող ոմն Սիմեոն Կյուլո գրում է ԱՕԿՍ-ի նախագահ Բերսաբի Գրիգորյանին հետեւյալը.
– Շատ խնդրում եմ, շատ աղաչում` մի լուր տվեք Լեռ Կամսարից։ Արդյոք նա ո՞ղջ է, թե՞ մեռած։ Հակասական լուրեր ունենք իր մասին։ Կիպրոսից եւ Բեյրութից մեզ հասած լուրերը ասում են, որ նա մեռած է։ Հայաստանից եկած էքսկուրսանտներից մեկն ասում է ողջ է, մյուսը` մեռած։ Ասացեք, եթե ողջ է` ո՞րն է նրա հասցեն, ես մի խոշոր ուսումնասիրություն եմ գրում իր մասին եւ ինձ որոշ տվյալներ են պետք։
Այս նամակին ինքս անձամբ պատասխանեցի, որ ողջ եմ։
Ստանալով իմ ողջության լուրը, ուրախությունից չի կարող ինքզինքը պահել եւ որոշել է գալիք մայիսին անպայման Հայաստան գալ ինձ տեսնելու եւ լինելու իմ տանը որպես հյուր։
Լսելով այս որոշումը` սարսափեցի։ Իմ տանը նրան ընդունելու ոչ մի հարմարություն չունեմ։ Ինն անձ ընտանիքով ապրում ենք 40 քառակուսի մետր տարածություն ունեցող կավաշեն, կավածածկ ու կավածեփ նախապատմական շրջանից մնացած մի խարխուլ խրճիթում` չորս կողմից արտաքնոցի բուդկաներով շրջապատված։ Իրար վրա թափված խեղդվում ենք։ Քնելու համար մահճակալի տեղ չունենք։ Թոռներս քնում են մեկը սեղանի վրա, մյուսը` տակը, հասակավորներից մի քանիսը հատակին, իսկ ես մեր միակ դիվանի վրա։
Մեր շնչելու օդը չի բավականացնում անգամ, եթե մենք, ի տես մեր թշվառությանը մի փոքր լիաթոք հառաչենք։
Եթե Ամերիկայից եկող Սիմեոն Կյուլոն բարակ-մարակ մեկը լիներ` ոչինչ, միասին իմ դիվանի վրա կլուսացնեինք գիշերները։Բայց նրա ուղարկած լուսանկարից երեւում է, որ շատ չաղ մարդ է ու իմ դիվանի վրա չի պարտկվի։
Գիշերը հանկարծ գլորվի հատակին, ես ի՞նչ պատասխան տամ ամերիկյան կառավարությանը…
Պիտի գա, լուսանկարի իմ խրճիթը, արտասահմանում հրատարակության տա եւ տակը գրի.
- Ահա տեսեք, ի~նչ բնակարանում է ապրում Հայաստանում մի գրող, որ ամբողջ կես դար աշխատել է հայ գրական անդաստանում…
Սարսափելի է, չէ՞։
Դրա համար անմիջապես վազեցի արտասահմանի հետ կուլտուրական կապի նախագահի մոտ եւ ասացի.
- Միջոցներ ձեռք առեք, որ ինձ ներկայանալի բնակարան հատկացվի. այլապես եթե Սիմեոնն եկավ եւ իմ ներկա բնակարանը տեսավ` ձեր կուլտուրական կապերը կխզվեն արտասահմանի հետ։
Ասաց.
- Գրողների միությունը տուն շինեց, ինչու՞ չստացար։
- Թոփչյանը չտվեց։ Ամբողջ բնակարանները բաժանեց իր եւ յուրայինների մեջ, իսկ ինձ «հետ գրության» հատկացրեց Քրիստափոր Թափալցյանի հին բնակարանը իր բոլոր անհարմարություններով, մինչեւ սրտիս խորքը վիրավորելով ինձ։
- Եթե բնակարան բաժանելու օրն ասեիք, գուցե հնար լիներ մի բան անել, իսկ հիմա…
Չէ՛, ընկեր Զարոբյան, մենք բոլորս աղետի առջեւ ենք կանգնած։
Երանի չգրեի թե ողջ եմ։ Եթե գրեի մեռած եմ` կգար եւ ինձ հյուր կլիներ գերեզմանոցում։ Իսկ մեր գերեզմանոցում ինչպես գիտեք, կատարյալ հավասարություն է, ոչ մի պատասխանատու աշխատող երկու գերեզման չի զբաղեցնում, մյուս կողմից էլ անբնակարան մեռել էլ չես ճարի։
Այստեղ ես նյութիցս մի քիչ շեղվելով պիտի նկատեմ։
Մեզ մոտ, առհասարակ, դեպի մեռածներն ավելի ուշադիր վերաբերմունք է ցուցաբերվում, քան կենդանիների։
Տասնհինգ տարով Քաղսովետից բնակարան ուզողներ կան` չեն բավարարվում, իսկ մեռելներն անմիջապես բնակարանով բավարարվում են թաղման բյուրոյում։
Այդ իրենց ո՞ր առավելության համար։
Ո՛չ։ ժամանակն է, որ որ սրանից հետո դրա ճիշտ հակառակը լինի։ Պետք է քաղսովետի նախագահն ու թաղման բյուրոյի Շահապունին իրենց պոստերը փոխանակեն։ Շահապունին քաղսովետում բնակարանային դիմումների վրա ըստ իր սովորության մակագրի «բավարարել», իսկ քաղսովետի նախագահը գրի «մերժել»։
Թող մի փոքր էլ մեռելները հերթի սպասեն, չեն մեռնի։ Սրա օգուտն էլ կարող է լինել նաեւ այն, որ իրենց առջեւ այդպիսի անհաղթահարելի արգելք տեսնելով… հրաժարվեն մեռնելուց։
Նշեմ նաեւ, որ վերաբերմունքի այս խտրականությունը շարունակվում է նաեւ գերեզմանոցից դուրս։
Մեր կոոպերատիվ խանութները օր ու մեջ կողպեք են կախում դռներից` ազդարարելով.
«Ստուգման պատճառով խանութը փակ է»։
Իսկ դրա հակառակը պատահե՞լ է, որ մի մեռել գերեզմանոց գնալիս` դռան վրա կարդա.
«Ստուգման պատճառով գերեզմանոցը փակ է»։
Ո՛չ։
15-ը հունվարի,1961թ ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Բնականաբար կառավարությունը գոնե ժամանակավոր ներկայանալի բնակարան չտրամադրեց ամերիկացի լրագրողին ընդունելու համար։ Կյուլոյի հանդիպումը այլախոհ երգիծաբանի հետ մեծ գլխացավանք կպատճառեր սովետների երկրին։Ավելի դյուրին էր մեկ հարվածով ազատվել գլխից էլ գլխացավանքից էլ։
Խեղճ Լեռ Կամսարն ի՞նչ իմանար, որ իրական «Ծանր մղձավանջը» լինելու էր ընդամենը մի քանի ամսից, երբ Հայաստան կժամաներ Սիմեոն Կյուլոն եւ դավադրաբար կսպանվեր «Արմենիա» հյուրանոցի իր համարում…
Վանուհի Թովմասյան
- «Երեւան» թերթի 1961թ նո. 1-ում Գուրգեն Մահարին իր «Նոր տարվա բառարանում» գրել էր` «Լեռ.- պատահել է, որ մուկ է ծնել»։ Թերթի խմբագրությունը տպել էր «Լեռ կամ սար- պատահել է, որ մուկ է ծնել»։ “Գրական թերթի” 2-դ համարում Մահարին հերքել է` «Իսկականի հետ ճիշտ չէ» հոդվածով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել