Դանիացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանին բարձրացրել է 23 տեղով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաշվետու ժամանակահատվածում նախ պարտվել էր Մալթային՝ 0-1, ապա հաղթել Դանիային՝ 4-0: Այս վերջին հաղթանակի շնորհիվ էլ մեր թիմն առաջադիմել է 23 տեղով եւ այժմ 534 միավորով աշխարհում 66-րդն է:
Համաշխարհային ցուցակը շարունակում են գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, իրենց տեղը պահպանել են նաեւ գերմանացիները, երրորդ հորիզոնական են բարձրացել կոլումբացիները, իսկ արգենտինացիները նահանջել են 4-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Հոլանդիան, Իտալիան, Պորտուգալիան, Հորվաթիան, Բրազիլիան, Բելգիան: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո բարձրացել են 13 տեղով եւ հիմա 9-րդն են: Ընդհանրապես շատ անսովոր էր պենտակոմպեոններին տեսնել 10-ից կամ 20-ից ցածր հորիզոնականներում:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական B խմբի մեր մրցակիցներից, ինչպես երեւում է, լավագույնը Իտալիան է (6), առաջադիմել է 2 տեղով: Չեխիան նույնքան աստիճանով նահանջել է ու հիմա 26-րդն է, իսկ Դանիան 27-րդը՝ 7 տեղով նահանջելուց հետո: Բուլղարիան նույնպես հետընթաց է ունեցել 6 աստիճանով ու այժմ 52-րդ հորիզոնականում է: Մալթացիները Հայաստանի հավաքականի հանդեպ հաղթանակի շնորհիվ նույնպես առաջադիմել են 23 տեղով ու հիմա 133-րդն են:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից լավագույնը շարունակում են մնալ ռուսները (17), ապա ուկրաինացիներն են (28), ուզբեկները 58-րդն են, իսկ մյուս ընտրանիները զիջում են մեր հավաքականին:
Հայաստանի հարեւաններից լավագույնը Իրանն է (52), որին հաջորդում է Թուրքիան (57), Վրաստանը 98-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 117-րդը:
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի օգոստոսի 8-ին:
Լուս.՝ ffa.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել