HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջերմուկից երիտասարդներն արտագաղթում են. 6 ամսում 32 երեխա է ծնվել

Մեր այցելության պահին Ջերմուկի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Լուսիկ Սաղաթելյանը այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն էր ամփոփում: Ջերմուկ քաղաքում 6 ամսվա ընթացքում գրանցվել է 32 ծնունդ, 17 մահ, 23 ամուսնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 29 ծնունդ, 27 մահ, 13 ամուսնություն եւ 5 ամուսնալուծություն:

Այս տարի ամուսնալուծություն դեռ չի գրանցվել, սակայն ոչ թե ամուսնալուծվողներ չեն եղել, այլ տարբեր պատճառներով չեն գրանցել: ՔԿԱԳ պետը նշեց, որ գիտի դեպքեր, երբ դատարանով ամուսնալուծվել են, սակայն դեռ իրենց մոտ չեն գրանցվել: Ընտանիքներ էլ կան, որ համատեղ չեն ապրում, այսինքն փաստացի ամուսնալուծված են, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են գրանցել: Ըստ Լ. Սաղաթելյանի՝ պատճառները տարբեր են՝ օրենք չիմանալուց մինչեւ ալիմենտ վճարելու խնդիրներ, բնակտարածության կիսում եւ այլն:

«Մեկ քաղաքի համար այս ցուցանիշները նորմալ են: Դե, բնակչության թիվն էլ է շատ պակասել, արտագաղթում են, շատ են գնում, երիտասարդություն գրեթե չկա, աշխատանք չկա: Հիմնականում ամուսինները բավարարվում են առաջին ծնունդով, երկրորդ, երրորդ ծնունդ շատ քիչ է լինում: Այս կիսամյակում 1-2 ծնունդ եմ գրանցել, որ երրորդ երեխան են ունենում»,- ասում է Լուսիկ Սաղաթելյանը:

Նրա խոսքերով՝ ինչքան շատ են ընտանիքի անդամները, այնքան շատ են լինում խնդիրները, հետեւաբար ծնունդներն էլ քիչ են լինում:

Ջերմուկում հիմնականում ամուսնանում են 27-28 տարեկանում, բայց վերջին տարիներին տղաները բանակից գալիս են ու ամուսնանում:

«20-22 տարեկանները ամուսնությունը գրանցելու դիմումը լրացնելիս գրում են, որ չեն աշխատում, բայց ես իրավունք չունեմ նրանց ասել՝ ոնց եք ընտանիք պահելու, եթե չեք աշխատում: Այդ տարիքային տղաների հետ, երբ խոսում ենք, զգում ենք, որ հասուն չեն, չգիտեմ, դա իմ կարծիքն է: Ընտանիք կազմելը շատ լուրջ պատասխանատվություն է, այնպես չէ, որ ամուսնանում են եւ վերջ: Այդ տարիքի երիտասարդները պատասխանատվության զգացում չունեն: Միգուցե սուբյեկտիվ է, բայց այդպես եմ զգացել»,- ասում է Լուսիկ Սաղաթելյանը:

ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը նշեց, որ Ջերմուկում թաքնված ծնունդներ չեն լինում, քանի որ միանվագ գումար ստանալու համար երեխայի ծնվելուց հետո եռօրյա ժամկետում ծնունդը գրանցում են, սակայն այլ պատկեր է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների դեպքում:

«Եթե խրախուսանք լինի նաեւ ամուսնությունների դեպքում, հնարավոր է՝ վիճակը փոխվի, եւ բոլորն էլ գրանցեն: Երիտասարդ ամուսնացողները շատ են հարցնում օգնություն կա, թե ոչ: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի նոր ստեղծված ընտանիքին պետական աջակցություն ցուցաբերելը: Ասենք ոնց է, զույգն ամուսնանում է, հարսանիքի օրը բարեկամները նվերներ են տալիս նրանց, որովհետեւ նոր ընտանիքի հիմք է դրվում, պետությունն էլ պետք է իր հասանելիք նվերը տա եւ ամեն ինչ անի, որ այդ ընտանիքները կայանան»,- ասում է Լուսիկ Սաղաթելյանը:

Նա ֆինանսական օգնությունը ռեալ չի համարում, քանի որ մեկ անգամ է տրվելու, փոխարենը համոզված է, որ պետության ամենամեծ օգնությունը կլինի նորմալ աշխատավարձով աշխատանքով ապահովելը:

«Հիմա ընտանիքից երկուսն էլ աշխատում, չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, բայց գոնե այդ դեպքում ընտանիքի անդամներից մեկը երաշխավորված աշխատանք կունենա: Ճիշտ է, մենք աշխատում ենք ու պաշտոնական ենք խոսում, բայց դուք էլ գիտեք, բոլորս էլ գիտենք, որ բարդություններ շատ կան՝ նոր ծնված երեխային պահելուց սկսած»,- նշեց ՔԿԱԳ պետը:

Նրա կարծիքով՝ ամուսնության հարցում լուրջ խոչընդոտ է նաեւ բնակարանի հարցը: Այսօրվա երիտասարդությունն ինքնուրույնություն է սիրում, եւ բոլորն էլ կողմնակից են դրան, սակայն պայմաններ չկան:

«Բնակարանի հարցը այսօր շատ լուրջ խնդիր է: Հիմա Ջերմուկում երիտասարդություն չկա, այստեղի պայմաններին չեն հարմարվում, գնում են Երեւան, կամ էլ մեկնում են երկրից: Այս թանկացումներից էլ են մարդիկ գնում, հետո հիասթափվում են, երբ աշխատում են ու այդ աշխատավարձով ոչ մի բանի չեն կարողանում հասնել՝ կոմունալ ծախսերից բացի: Ծախսերն ավելանում են, իսկ աշխատավարձը մնում է նույնը, իսկ դրանից կարո՞ղ է լավ արդյունք լինի, մարդու սոցիալական վիճակը լավանա՞, դժվար»,-ավելացրեց Լուսիկ Սաղաթելյանը:

Մեկնաբանություններ (1)

Gagik
ՀԵՏՔԻՆ....Խնդրում եմ հոդվածի վերնագիրը ճիշտ գրեք,,,Ընդհանրապես Հայաստանում ոչ թե ԱՐՏԱԳԱՂԹ է այլ ՏԱՐՀԱՆՈՒՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter