HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթունյանը դատարանում ցուցմունք է տվել Խուդյանի ընկերության կողոպուտի մասին

Վլադ Մանգասարյանը Խուդյանի շենքի տարածքները սեփական պարտքերի դիմաց որպես երաշխիք է տվել

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շենքում բնակարան չստացած Լուսինե Գյուլխասյանի դատական գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը, իսկ գործով վերջին դատական նիստում բնակարանի թալանի պատմությունը ամենայն մանրամասնությամբ բացահայտող վկայություն տվեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը:

Նրա ցուցմունքները առավել բացահայտ ներկայացրին, թե ինչու և ինչպես է Վլադ Մանագասարյանը իրենց որպես երաշխիք հանձնել Լուսինե Գյուլխասյանի գնած բնակարանը և ինչ է տեղի ունեցել հետագայում: Մասնավորապես այն, թե ինչպես է քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել իրենց ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Ըստ Նարեկ հարթունյանի՝ իր եղբայրը նույն Մաշտոցի 33ա շենքի հետ կապված նույնպես խարդախության զոհ է դարձել և Էդմոնդ Խուդյանից հետո այդ շենքում ամենաշատ տուժած անձն է, իսկ Լուսինե Գյուլխասյանի գնած թիվ 22 բնակարանը ուղիղ առնչություն ունի այդ պատմության հետ:

«Մեր ընտանիքի Հայաստանում նախկին ներկայացուցիչ Սևակ Արզարունու միջոցով եմ ծանոթացել և Վլադ Մանգասարյանին, և Արմեն Գալստյանին: Սևակ Արզարունին 2006թ.-ին եղբորս խորհուրդ էր տվել Վլադի հետ պայմանագիր կնքել այժմյան Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի 8-րդ հարկի 655քմ տարածքն ամբողջությամբ և 80քմ ավտոկայանատեղի գնելու համար: Եղբայրս գումարներ էր ուղարկել Սևակին, Սևակն այդ գումարները ոմն Արմեն Գալստյանի միջոցով էր փոխանցել Վլադին: 2010թ. փետրվարի 12-ին Վլադի և Սևակի միջոցով իմ և եղբորս անվամբ այդ նույն շենքում ձեռք եմ բերել ևս 2 բնակարան: Եղբորս կողմից Մաշտոցի 33/1 շենքի համար նախկինում վճարված գումարների դիմաց երաշխիք է հանդիսացել Մաշտոցի պողոտայի 33ա հասցեի 5 հարկանի շինությունը, ինչը 2010թ. օգոստոսի 10-ի պայմանագրով Սևակը ձևակերպեց իր անունով, որպես եղբորս շահերի ներկայացուցիչ: Սակայն, Մաշտոցի պողոտայի 33ա հասցեի շինության պայմանագիրը կնքելուց օրեր անց այդ շինության վրա դատական կարգով արգելանք դրվեց: Ըստ Սևակի պատմածի, ինքն իր թիկնապահներով, Վլադի հետ վիճաբանել է, ճնշումներ գործադրել ու լրացուցիչ երաշխիքներ պահանջել»,- դատարանին պատմեց վկա Նարեկ Հարթունյանը:

Արդյունքում, ըստ նրա, Սևակ արզարունին, իբր, որպես կնքված գործարքի լրացուցիչ երաշխիք, իր աներորդու անվամբ 16.09.2010թ. նախնական պայմանագիր է կնքում Մաշտոցի պողոտայի 33/1 հասցեի շենքի թիվ 55 և 56 բնակարանների վերաբերյալ: Սակայն ավելի ուշ պարզվում է, որ այդ պայմանագրերում նշված բնակարաններն արդեն հիմնական պայմանագրերով վաճառված են, այսինքն՝ կեղծ են: Եվ հենց դրանց փոխարեն 23.09.2010թ. աներորդու անվամբ կնքվում է թիվ 2 բնակարանի, իսկ Արթուր Գալստյանի անվամբ՝ Լուսինե Գյուլխասյանի կողմից արդեն գնված թիվ 22 բնակարանի վերաբերյալ հիմնական պայմանագրեր:

Սակայն Լուսինե Գյուլխասյանի գնած 22 բնակարանի հետ կապված հետագայում այլ հարցեր են առաջանում, քանի որ դրա հետ կապված ախորժակ է ունենում այս գործով դատարանում արդեն փաստորեն կեղծ վկայություն տված Արմեն Գալստյանը: Մասնավորապես՝ ըստ Նարեկ Հարթունյանի՝ այն բանից հետո, երբ ինքը դադարեցնում է Սևակ Արզարունու լիազորությունները, վերջինս իր թիկնապահներով ներխուժում է Հարթունյան ընկերության գրասենյակ, ջարդուփշուր անում ընտանիքի մասուքները, անձնական սպառնալիքներ տալիս ու այդ օրվանից իրենց հարաբերությունները խզվում են:

Նույն ժամանակ էլ Սևակի թիկնապահը Արթուրից պահանջում է, որ թիվ Լուսինե Գյուլխասյանին պատկանող 22 բնակարանի սեփականության վկայականը հանձնի իրենց: Նույն ժամանակվանից սկսած որպես Սևակ Արզարունու գործընկեր հայտնի Արմեն Գալստյանն է սկսում հաճախակի հանդիպել Նարեկ Հարթունյանին ու հորդորել, որ թիվ 22 բնակարանն իրեն հանձնի, քանի որ այն իրեն է պատկանում:

«Արմեն Գալստյանի մասին ասում էին, որ անվտանգության նախկին աշխատակից է, «հարցեր լուծող» է, և հենց ինքն էլ ասում էր, որ դատավորների, իրավապահների, այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ լավ հարաբերությունների ունի ու բաց տեքստով ասում էր, որ եթե Սևակի հետ հաշտվեմ ու լիազորություններ տամ, ապա ինձ համար լավ կլինի, իսկ եթե չհաշտվեմ, ապա հնարավոր է մեծ խնդիրներ առաջանան: Հետագայում պարզվեց, որ Արմեն Գալստյանի անձնական շահագրգռվածությունը դա՝ թիվ 22 բնակարանի վկայականն ինձնից ստանալն էր: Անկեղծ ասած ես այդ պահին մտածում էի, որ ավելի լավ է այդ բնակարանը հանձնեմ Արմեն Գալստյանին, քան նրա հետ խնդիր ունենամ, քանի որ արդեն պատկերացում էի կազմում, թե ում հետ գործ ունեմ: Մյուս կողմից Սևակն էր 2010թ. հոկտեմբերի 8-ին, իր թիկնապահի միջոցով Արթուրին իր մոտ տարել և ստիպել, որ գումարի պարտքի ստացական գրի ու սպառնացել էր նաև, որ թիվ 22 բնակարանն այլ անձի անվամբ չփոխի: Իմ իրավունքները պաշտպանելու համար այդ ժամանակ նաև հեղինակավոր փաստաբանական գրասենյակի էի դիմել, սակայն նրանք էլ չկարողացան լուծում տալ հարցերին»,- պատմում է վկան:

2010թ. դեկտեմբերի 7-ին Նարեկ Հարթունյանը Սևակ Արզարունու դեմ հայց է ներկայացնում, իսկ ներկայացված հայցի ապահովումից խուսափելու համար 2010թ. դեկտեմբերի 10-ին Արզարունին Մաշտոցի պողոտայի 33ա հասցեի 5 հարկանի շինությունը անվանափոխում է կեղծ գնորդ ոմն Ռոբերտ Հարությունյանի անունով և լուրեր է տարածում, թե, իբր, այն հանձնվել է Հարթունյաններին, մինչդեռ ըդտ վկայի, դրա հետ իրենք որևէ կապ չունեն:

«Նույն օրերին Արմեն Գալստյանն ավելի է ագրեսիվանում և ուղղակի պահանջ է ներկայացնում, նշելով, որ միևնույն է այդ բնակարանը կվերցնի Արթուրից: Ես ստիպված էի բնակարանի վկայականը տալ Արմեն Գալստյանին, իսկ նա Արթուրին իր հետ տարավ կադաստր, որից հետո միայն տեղյակ եմ, որ Արթուրն ինչ-որ մեկի հետ պայմանագիր է կնքել, որի դիմաց բնականաբար գումար չի ստացել»,- նշեց Նարեկ Հարթունյանը:

Դատական այս գործով վերջին նիստում դատարանում պետք է վկայություն տար նաև հենց Սևակ Արզարունին, սակայն նա հերթական անգամ չներկայացավ: Վկաներից դատարան էին եկել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի իբրև թե ներկայիս սեփականատեր Նարինե Հովհաննիսյանի ամուսինը՝ Վոլոդյա Խոջոյանը, ով, պարզվեց, որ ոչ մի բան չգիտեր իրենց գնած բնակարանի մասին ու միայն տանը եղած խոսակցության ժամանակ է իմացել, որ կինը բնակարան է գնել Մաշտոցի վրա գտնվող շենքից: Խիստ հակասական ցուցմունքներ տվեց նաև Լուսինե Գյուլխասյանի բնակարանը Նարինե Հովհաննիսյանին վաճառած, այս գործով վկա Արմեն Գալստյանի մատնանշած անձ Գայանե Ստեփանյանը, ով նախորդ նիստերին իբրև թե չէր կարողանում ներկայանալ:

Այս վկային, ըստ երևույթին, բավական պատրաստած էին դատարան ուղարկել, սակայն տեղյակ չէին պահել փաստորեն, թե Լուսինե Գյուլխասյանի գնած բնակարանը ինչքան է արժեցել: Ու դատարանում ըստ Գայանե Ստեփանյանի տված ցուցմունքների ստացվեց այնպես, թե ինքը բնակարան է գնել, բայց լավ չի հիշում 90 հազար դոլարով, թե 120 հազար: Եվ ինչպես մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը նկատեց՝ ստացվում է, որ այս վկայի դրամական շրջանառությունն այնքան մեծ էր, որ նրա համար 30 հազար դոլար այս կողմ, թե այն կողմ, այնքան էլ մեծ բան չէր նշանակում:

Նշենք, որ դատարանում տրված այլ և նաև Նարեկ Հարթունյանի վկայություններով արդեն հաստատվել է, որ իրականում ոչ Գայանե Ստեփանյանը, ոչ Արմեն Գալստյանը որևէ չափի գումար բնակարանի համար չեն տվել: Իսկ ներկայումս անմեղ արտաքինով դատարանում վկայություն տվող բոլոր գնորդներն էլ իրականում կեղծ գնորդներ են, որոնք օգտագործվել են բնակարանի հետքը կորցնելու նպատակով:

Դատական հաջորդ՝ հուլիսի 12-ի նիստում դատարանը կրկին պետք է փորձի ապահովել Սևակ Արզարունու ներկայությունը, ինչը դժվար թե հաջողվի: Այս դեպքում դատարանում վերջապես կխոսի Խուդյանի ընկերությունը սնանկացման տանելուն օժանդակած ամբաստանյալ Էդուարդ Եսայանը:

Նշենք, որ Հարթունյանի կողմից դատարանում տված ցուցմունքը պետք է, որ կարևոր լինի նաև ՊԵԿ-ում այս պահին քննվող Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ հարուցված գործի համար, որն ի դեպ առայժմ պարզ չէ, թե ինչ ընթացք է ստանում:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter