HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոման Հովսեփյան. հայաստանցի երիտասարդ գիտնականների հիմնական խնդիրը գոյատևելու համար անբավարար աշխատավարձն է

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Գիտությամբ զբաղվելը Ռոմանի ամենամեծ հետաքրքրությունն է, հոբբին, նաև վաստակի աղբյուրը: Նրա խոսքով՝ «բոլորս էլ գիտենք, որ ներկայում Հայաստանում գիտությունը, մեղմ ասած, ամենահարմար զբաղմունքը չէ՝ վաստակելու համար: Երբ վիճակը շատ էր վատանում, սկսում էի լրջորեն մտածել աշխատանքս փոխելու մասին, բայց երբեք չեմ լքել գիտությունը որևէ պատրվակով, քանի որ գիտեի, որ վերադարձը դժվար կլինի, միգուցե անհնար»: Նրան կանխող մյուս հանգամանքն այն է եղել, որ իր դուրս գալով՝ գիտության տվյալ ոլորտը Հայաստանում կմնար «անտեր», իսկ արարքն այդ դեպքում եսասիրություն կլիներ:

Գիտական հետազոտությունների որևէ ոլորտ ընտրելիս երբեք ուշադրություն չի դարձրել՝ որքանով է վերջինիս նշանակությունը գործնական: Որոշակի ոլորտում ակտիվ հետազոտությունները շարունակում է՝ մինչև հարցերի պատասխանները գտնելը, որից հետո հետաքրքրությունը զգալիորեն մարում է և առաջ է գալիս նոր բան սովորելու ու ուսումնասիրելու կարիք: Մասնագիտական կյանքն առանց նորությունների չի պատկերացնում:

2008 թ.-ից սկսած՝ մասնակցել է միջազգային գիտաժողովների` ժամանակ և ֆինանսական աջակցություն գտնելու հնարավորություններին համապատասխան: Ամենակարևոր գիտաժողովները, որոնց մասնակցել է, նա համարում է Պալեոէթնոբուսաբանության միջազգային աշխատախմբի գիտաժողովներն են (Conference of the International Work Group for Palaeoethnobotany: 15 (2010) - Wilhelmshaven, Germany; 16 (2013) - Thessaloniki, Greece), որոնք տեղի են ունենում 3 տարին մեկ ու համախմբում այդ ոլորտում աշխատող, աշխարհի մասշտաբով լավագույն մասնագետներին: Կովկասի սահմաններից դուրս մասնակցել է նաև հետևյալ գիտաժողովներին. 77th Annual Meeting of the Society for American Archaeology, Memphis, Tennessee, USA,  2012; 2nd International Workshop on Archeology of European Mountain Landscapes. Maison de la Recherche - Toulouse 2 University, France, 2009; New methods and results of the pluridisciplinary research of the cultural heritage. Slobozia, Romania, 2008:

Հայաստանում և առավել ևս դրսում միշտ կարևորվել են Ռոմանի կատարած աշխատանքները, քանի որ այս ոլորտում կատարված մասնագիտական հետազոտությունները շատ չեն, և Կովկասի, որը բույսերի մշակության կարևորագույն կենտրոններից մեկն է, նախապատմության այս կարևոր ասպեկտի մասին մեր ունեցած գիտելիքները շատ սահմանափակ են: Ոլորտի առաջատար բոլոր մասնագետները հետևում են նրա աշխատանքներին և պարտադիր կերպով հղում են մեր տարածաշրջանի հետ և բույսերի որոշակի խմբերի հետ առնչվող բոլոր աշխատանքներում: «Իմ աշխատանքներին հղած կարևորագույն աշխատանքներից կնշեի «Բույսերի ընտելացումը Հին աշխարհում» ("Domestication of Plants in the Old World") գիրքը (հրատ. 2012 թ., հեղինակներ` D. Zohary, M. Hopf և E. Weiss) մեր ոլորտի «ավետարանը»` կարևորագույն աշխատություն, որով սովորում են և որով ծանոթանում են Հին Աշխարհում բուսական տնտեսության և մշակույթի վերաբերյալ մարդկության ներկայիս գիտելիքներին»: Ցավով նշում է, որ, մինչև իր մասնագիտական գործունեությունը, Հայաստանը որևէ կերպ արտահայտված չի եղել այդ առանցքային նշանակության աշխատանքում:

-Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞ր մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

-Այս հարցին մասնավոր պատասխաններ տալը շատ ծավալուն կլինի, քանի որ 40-ից ավել աշխատանքներ ունեմ: Ասեմ, որ հիմնականում երկու տիպի հրատարակումներ ունեմ. 1) իմ մասնագիտական ոլորտի աշխատանքներ, որտեղ միայն ես եմ հեղինակ կամ գլխավոր հեղինակն եմ և որտեղ աշխատանքը գլխավորապես իմ կողմից է կատարված, և 2) ավելի ընդհանուր ու ընդգրկուն աշխատանքներ, որտեղ տվյալ լայնածավալ և բազմակողմանի հետազոտությունում մասնակցություն ունեցած բոլոր մասնագետները, ներառյալ ես, ներկայացված են՝ որպես հեղինակներ: Այս երկրորդ դեպքում իմ մասնակցության աստիճանը տարբեր է` մի քանի նախադասությունից մինչև մի քանի էջ: Այդ ընդհանուր բնույթի հոդվածներում իմ կողմից նույնիսկ մի քանի նախադասությունով ներդրում ունենալու պարագայում վերջիններս կարևոր և անփոխարինելի ինֆորմացիա են տալիս:

-Ի՞նչ գիտական դրամաշնորհներ և մրցանակներ եք ստացել։

-Ունեցել եմ անհատական երեք փոքր դրամաշնորհներ Project Discovery-ի (ԱՄՆ) և ԵԳԱԾ-ի (Հայաստան) կողմից: Նաև 2011-2012 թթ. եղել եմ Ֆուլբրայթ ծրագրի հետազոտող (Fulbright Visiting Scholar) ԱՄՆ-ում: Մրցանակների համար միայն վերջի երկու-երեք տարիներին եմ սկսել դիմել, քանի որ նախկինում հավատ չունեի դրանց արդարացիության պահով, բացի այդ ես էլ այնքան գիտական վաստակ չունեի իրատեսորեն որևէ բան ակնկալելու համար: 2011 թ.-ինարժանացել եմ “Ծառուկյան” հիմանդրամի կողմից տրված խրախուսավճարի` ազդեցության գործակից ունեցող միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրված աշխատանքների համար: Այս տարի դարձել եմ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից կազմակերպված Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության «Պատմություն և ազգաբանություն - Հ. Օրբելու անվան մրցանակ»-ի 1-ին կարգի մրցանակակիր: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպված «Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթողներից մեկը հանդիսանալը:

Թե որ չափանիշն է ավելի ճիշտ արտացոլում գիտական աշխատանքի արժեքը՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, խնդրի հարցում իր կարծիքը որոշակի է` հղումների թիվը ավելի կարևոր չափանիշ է, քանի որ դա արտահայտում է կատարված աշխատանքի կարևորությունը, այլ մասնագետների հետաքրքրվածությունը տվյալ աշխատանքով և իհարկե որակը, եթե իհարկե չեն հղում, որպեսզի ասեն, օրինակ, որ այդ աշխատանքի արդյունքները սխալ են:

Կարծում է, որ հետագա տարիներին մրցանակների թեկնածուներից արժե նաև պահանջել միջազգային հեղինակություն վայելող մասնագետների կողմից երաշխավորագիր ներկայացնել: Սակայն սա պակաս օբյեկտիվ չափանիշ է, քան հղումների քանակությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է համարում նաև աշխատանքների գնահատումն իրականացնել ըստ բնագավառների։ «Ընդհանրապես, տարբեր ոլորտների մասնագետներին և նրանց կատարած աշխատանքները գնահատելու համար միևնույն չափանիշները կամ արժեքները օգտագործելը համարում եմ անընդունելի: Մանրամասնեմ ինչու: Նախ ասեմ, որ ընդունելի եմ համարում «Ազդեցության գործակիցով» (Impact Factor) ամսագրերում տպագրվելը գիտնականի տված արդյունքի գլխավոր չափանիշ համարելը, քանի որ այն ներկայիս շատ թե քիչ օբյեկտիվ չափորոշիչն է:

Սակայն չպետք է մոռանալ, որ գիտության տարբեր բնագավառներում այդ ԱԳ-ով ամսագրերի քանակությունը և դրանց ԱԳ-ների առավելագույն արժեքները տարբեր են (կարող են մինչև տասնյակ և անգամ հարյուրավոր անգամներ տարբերվել): Սովորաբար կիրառական, որպես կանոն բնագիտական ոլորտների համար ԱԳ-ով պարբերականների քանակությունները և ԱԳ-ի արժեքները բարձր են, պակաս կիրառական ոլորտներում, օրինակ հասարակագիտական և հումանիտար ոլորտներում, ԱԳ-ով պարբերականները համեմատաբար սակավաթիվ են, իսկ ԱԳ-ները, առկայության դեպքում, շատ ցածր` հաճախ 0-ին մոտ:

Ի լրումն դրա, շատ ոլորտներում կան հեղինակավոր միջազգային ամսագրեր, որոնք տասնամյակներով և նույնիսկ դարից ավել հրատարակվում են, սակայն ԱԳ չունեն և նույնիսկ որևէ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված չեն: Ավելին, հասարակագիտական ոլորտներում հրատարակվում են գիտական աշխատանքների ժողովածուներ, սովորաբար թեմատիկ բնույթի, որտեղ հրատարակվում են տվյալ ոլորտի աշխարհի մասշտաբով առաջատար մասնագետների կարևորագույն աշխատանքներ: Վերոհիշյալ պարբերականները, ժողովածուները և մենագրությունները, որոնք ԱԳ չունեն, անարդարացիորեն դուրս կմնան բոլոր գիտնականների աշխատանքների արդյունքը` գիտական հրապարակումները միայն ԱԳ-ով և շտեմարաններում ընդգրկվածությամբ գնահատելու դեպքում: »:

Վերջին շրջանում Հայաստանում իրականացված և իրականացվող մրցանակաբաշխություններին և խրախուսական միջոցառումներին շատ դրականորեն է վերաբերվում. համարում է, որ մեծ գործ է արվում: Այդ միջոցառումները իհարկե ոչ մի հարցի արմատական լուծում դեռևս չեն տվել, բայց, զարգացնելու և շարունակական լինելու դեպքում, տարիների ընթացքում շատ բաներ կփոխեն՝ թե՛ հասարակության կողմից գիտնականների նկատմամբ հարգալից և արժևորող վերաբերմունք ձևավորելու և թե՛ հենց գիտնականների սեփական անձը և իրենց կատարած աշխատանքը արժևորելու և գնահատելու առումներով:

Ռոմանի համոզմամբ՝ մարդիկ պետք է տեսնեն, որ կառավարությունը արժևորում է գիտնականներին` գոնե նորմալ աշխատավարձ վճարելով, գիտական ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ, խրախուսավճարներ և մրցանակներ տալով և մեծարելով: Գոնե մեկ տասնամյակ նման ռազմավարություն իրականացնելու դեպքում հասարակության վերաբերմունքը զգալիորեն խփոխվի գիտության նկատմամբ, և այդ ամենը կշարունակվի` արդեն առանց կողմնակի դրդման, իսկ գիտությունն էլ իր հերթին զարգացում կապրի և հասարակությանը կապահովի անհրաժեշտ գիտական արդյունքով:

Թվարկելով Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրները, որպես հիմնական խնդիր, որը վերաբերվում է բոլոր երիտասարդ գիտնականներին, առանձնացնում է անգամ գոյատևելու համար անբավարար, ցածր աշխատավարձը, որը թույլ չի տալիս լիարժեք կերպով կենտրոնանալ գիտական աշխատանքի վրա: Կան նաև հետևյալ հարցերը, որոնք, սակայն, հնարավոր է, որ բոլորին չեն վերաբերվում: 1) Միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ անելու համար անհրաժեշտ միջոցների և միջավայրի բացակայություն:  2) Որոշ դեպքերում ավագ սերնդի գիտնականների կողմից երիտասարդների մասնագիտական աճը ճնշելու հակվածությունը: 3) Ղեկավարության կողմից երբեմն տեղ գտնող խտրական վերաբերմունքը, երբ հարցը վերաբերվում է ավագ և երիտասարդ մասնագետներին:

Ինչ վերաբերվում է երիտասարդ գիտնականների կողմից ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում իրենց խնդիրների բարձրաձայնմանը, դրան դրական է  վերաբերվում և համարում, որ դեռ ավելի շուտ էր պետք սկսել դրանով զբաղվել: Երիտասարդների այդ ակտիվությունը ինքնանպատակ չի, ծայրահեղ վատ վիճակն է, որ սովորաբար համեստ ու երկչոտ երիտասարդ գիտնականներին դրդել է՝ տարբեր հարթակներում բարձրաձայնել իրենց խնդիրները, և կառավարությունից պահանջել դրանց լուծում կամ գոնե օգնություն՝ դրանք լուծելու համար: «Թող ես սխալվելիս լինեմ, բայց կարծում եմ, որ եթե երիտասարդ գիտնականների խնդիրները չբարձրաձայնվեին, մենք դեռ շատ երկար տարիներ կառավարության կողմից որևէ ուշադրության չէինք արժանանա: Հիմա նկատում եմ մի փոքր ուշադրություն և շարժ: Հուսով եմ այն շարունակական կլինի և անընդհատ կավելանա»,- ասում է նա։

-Նշանակում է՝ վերջին տարիներին տեսնո՞ւմ եք դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

-Իհարկե, վերջին տարիներին տեսնում եմ դրական միտումներ։ Գիտեմ, որ դրանք հիմնականում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախեռնության ներկայացուցիչների ակտիվ աշխատանքի և բանակցությունների շնորհիվ են իրականացել: Բարձր եմ գնահատում այս նախաձեռնության հեղինակների և ակտիվիստների աշխատանքը, նրանք կարողացան կայծ հանդիսանալ մյուսների համար, խոսել պրոբլեմների մասին և ունենալ որոշ արդյունքներ, երբ մյուսները լռում էին և չէին գործում` համարելով, որ դա անարդյունավետ և անհույս գործ է:

Արտերկրում աշխատել է 2008 թ.-ից, հիմնականում կարճ ժամանակահատվածներով, ամենատևականը՝ ինն ամիս, իսկ գումարայինում` շուրջ մեկուկես-երկու տարի: Եղել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի և Հունաստանի երկու տասնյակից ավել համալսարաններում և գիտահետազոտական հիմնարկներում: «Առաջ ամեն անգամ արտերկրի որևէ գիտական հիմնարկությունում հայտնվելիս՝ շոկ էի ապրում իրենց վերաբերմունքից և տրամադրած աշխատանքային պայմաններից, ռեսուրսներից և իհարկե վարձատրությունից: Հայաստանում սովոր էի ինքս իմ համար ստեղծել աշխատանքային միջոցներ և պայմաններ, աշխատել ամենաաներևակայելի պայմաններում (վատ իմաստով)՝ որպես աշխատանքային գործիքներ օգտագործել ձեռքի տակ եղած ամեն ինչ»,- պատմում է Ռոմանը: 

-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

-Իմ մասնագիտական աշխատանքի կարիքը Հայաստանում կա: Եթե իմ նման մի քանի հոգի էլ լինեին, աշխատելու նյութ կլիներ: Սակայն աշխատանքային պայմաններ չկան, և աշխատանքն էլ նորմալ չի վարձատրվում: Կարելի էր անգամ Հայաստանում հնակենսաբանական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, ինչպես Վրաստանում ունեն դեռևս խորհրդային ժամանակներից: Սակայն ներկայում անգամ հասարակ լաբորատորիա ստեղծելու համար աջակցություն չունեմ, և այս իրավիճակն ինձ հաճախ մտորումների մեջ է գցում…

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter