HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում մեկնարկել է «Դուետ» միջազգային թատերական փառատոնը

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պատմվածքի հիման վրա գրված ներկայացումը գյումրեցի հանդիսատեսի դատին հանձնվեց «Դուետ» միջազգային փառատոնի երկրորդ օրը՝ հուլիսի 2-ին: Երազում, արդեն 3-րդ տարին է, հանդիպում են երկու սիրահարներ, որոնք իրական կյանքում այդպես էլ փնտրում ու չեն գտնում միմյանց: Տղամարդն ամեն անգամ արթնանալով մոռանում է իր երազի սիրելիին, իսկ կինն իրական կյանքում ամենուր, սրճարանի անձեռոցիկին, հատակին, պատերին գրում է այն մոգական բառերը, որը կարդալով պիտի իրեն գտներ սիրած տղամարդը՝ «Երկնագույն շան աչքեր»:

Բեմադրիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Միքայելյանի առաջին գործն է սա: Ներկայացումը, որպես կուրսային աշխատանք ներկայացվել է մոտ 5 ամիս առաջ: Փառատոնին մասնակցելու համար կնոջ դերակատարման համար Արսենը որոշել էր փոխել հերոսուհու դերակատարին եւ հրավիրել  թատրոնի երիտասարդ դերասանուհի Դիանայի Մացոյանին, իսկ տղամարդու դերում՝ Կարապետ Եղոյանն էր՝ բեմադրիչի համակուրսեցին:

«Փառատոնն իր մասշտաբով առավել պրոֆեսիոնալ մոտեցում էր պահանջում, դրա համար էլ պիտի ավելի լրջորեն մոտենայինք դերասանական կազմի ընտրությանը: Մինչ այդ ինչ արել էինք, փորձարարական տարբերակով էր, ու այդ ընթացքում էլ մի քանի անգամ կնոջ դերակատարուհին փոխվել էր: Մեր կուրսը դերասանա-ռեժիսորական էքսպերիմենտալ կուրս է: Ես սովորում եմ դերասանական ֆակուլտետում: Ինձ պարզապես թույլ էին տվել բեմադրություն անել 3-րդ կուրսում եւ սա իմ առաջին փորձն է»,-պարզաբանեց երիտասարդ բեմադրիչ Արսեն Միքայելյանը:

«Շատ լավ ներկայացում էր եւ հրաշալի գործ էր ընտրված,- խոսելով «Երկնագույն շան աչքեր» ներկայացման մասին՝ նկատեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը,- ես ուրախ եմ, որ փառատոնին մասնակցում են նաեւ երիտասարդ, սկսնակ արվեստագետներ, եւ դա շատ ողջունելի է: Նմանատիպ փառատոնները հետագայում կարող են նրանց առաջ լայն հնարավորություններ բացել»:

Իսկ հուլիսի 1-ին փառատոնի մեկնարկը տրվեց Լիոնել Գոլդշտեյնի «Սրճարան. «Կյանքը վարդագույն լույսի մեջ» կոմեդիայով: Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասաններ Ստանիսլավ Էվենտովի ու Անատոլի Կոտի անզուգական խաղը պարզապես գերել էր հանդիսատեսին: Երկու տղամարդ եւ մեկ կին: Հալպերն ու Ջոնսոնը 50 տարի սիրել են մի կնոջ՝ Ֆլորանսին: 50 տարի առաջ նրանցից մեկը դարձել է նրա ամուսինը, իսկ մյուսը՝ մնացել պարզապես ընկեր: Հալպերն ու Ջոնսոնը, ովքեր այդ տարիներին բոլորվին այլ կերպ են ընկալել ու ճանաչել միեւնույն կնոջը, հանդիպում եւ ծանոթանում են նրա մահվան օրը՝ գերեզմանոցում:

«Ես շտապել եւ կարծիք էի հայտնել, թե «Սրճարան. «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումով չէ, որ պիտի փառատոնը բացվեր,- խոստովանեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,- ես մի տեսակ մտավախություն ունեի, որ կարող է սյուժեն այդքան չհետաքրքրի հանդիսատեսին: Բայց փառք ու պատիվ գյումրեցիներին, հրաշալի դահլիճ էր եւ իհարկե ներկայացումը հետո թափ առավ ու կայացավ: Բնականաբար դժվար է ժամ ու կես պահել հանդիսատեսին դահլիճում, երբ բեմին ընդամենը 2 դերասան են ու գործողությունն էլ մի տեղ է կենտրոնացած, սական մոսկովյան դրամատիկական թատրոնի դերասանները փայլուն կերպով լուծեցին այդ խնդիրը: Ես մտածում էի սկզբում, որ այս ներկայացումը լիներ փառատոնի մեջտեղում կամ եզրափակեր այն, իսկ բացումն արվեր Գյումրիի թատերական խմբերից որեւէ մեկի ներկայացմամբ: Բայց հիմա արդեն կարող եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ էր արված»:

Հուլիսի 2-ին «Դուետ» փառատոնի շրջանակներում ներկայացվեց նաեւ «Փնտրվում է տղամարդ» ներկայացումն ըստ Քերոլ Ֆրեշետի «Ժան եւ Բեատրիս» պիեսի: Թեպետ անցել են սիրո եւ ռոմանտիկայի ժամանակները, սակայն դա չի խանգարում ներկայացման հերոսներին լինել անվերջ որոնումների մեջ: Զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում, առանց հուսահատվելու խաղում է չապրած զգացմունքները: Իսկ սկզբունքային Ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում է իր միանձնությունն ու բացարձակ ազատությունը: Ներկայացումը փսիխոդրամա էր: Բեմադրությունը Լուսինե Երնջակյանինն էր,  Բեատրիսի դերում՝ Լուիզա Ներսիսյան, Ժանի կերպարը մարմնավորել էր Արշալույս Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Amal
Hrashali xaghacin Karon u Dianan. bravo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter