Լոս Անջելեսում մեկնարկել է Արամ Խաչատրյանի տարին
Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում՝ Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի տարին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արևմտյան ափի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարներ:
Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, ով երեկոյի նախօրյակին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում՝ ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:
Գալա-համերգի հյուրերին ներկայացվեցին աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվեցին կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող արխիվային կադրեր:
Միջոցառման ընթացքում հայտարարվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը՝ հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ ձեռնարկը տեղի կունենա հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկում՝ Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը: «Կուն» հիմնադրամի նկարահանած այս փաստավավերագրական ֆիլմը 2 տարի առաջ արժանացել է «Բևեռլի Հիլզ» կինոփառատոնի առաջին մրցանակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել