Հաղթանակ` պետության հեղինակության հաշվի՞ն
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական միջոցների ծախսման արդյունավետության վերաբերյալ հրավիրած իր վերջին հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավորդ դատախազին հրահանգեց ուսումնասիրել Վերահսկիչ պալատի 2012 թ. գործունեության հաշվետվությունը և հայտարարեց, որ պետբյուջեի 700 մլրդ դրամը «լափելու» հետ կապված պնդումները հեքիաթներ են: Դատախազությունը, ԱԺ նախագահից ստանալով այդ հաշվետվությունը, խորհրդակցության հենց հաջորդ օրը դիմեց ՎՊ-ին` ներկայացնելու հաշվետվության մեջ արվող պնդումների համար հիմք հանդիսացած նյութերը: Կասկած չկա, որ դատախազությունը հենց այդպես էլ կանի, թեև չի բացառվում, որ մեկ-երկու փոքր քրեական գործեր կհարուցվեն` ցույց տալու համար, որ ՎՊ-ի հայտնաբերած խախտումները անհետևանք չեն մնում:
Դատախազությանն ուղղված հրապարակավ նման հրահանգն, իհարկե, վտանգավոր է, որովհետև Սահմանադրությամբ կազմելով արդարադատության համակարգի, դատական իշխանության անքակտելի մասը, այն իր գործողություններում պետք է լինի ազատ, կամ կախված բացառապես օրենքից: Նման մոտեցումը նշանակում է անցնել ոչ միայն դատախազության և Վերահսկիչ պալատի, այլ նաև Սահմանադրության վրայով:
Այն, ինչ սովորաբար արվում է ներքին կարգով, վարագույրի հետևում, արվեց հրապարակավ, բոլորի աչքի առաջ: Չի կարելի բացառել որ նախագահը պարզապես փորձում էր ասել, որ ՎՊ նախագահի հայտարարությունները թվում են չափից դուրս անիրական և, իր գնահատմամբ, պարունակում են որոշակի քաղաքական ու անձնական թաքնված միտումներ: Հետևաբար ճիշտ կլինի, եթե դատախազությունն ուսումնասիրի այդ փաստաթուղթը և հանրությանը ներկայացնի` որքանով են դրանում արված պնդումները հիմնավոր կամ անհիմն: Եթե հիմնավոր են, ուրեմն պետք է համապատասխան ընթացքներ ստանան: Եթե այդպես է, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ ՎՊ-ի հաշվետվությունը թևակոխել է բոլորովին նոր, իրավական հարթություն: Բայց այդ դեպքում առնվազն անհասկանալի է` ինչու են ՎՊ-ի թիրախում հայտնված գերատեսչությունների ղեկավարները, մասնավորապես կրթության և գիտության, ֆինանսների, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարները, ջերմեռանդորեն սկսել հանդես գալ մամլո ասուլիսներով` ընդամենը նրա համար, որ ՎՊ-ին «սխալ հանեն»:
Քաղաքաշինության նախարարն անգամ այս հարցում այնպիսի ինքնամոռացության է տրվել, որ նույնիսկ կասկած է հայտնում քաղաքաշինությունն ու շինարարությունը միմյանցից տարբերելու ՎՊ մասնագետների կարողությանը: Եվ դա այն դեպքում, երբ մինչև նախագահի հրավիրած խորհրդակցությունը նույն այս մարմինները նույն ջերմեռանդությամբ լռում էին անգամ հնչած մեղադրանքներին պատասխանելու` վարչապետի տված հանձնարարությունից հետո:
Կարծես նոր միայն հրապարակվեց այդ հաշվետվությունը և նոր միայն նրանք հայտնաբերեցին, թե դրանում որքան հեքիաթներ կան իրենց ոլորտների մասին: Ակնհայտ է, որ հակասական այս պահվածքը պայմանավորված է ընդամենը մեկ հանգամանքով` անորոշությամբ. նրանք պարզապես չգիտեին` ինչպես է այդ հաշվետվությանը տրամադրված երկրի նախագահը, ինչ սպասել նրանից: Եվ երբ վերջինս հստակ հասկացրեց, որ կառավարությանը և վարչապետին «հանձնելու» տրամադրվածություն չունի, ՎՊ-ին «մորթազերծ անելուն» պատրաստ դանակավորներն սկսեցին շատանալ: Սա այլ կերպ, քան ՎՊ-ի նկատմամբ ճնշումները մեծացնելուն, այդ մարմնի նշանակությունը նսեմացնելուն ուղղված մասշտաբային քաղաքական-քարոզչական արշավ, չի կարելի համարել:
Բայց գլխավորապես ասուլիսային այս արշավանքը դատախազությանն ուղղորդելու ենթատեքստ ունի, որով փորձում են անուղղակիորեն բացատրել, թե ինչ չափով է անհրաժեշտ խատումներ հայտնաբերել, համապատասխան ոլորտներում և հաշվետվությունում ինչ չափով հեքիաթներ մատնանշել: Մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե դատախազությունում ուսումնասիրվող գործ կա, ինչի առնչությամբ առկա է նաև նախագահի ցուցումը, բոլորը պարզապես պետք է սպասեն դրանց արդյունքներին: Ինքնարդարացման այս ամբողջ ցուցահանդեսը, որն անխոս կառավարության նախաձեռնությունն է, ոչ միայն չի տեղավորվում առողջ իրավական պրոցեսի շրջանակում, այլ խորացնում է կասկածները հաշվետվության մեջ ներկայացված պատկերի իրատեսականության առումով:
Սերժ Սարգսյանին զայրացրել էր նաև խորրդարանում այդ հաշվետվության շուրջ քննարկումներին ԱԺ քաղաքական մեծամասնության, այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորների պահվածքն այն առումով, որ նրանք կառավարությանը պաշտպանելու փոխարեն, դեռ մի բան էլ միացել են ՎՊ-ի քննադատություններին: Եվ նա կրկին հրապարակավ սպառնաց հարցը բարձրացնել իր ղեկավարած կուսակցության քաղխորհրդի նիստում: Հիմա կամա թե ակամա կուսակցապետի առաջ զանցանք կատարած պատգամավորներն անորոշության մեջ վախվորած սպասում են, թե ինչ հետևանքն է ունենալու իրենց համար նախագահի զայրույթը:
Հարց է առաջանում` ինչու է մի խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել է ՀՀ նախագահի մակարդակով, բարձրացվում ԱԺ մեծամասնության և պատգամավորների պահվածքի հարցը: Դա ՀՀԿ-ի՞, թե՞ երկրի նախագահի կարգավիճակով հրավիրված խորհրդակցություն էր: Եթե կուսակցության ղեկավարի, ապա նման անդրադարձը հասկանալի է, բայց անհասկանալի է, թե նախ ինչու է այն հրավիրվում ՀՀ նախագահի նստավայրում և ինչպես է կուսակցության ղեկավարը հանձնարարություններ տալիս, օրինակ, գլխավոր դատախազին: Եթե, այնուամենայնիվ, նախագահի, ապա դժվար է հասկանալ, թե ինչպես է հնարավոր դառնում քննության առարկա դարձնել անկախ համարվող օրենսդիր մարմինը ներկայանցող պատգամավորների գործողություններն այն դեպքում, երբ, ըստ Սահմանադրության, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և առաջնորդվում է բացառապես իր խղճով ու համոզմունքներով:
Հարցն այն չէ, որ մեծամասնության պատգամավորները վաղուց արդեն ինքնուրույն ոչինչ չեն անում ու գրեթե բացարձակորեն կախված են երկրի նախագահի ու հիմա արդեն վարչապետի տրամադրություններից: Բայց այդ մասին հրապարակավ արտահայտվելը նշանակում է խոստովանել սահմանադրական նորմերը, իշխանության տարանջատման հիմնարար սկզբունքները չխախտելու, դրանցով չառաջնորդվելու իրողությունը: Ըստ էության` Սերժ Սարգսյանը համատեղել էր միաժամանակ երկրի նախագահի և կուսակցության ղեկավարի ֆունկցիաները, որով առաջին հերթին փորձ արեց ոմանց ապացուցել իր`իշխանություն ունենալու հանգամանքը:
Եթե անգամ ՎՊ-ի այս հաշվետվությանը նման արձագանքը հանգեցնի որոշակի արդյունքների, ակնհայտորեն դրա համար ընտրված մեթոդը ամենալավը չէ: Որովհետև, փաստորեն, ստացվում է, որ դա տեղի է ունենալու պետական միանգամից մի քանի հաստատությունների` դատախազության, Վերահսկիչ պալատի և պառլամենտի, միով բանիվ` պետության հեղինակությունը զոհաբերելու գնով: Եթե անգամ սա հաղթանակ է իշխանության համար, ապա միայն պյուռոսյան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել