Վանաձորը գուցե այլ պաշտոնական կայք ունի, մենք չգիտենք
Վանաձոր քաղաքի ավագանու կայացրած որոշումները քաղաքապետարանի պաշտոնական կայքում սահմանված ժամկետում չեն հրապարակվում, ավելին, դրանք հիմնակում տեղադրվում են տարին բոլորելուց հետո, երբ այն կորցրել է հետաքրքրությունը:
Ավագանու վերջին՝ 2013 թ. հունիսի 18-ին տեղի ունեցած նիստում ընդունված որոշումները, համաձայն ՏԻՄ օրենքի, կայքում պետք է տեղադրվեին 7 օրվա ընթացքում, միաժամանակ ուղարկվեին Լոռու մարզպետարան՝ իրավական հսկողության նպատակով:
Մարզպետարանի իրավաբանական բաժնում օրենդրության հետ հակասություններ չհայտնաբերելու դեպքում, որոշումները պետք է հրապարակվեն նաեւ մարզպետարանի պաշտոնական կայքում: Ելնելով նրանից, որ մարզպետարանն արդեն իր կայքէջում հրապարակել է հունիսի 18-ի որոշումները, ուրեմն դրանք անվավեր ճանաչելու պատճառներ չկան եւ քաղաքապետարանը պարտավոր էր հրապարակել: Այսօր հուլիսի 1-ն է եւ ավագանու կայացրած որոշումներն ու նիստի արձանագրությունը Վանաձոր քաղաքի պաշտոնական՝ vanadzor.am կայքում չեն հրապարակվել:
Վանաձորում ավագանու նիստի մասին հասարակության իրազեկումը նույնպես չի կատարվում օրենքի պահանջներին համապատասխան. vanadzor.am կայքում ավագանու նիստերի մասին ծանուցում է միայն կայքի հայտարարություններ բաժինը՝ տեղեկացնելով նիստի օրն ու ժամը: Օրակարգում տեղ գտած հարցերին վերաբերող նախագծերը նույնպես չեն հրապարակվում: «Տեղեկատվության ազատության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» եւ այլ օրենքները սահմանել են պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը, որը պարտավոր են ապահովել տեղական ինքակառավարում եւ տարածքային կառավարում իրականացնող մարմիններըª համայնքների ղեկավարները եւ մարզպետները:
Օրենքը նախատեսել է նաեւ տեղեկատվությունը հրապարակելու միջոցները. «Ցուցատախտակների տեղադրում` ելնելով համայնքի բնակչության թվից` երկու հազար բնակչին ոչ պակաu, քան մեկ ցուցատախտակ («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 63, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք հոդված 12-1): Վանաձորում պաշտոնական տեղեկատվությունը հրապարակելու այս միջոցը կիրառում չի գտել, իսկ կայքերի դեպքում չեն կարեւորում օպերատիվությունը: Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ պաշտոնական կայքում, պետք է երեւա քաղաքապետարանի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Ավագանու նախորդ նիստի հետ կապված, երբ նիստի մասին նախապես իրազեկելու հարցում քաղաքապետարանը թերացավ, այդ մասին տեղեկացնելով միայն երկու հեռուստատեսության, քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Էդիկ Հովսեփյանն իրեն ուղղված կշտամբանքներին ի պատասխան հայտնեց. «Կայքում տեղադրված է, նայե՛ք, տեղեկացե՛ք, ես պարտավոր չեմ բոլորին հատիկ-հատիկ զանգել»: Իսկ այս դեպքում որտե՞ղ նայենք, պրն Հովսեփյան, գուցե Վանաձորը այլ պաշտոնական կայք ունի, մենք չգիտենք:
Լուսինե Ավագյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել