HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու հիվանդանոցում հակասանիտարական պայմաններ են

Օրեր առաջ հիվանդին տեսակցելու նպատակով այցելեցի Մարտունու հիվանդանոց: Արտաքինից մեծ ու հարմարավետ շինության առաջին հարկը փոքր շուկա էր հիշեցնում: Կողք-կողքի գործող երեք դեղատներն ավելի շուտ մինի մարկետի էին նման, քանի որ բացի դեղորայքից վաճառում էին կոսմետիկ միջոցներ, խաղալիք, քաղցրեղեն եւ այլն:

Տեսակցության համար պետք է բարձրանայինք երրորդ հարկ` մանկական բաժանմունք: Բաժանմունքից ծխախոտի սուր հոտ էր փչում, դռան անկյունում դրված աղբամանը լի էր ծխախոտի մնացուկներով: Դռներից ներս ծխախոտի հոտին գումարվեց փոշու ու բորբոսի հոտը: Միջանցքի հատակին փռված «լինոլիումը» ժամանակի ընթացքում այնքան էր մաշվել, որ տակից հողը երեւում էր: Հիվանդասենյակներում համեմատաբար բարվոք վիճակ էր:

Մեզ խնդրեցին սպասել խոհանոցում: Այստեղ պատերի թափված գաջին փոխարինում էր բորբոսը: Խոնավության հոտն անտանելի էր, սակայն այն համահունչ էր խոհանոցում տեղադրված սեղանի, նստարանի եւ երեւի «սովետի թվին» տեղադրված լվացարանի հետ:

Բուժվող երեխաների մայրերին հարցրի, թե հույս ունե՞ն, որ այս պայմաններում իրենց փոքրիկները շուտ կլավանան, նրանք պատասխանեցին, որ իրենց այդտեղ գտնվելու պատճառը ֆինանսական սուղ վիճակն է: Ավել գումար, եթե ունենային՝ Երեւան կգնային: Մի մայրիկ էլ նշեց, որ իրենց ամուսինները արտերկրում են, բավարար գումար էլ ունենային՝ չէին կարող մայրաքաղաք գնալ:

Մեկ հարկ վերեւ ինֆեկցիոն բաժինն է: Մտածեցի, որ այստեղ ավելի լավ պայմաններ կլինեն: Բարձրանալուն պես այնպիսի զգացում ունեցա, որ եթե հիվանդ չէի, այդ պահին արդեն հիվանդացա: Բողոքս բարձրաձայն հայտնեցի բույժքույրերից մեկին: «Քուր ջան, գիտես մեզ հաճելի ա՞, բայց ի՞նչ անենք, էսա, պիտի աշխատենք»,- եղավ պատասխանը:

Լիանա Մակվեցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter