Արմեն Աշոտյան. «Այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում»
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում»:
Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում: «Հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական և բովանդակային փոփոխություների արդյունքում: Իհարկե, առկա խնդիրները շուտափույթ լուծման կարիք են պահանջում, և նախարարությունն առաջարկում է արդեն այսօրվանից հաջորդ տարվա ընդունելության քննությունների համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել՝ երկրորդ փուլին մասնակցելու համար:
Նախարարը նաև ռեկտորներին առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: «Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաև Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի և ճանաչելի կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ»,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բուհական ընդունելության քննությունների ցանկի վերանայման հարցով ևս բուհերի ղեկավարները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն: Արմեն Աշոտյանը նաև ներկաներին տեղեկացրել է, որ պատրաստվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համապատասխան փաթեթ, որը կուղարկվի բուհերին՝ կարծիքի:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է:
Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը:
Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել