HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ  Լիխոմանովը, առանձնահատուկ կարևորելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են հայատառ գրականության բազում հազվագյուտ հրատարակություններ, որոնց մի մասն իսկապես թանկարժեք ցուցանմուշներ են: Դրանց շարքում կան նաև 1630-1800 թթ. տպագրված գրքեր, որոնք բացակայում են նույնիսկ Հայաստանի գրադարաններում: Գրադարանի տնօրենը նշել է, որ Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդն այսօր ներառում է շուրջ 75 հազար միավոր գիրք:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Անդրեյ  Լիխոմանովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է գրադարանի կողմից ցուցադրության ներկայացված հազվագյուտ գրքերի նմուշներին, ապա այցելել գրադարանի հատուկ պահպանվող գրապահոց, որտեղ պատվավոր հյուրերի գրքում կատարել է գրառում: Քաղաքապետն իր գրառման մեջ մասնավորապես նշել է, որ հիացած է ազգային գրադարանում պահպանվող հայկական եզակի ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքով ու նաև լի է հպարտության զգացումով, որ նախնիները սերունդներին ժառանգել են այնպիսի արժեքներ, որոնք շարունակում են գնահատված մնալ մինչ օրս: Գրառում կատարելուց  հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի ազգային գրադարանին է նվիրել նաև Երևանի մասին լիարժեք պատմող գիրք և հույս հայտնել, որ այն կլրացնի գրադարանի հայկական ֆոնդը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter