
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տիտղոսը Գյումրիին կհանձնվի հունիսի 30-ին
Հունիսի 30-ին Գյումրին պաշտոնապես կստանձնի «Գյումրին՝ 2013թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսը: Միջոցառումների մեկնարկը կտրվի վաղը՝ 20:30-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում, որտեղ արդեն ավարտված են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Բեմական եւ էկրանի հետ կապված տեխնիկական խնդիրների կարգավորման, ձայնային եւ լուսային էֆեկտների հարցերում քաղաքապետարանին աջակցում են «Էյ Վի քոմունիքեյշն հոլդինգ»-ի մասնագետները: Վերջիններս խոստանում են անմոռանալի շոու:
Հունիսի 28-ի երեկոյան փորձարկվել են լուսային էֆեկտներն ու 3D անիմացիան քաղաքապետարանի շենքի դիմային հատվածին: Հրավիրված մոտ 1300 հյուրերը միջոցառումը կվայելեն նստած: Այդ նպատակով քաղաքապետարանը ձեռք է բերել 100 երեքտեղանոց եւ 850 մեկտեղանոց նստարաններ: Հունիսի 30-ի տոնախմբությունն հավուր պատշաճի անցկացնելու համար ծախսվել է 80 մլն դրամ:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ չի ցանկանում փակագծերը բացել եւ այդ օրվա բոլոր անակնկալները հրապարակել, միայն նշեց, որ համերգի առաջին մասում ելույթ են ունենալու տեղի երաժիշտ կատարողներն ու համույթները: Հրավիրված երաժիշտներից Ռ. Սանոյանը հիշատակեց միայն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, տենոր Զուրաբ Սոտկիլավային եւ ջութակահար Լեոնիդ Կոգային: Լինելու է կենդանի հնչողություն, սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ շոու:
Մեկնաբանել