HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեցուն դահլիճներ, երկարատեւ ու հոտնկայս ծափահարություններ «Դուետ» փառատոնի մասնակիցներին

Գյումրու բեմարվեստի «ԱրԱրտ» ստուդիայի «Չէ» ներկայացումը դիտելու համար հանդիսատեսը տեղավորվել էր ոչ թե դահլիճում, այլ հենց բեմի վրա: «Դուետ» փառատոնի նախագահ Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ, հանդիսատես-դերասան սերտ շփումն այս տարբերակն առավել լավ է ապահովում:

Մատուցման ձեւն առաջարկել էր բեմադրիչ Արտաշես Առաքելենցը: Հավանաբար, հաշվի էր առնվել նաեւ այն հանգամանքը, որ 2001թ. ստեղծված «ԱրԱրտ» ստուդիան գործում է հենց բեմադրիչի տանը եւ ներկայացումներն էլ ստուդիայի դերասանները խաղում են տան ընդարձակ մի սենյակում, որտեղ մոտ 30 հանդիսատես է տեղավորվում:

Պետեր Թուրինի «Վերջապես վերջ» ստեղծագործության հիման վրա գրված «Չէ» հոգեբանական դրաման, ինչպես խոստովանեց բեմադրիչը, նախնական տարբերակում եղել է մոնոդրամա՝ աղջկա կերպարը հետագայում է հայտնվել:

Գլխավոր հերոսը որոշում է հաշվել «մեկից» մինչեւ «հազարը» եւ ինքնասպան լինել: Սկսելով ճակատագրական հաշվարկը՝ նա վերապրում է ինչպես իր կյանքի, այնպես եւ հասարակության, աշխարհում կատարվող դրամատիկ ու զավեշտալի իրադարձությունները: Սենյակում հայտնված անսպասելի հյուրն անգամ չի խանգարում նրան հասնել մինչեւ «հազարը»:

«Ի դեպ, Պետեր Թուրինի ստեղծագործության հերոսը, ի վերջո, ինքնասպան է լինում: Երբ առաջին անգամ՝ 5 տարի առաջ, պիեսը խաղացվեց, մեզ մոտ էլ հերոսը ինքնասպան եղավ, բայց հետո հանդիսատեսի պահանջով ես վերջաբանը փոխեցի,-ասում է բեմադրիչ Արտաշես Առաքելենցը,- այս ներկայացմամբ մենք «Չէ» ենք ասում արատավոր ցանկացած երեւույթի»:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Արվեստների ակադեմիայում հուլիսի 3-ին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Վուդի Ալենի «Մահը թակում է դուռը» կատակերգությունը: Հայաստանի թատերական գործիչների միությունը փառատոնին որոշել էր մասնակցել այս ներկայացմամբ:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ «Մահը» որոշում է այցելել գործարար Նաթ Աքերմանին: Թվում է, թե վերջ, նորին մեծություն «Մահը» պետք է կատարի իր սեւ գործը: Սակայն պարզվում է, որ հաջողակ գործարարը, ով իր սեփական մահվան այցից ժամեր առաջ շատ հաջողակ մի գործարք է կնքել, ավելի հնարամիտ է, քան իր անսպասելի հյուրը:

«Մահն» ինքն էլ է խոստովանում, որ Նաթ Աքերմանն իր, այսպես կոչված՝ «առաջին գործն է»: Գործարարի եւ «Մահվան» մի քանի ժամյա շփումից հետո «Մահն» ինքն է արդեն ցանկանում ազատվել Աքերմանից, սակայն ապարդյուն: Բեմադրիչ Լիլիթ Մելիքյանին, դերասաններ Ամեն Մարգարյանին եւ Մարատ Խաչատրյանին հաջողվեց համոզել հանդիսատեսին, որ «Մահն» այնքան էլ «սարսափելի» չէ, որքան որ մարդիկ են պատկերացնում:

Նույն օրը երեկոյան Գյումրիի դրամատիկական թատրոնում ներկայացվեց Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» մելոդրաման: Բեմադրիչ Նարինե Գրիգորյանն հանդես էր գալիս նաեւ Աղջկա դերում, իսկ բժշկի դերակատարը Սերգեյ Թովմասյանն էր:

Ներկայացման հերոսուհին դժբախտ պատահարի հետեւանքով փոքր տարիքում կորցրել էր տեսողությունը եւ հիմա, երբ եկել է վիրահատության օրը, նրան պաշարել են հակասական ու ցավագին մտքեր: Աղջիկը մտածում է՝ տեսնե՞լ, թե՞ ավելի ճիշտ կլինի մնալ իր ներքին աշխարհում, ուր ապրել ու երազել է գրեթե 20 տարի: Սա ինչ-որ տեղ անավարտ սիրո մի պատմություն էր, որի վերջաբանը կարող էր հորինել ներկայացումը դիտած հանդիսատեսից յուրաքանչյուրն իր համար:

Ի դեպ, հունիսի 6-ից 13-ը Քիշնեւում կայացած ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների, Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների համաժողովում Հայաստանը ներկայացնող երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» բեմադրությունը զբաղեցրել էր 3-րդ տեղը:

Գյումրեցի հանդիսատեսը եւս ըստ արժանվույն գնահատեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվ. պետական թատրոնի դերասանների խաղը: Բուռն ու երկրատատեւ ծափահարությունները չէին դադարում դահլիճում, իսկ շատերը հուզվել էին արտասվելու աստիճան:

Առաջին լուսանկարում՝ «Չէ» ներկայացումից մի դրվագ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter