
Սագի պես քայլող բադը նույն սագն է, կամ` ֆեոդալ ռուսը երկար մնաց հայի շալակին
Պատմությունը չի կրկնվում. կրկնեցնում է:
Ռուսաստանն այն միակ երկիրն է, որը միշտ եղել ու մնալու է ֆեոդալական. կոչվի այն ցարական, չեկիստական-բոլշևիկյան, խորհրդային, հետխորհրդային, նեո-չեկիստական, թե X-ական: Պարզագույն պատճառով` այս երկիրն այնքան մեծ, ամայի ու
բազմատարր է, ու այս երկրում այնքան անմեղ մարդու արյուն է թափվել, որ դեմոկրատական կառավարման անցման ցանկացած ՓՈՐՁ անգամ այս երկիրը մասնատել/մասնատելու է: Ուստի` այս երկիրը տրոհումից փրկելու ՄԻԱՅՆ մի միջոց գիտեն/ունեն. երկրի ստալինյան, նեո-ստալինյան կամ նմանատիպ կառավարում-երկաթե բռունցք. երբեմն ձեռնոց հագած, երբեմն` ոչ:
Այս երկիրն այնքան անկառավարելի, ոչ ամուր ու փոփոխական է, որ, օրինակ 1917 թ.-ին, դրսում բնակվող մի քանի ընտանիքի (ֆինանսական) օգնությամբ, Պետրոգրադում ընդհամենը մոտ 150 մարդ մի ամբողջ հեղափոխություն հաջողացրեց ու ցարին, ի վերջո, տապալեց: Ու, մինչև 1922 թ.-ը, մոտ 28 մլն ռուս կորցրեց կյանքը:
Ռուս մուժիկի աչքը վախեցած է. ու, ի վերջո, գտավ հիանալի միջոց. այն է` կողքի ազգերին իրար հետ կռվացնել, ապա որպես «անփոխարինելի հաշտարար» մտնել արանքը ու իրեն ապահով զգալ. ու եթե իրեն դեռ մի բան էլ հյուրասիրեն, սեղանին օղի դնեն ու կենացը խմեն, շատ ավելի լավ:
Ռուս մուժիկի (միշտ հումք արտահանող) երկրում 2 բան է միայն հերթով կատարվում. երբ հումքի (նավթ ու գազի) գինը բարձրանում է, զենք ու դիկտատուրա է կուտակվում, իսկ երբ գինը (կտրուկ) իջնում է` երկիրը փլուզվում-տրոհվում է, ինչպես որ ԽՍՀՄ-ի դեպքում եղավ: Դրանից հետո ռուս մուժիկի հոգում էլի սկսում է վեր բարձրանալ գուլագային մտածելակերպն ու նոստալգիան:
Ռուս մուժիկը վերջին 300 տարվա ընթացքում մի հոբբի ձեռք բերեց. զբաղվել հայի հողի առք ու վաճառքով. ու այն հատկապես կատարելագործեց ռուս-թուրքական առաջին պատերազմից հետո:
Իսկ ո՞վ քեզ իր հնացած-ժանգոտած զենքը ավելի էժան չտա, եթե քո երկրի տարածքը 50 տարով ՁՐԻ նվիրես իրեն/ իր զինվորին: «Անխելք» վրացին ու թաթար-ազերին, 300 տարի հետո, ի վերջո, ռուս մուժիկին դուրս վռնդեցին իրենց հողից: Ռուս մուժիկը սարսափած է. պիտի էլի անցնի իր փորձված հնարին` հայի հող շպրտի առաջները:
Ռուս մուժիկը նույնիսկ հայի «հեքիաթին» արդեն չի հավատում. նա զենք է տալիս և՛ քեզ, և՛ քո ոխերիմ թշնամի-հարևանին, որ իրար վրա «չհարձակվեք». նա «խաղաղություն» է սիրում: Պատկերացրեք ԱՄՆ-ն «Համասին» կամ «Հեզբոլլահին» հանկարծ նույնիսկ իր ամենահին զենքը վաճառեր ու շարունակեր մնար Իսրայելի «ստրատեգիական գործընկերը»: Հրեային չես խաբի: Իսկ հայի հոբբին կարծես խաբվելն է: Հիմա էլ հային օրը ցերեկով ուզում են նորից ու կրկին խաբել` ձևական-թղթային ՀԱՊԿ-ով ու նեո-կայսերական, քաղաքական ծուղակ ու գոյություն չունեցող ինչ-որ «Եվրասիական միությամբ»:
Գեշ տղամարդը իր սիրուն ու խելացի կնոջը պահելու միայն մի ձև գիտի. ամեն գնով կնոջն էլ գեշացնել և/կամ վերջինիս հավատացնել, թե առանց իրեն կնիկը «կորած է»: Հայի և ռուսի «ամուսնությունը» ճիշտ նույնն է:
Միշտ ֆեոդալական Ռուսաստանից հայը միայն պատմության ոտքերն է տեսել` ռուս մուժիկի սապոգների արանքից:
11-րդ կարմիր բանակն ու «Գազպրոմը» նույն սագն ու բադն են: Սագի պես քայլող ու կռկռացող բադը նույն սագն է:
Հային վտանգը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից է: Իսկ ինչու՞ Հայը պիտի լինի հակադիր ճամբարում: Ռուսի՞ համար:
Վարազ Սյունի
Ամստերդամ
02.07.2013
Մեկնաբանություններ (24)
Մեկնաբանել