Արմեն Աշոտյանը թվարկել է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված բարեփոխումները
Կրթության և գիտության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է արել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության շնորհանդեսի ժամանակ:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ մասնագիտական կրթության ոլորտում վերացվել են ընդունելության քննությունները, և ուսանողները ատեստատի միջին գնահատականներով կարող են ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությամբ:
Երկրորդ՝ ծնողները և ուսանողներն ավելի բծախնդիր են դարձել, և միջին մասնագիտական կրթությունն ավելի պահանջված է դարձել: Շատ տեղերում առկա է մրցութային իրավիճակ՝ շնորհիվ նաև կառավարության այն որոշման, որ 50 տոկոսով ավելացվել են անվճար տեղերը:
Երրորդ՝ կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք, և քոլեջների շրջանավարտներն այսօր ավելի հեշտ են ընդունվում աշխատանքի իրենց մասնագիտությամբ:
«Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ՀՀ կառավարությունը տարիներ առաջ հռչակել է գերակա ոլորտ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձել է նաև հետազոտության մեջ արծարծված ոլորտի խնդիրներին, մասնավորապես, ըստ Ա.Աշոտյանի, հիմնական խնդիրը ուսանողների սոցիալական վիճակի բարելավումն է սոցիալական տարաբնույթ ծառայությունների տրամադրման տեսանկյունից:
Երկրորդը կրթություն-աշխատաշուկա կապի, գործատուների ներգրավման խնդիրն է, որը կադրերի հիմնական սպառողն է: Ցավոք, ոչ բոլոր գործատուներն են կրթությունը դիտարկում որպես շահեկան ոլորտ, և բիզնեսի մշակույթը դեռևս Հայաստանում կայացած չէ: Մինչդեռ մասնավոր հատված-պետություն համագործակցության դեպքում արձանագրվում է հստակ արդյունք:
Հաջորդ խնդիրը վերաբերում է քոլեջների նյութատեխնիկական բազայի բարելավմանը: Վերջին 3 տարվա ընթացքում 30-ից ավելի քոլեջ է բարեկարգվել նաև ԿԳՆ միջազգային գործընկերների օգնությամբ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իրականացրած «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության հիմնական նպատակներն էին գնահատել համակարգի շրջանավարտների ներգրավվածությունը Հայաստանի աշխատաշուկայում, ստանալ շրջանավարտների ունակությունների և հմտությունների գնահատականները գործատուների տեսակետից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել