
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»
Ռազմիկ Մարկոսյան
Վերջերս լայնորեն քննարկվող մի իրադարձություն ինձ հիշեցրեց այս խորհրդային կարգախոսը: Վաղուց ժամանակն է, որ մենք յուրովի ըմբռնենք այն: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին են վաճառվել նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զինատեսակներ:
Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանն այսօր տիրապետում է աշխարհի հզորագույն համազարկային-հրթիռային համակարգին: Աշխարհում ոչ մի զենք չի կարող մրցել դրա կործանարար հզորության հետ: Իր ավերիչ ուժով այն զիջում է միայն ատոմային ռումբին:
Այս իրադարձությանը զուգահեռ ակտիվացել են մեր խղճուկ քաղաքագետներն՝ իրենց ճապաղ բացատրություններով, թե կատարվածը սոսկ բիզնես է և չունի քաղաքական ենթատեքստ: Ստեղծված կացությունը ստիպեց ընթերցողին ներկայացնել մի հատված իմ անտիպ ինքնակենսագրական գրքից:
1974 թվականի հունվարի 20-ին Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) հանձնարարությամբ Ռազմիկ Զոհրաբյանը Լենինի հրապարակում, ի նշան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին և ներքին քաղաքականության դեմ բողոքի, ընկերոջ հետ միասին հրկիզեց պրոլետարիատի առաջնորդ Իլյիչի մեծադիր նկարը՝ այն ժամանակ, երբ Գրոմիկոն ժամանել էր Երևան՝ Հայաստանին ժողովրդների բարեկամության շքանշան հանձնելու: Ռազմիկը ձերբակալվեց, իսկ ընկերը դիմեց փախուստի և մինչ օրս համարվում է փախուստի մեջ: Դա նրա առաջին ու վերջին գործն էր ԱՄԿ-ում:
20-ական թվականներին՝ Խորհրդային Ռուսաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում, երբ երկիրը զոհն էր սովի ու անբերրիության, և դեռևս վերացված չէին տնտեսական ավերմունքը և օտարերկրյա հարձակումների հետևանքները, խորհրդային իշխանությունը հնարավորություն գտավ Թուրքիային ցուցաբերելու ֆինանսական, ռազմական և այլ կարգի օգնություններ:
Համաձայն 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական տխրահռչակ, հայակործան պայմանագրի՝ Թուրքիան Ռուսաստանից անհատույց ստացավ ոչ միայն հսկայական ֆինանսական ու ռազմական օգնություն, այլև լայնածավալ տարածքներ՝ այդպիսով պահպանելով Անդրկովկասը ճնշելու իր ազդեցությունն ու լծակները: Թուրքիային անցավ հայկական տարածքից 23600 ք.կմ: Նախիջևանն ու Արցախը բռնատրվեցին Ադրբեջանին: Այս մասին ազդարարում է պայմանագրի 5-րդ հոդվածը:
1920-22թթ. Քեմալ Աթաթուրքին Լենինը նվիրաբերել է 39000 հրացան, 17600 հրանոթային արկ, 327 գնդացիր, 63 մլն փամփուշտ, 147000 արկ, 100 մլն. ռուբլի՝ ոսկով (1-34 дакументы внешней политики СССР, том 3, стр. 675): Անկարայում խորհրդային իշխանությունները կառուցեցին բարութի երկու ֆաբրիկա: Միաժամանակ հատկացվեցին սարքավորումներ՝ փամփուշտի գործարանի, և հումք՝ փամփուշտ արտադրելու համար: Փոխանցվեց նաև 206,6 կգ ոսկե սալիկ, ինչպես նաև զգալի միջոցներ՝ ճակատում ծնողներին կորցրած երեխաների համար Թուրքիայում որբանոցներ կազմակերպելու նպատակով:
Այս ամենին զուգահեռ ընթանում էր մի այլ գործընթաց. Էնվեր փաշան, որը հայտարարել էր. «Առանց մի թուրք զինվորի կորստի ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին», Էնվերը, որը Թուրքիայի կողմից դատապարտված էր մահվան, իր համախոհներով 1920թ. սկզբներին Մոսկվայում արժանացավ Լենինի ընդունելությանը: Բոլշևիկները վարում էին հայտնի անձանց՝ «կարմիր Արևելքի» առաջնորդներին (որոնց սովորեցրել էին հեղափոխություններ անել), իրենց կողմը գրավելու քաղաքականություն:
Լենինի օրհնությամբ Էնվերը՝ օսմանյան կայսրության նախկին ռազմական մինիստրը, ստեղծում է «իսլամական հեղափոխությունների միություն», ինչը մուսուլմանական ինտերնացիոնալ հիշեցնող մի բան էր: Բոլշևիկների համար Էնվերը հարգելի և ցանկալի ընկեր էր, բայց Մոսկվայի հետ 1,5 տարվա սերտ համագործակցությունից հետո նա անցավ Կենտրոնական Ասիայի ապստամբների կողմը: Ընդդիմության կողմն անցնելուն պես նա անվանվեց անգլիական կառավարության վարձու գործակալ: Սակայն հայտնի անգլիացի մասնագետ Ֆիթրոհ Մակլին, ուսումնասիրելով Միջին Ասիան, գրեց, որ Էնվերն սկզբից ևեթ ծառայության մեջ է եղել գերմանական գլխավոր շտաբում:
Լենինի և Էնվերի եղբայրությունն ու նրանց գերմանական հետախուզական ծառայության առնչությունները թողնենք պատմաբաններին:
1922թ. Էնվերը սպանվեց Հակոբ Մելքոնյանի (Մելքումով) գլխավորած բանակների հետ կռվում: 1936թ. Մելքումյանը ճանաչվեց որպես ժողովրդի թշմանի և դատապարտվեց 20 տարվա կալանքի՝ Էնվերի հետ համագործակցելու կեղծ մեղադրանքով: Նա արդարացվեց 1956 թվականին:
Եվ ահա տասնամյակներ անց, ի նշան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին և ներքին քաղաքականության դեմ բողոքի, Ռազմիկ Զոհրաբյանը հրկիզեց Լենինի նկարը ու դատապարտվեց ազատազրկման: Առաջնորդի հրկիզված նկարի համար նա անազատության մեջ պետությանը պարտք էր 25000 ռուբլի: Այդ պարտքը պետք է մշտապես լարվածության մեջ պահեր Ռազմիկին: Թե՛ ճամբարում, թե՛ աքսորում իր աշխատած գումարներից առաջին հերթին պահվելու էր այդ պարտքի դիմաց:
Հ.Գ. 1975թ. Պերմի 35-րդ ճամբարում Ռազմիկ Զոհրաբյանը մի էսսե է գրել «Почему я поджег его», որը քաղաքական պայքարի մարտիկների կողմից համարվել է այդ տարվա լավագույն գրառումը՝ բոլոր ճամբարներում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել