Հարուցվել է քրգործ՝ շուրջ 20 մլն դրամ հափշտակելու փաստի առթիվ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:
Առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիսին կնքվել է պայմանագիր՝ բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Ըստ նյութերի՝ կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել